ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
2 սենյականոց բնակարան՝ 10 հոգանոց ընտանիքին

Գյումրեցի 72-ամյա Լիդա Հովհաննիսյանը հոգնել է արդեն բնակարան ստանալու համար թղթաբանություններից և գերադասում է կյանքի վերջին տարիներն անցկացնել Անտառավան թաղամասում գտնվող հին տնակում, որն արդեն 22 տարի է ծառայում է իրեն:
Հովհաննիսյանը երկրաշարժի ժամանակ միայնակ է ապրել իր մեկ սենյականոց բնակարանում, ժառանգներ չունի, ոչ էլ՝ հարազատներ։ Այժմ ապրում է կոմունալ վատ պայմաններում գտնվող մի տնակում իր 28 հազար դրամ թոշակով և 13 հազար դրամ նպաստով: Չի ուզում զբաղվել իր բնակարանի հարցով, քանի որ առողջապես թույլ վիճակում է գտնվում' ճնշումը միշտ բարձ է:
«Իմ տունս գերեզմաններն են, էլ ինչ գնամ հետաքրքրվեմ, այստեղ գոնե ծանոթ մարդիկ կան»,- ասում է տիկին Լիդան:
Հարևանները պատմում են, որ տիկին Լիդան ոչ մեկին չի անհանգստացնում, իր համար հեռուստացույց է նայում, շներին է կերակրում, անգամ բարեգործական ճաշարան չի գնում, քանի որ շատ հպարտ կին է:
Հովհաննիսյանի հարցերով պետական կառույցները չեն հետաքրքրվում, քանի որ բնակարան ստանալու համար մարդիկ անձամբ պետք է գնան ու զբաղվեն թղթաբանությամբ, բայց ոչ միշտ է, որ այդ հարցերով զբաղվող մարդիկ գոհ են լինում արդյունքներից:
51-ամյա Վազգեն Հակոբյանը երկրաշարժի ժամանակ կորցրել է 4 սենյականոց բնակարան, բայց նրան ասում են, որ օրենքով հասնում է 3 սենյականոց բնակարան, քանի որ ընտանիքում անձերի թիվը 5 է և ոչ՝ 6:
Հակոբյանն անիմաստ է համարում վիճելը, քանի որ իր ներկայացրած ոչ մի փաստաթուղթ հաշվի չեն առնում: Գերադասում են հանգիստ սպասել սեպտեմբերին ստանալիք 3 սենյականոց բնակարանին:
Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը www.hra.am -ին հայտնեց, որ Գյումրիում կա մոտ 40 նման թաղամաս։ Մոտ 6500 տնակային տնտեսության գոնե կեսին տներով ապահովվելու հարցն այդպես էլ լուծված չէ:
1999թ, ՀՀ կառավարության 402 որոշմամբ հաստատված կարգով բնակարանները հատկացվում են՝ ըստ անձերի քանակի, եթե կորցրած բնակմակերեսը մեծ է եղել։ Եթե անձերի քանակը շատ է ու ժամանակին նրանք ունեցել են օրինակ՝ 2 սենյականոց բնակարան, ընտանիքին հասնում է 2 սենյականոց բնակարան, եթե ընտանիքի անդամների թիվը պակասել է, պակասում է նաև սենյակների թիվը:
Մեծ ընտանիքների կեսը որպես կանոն տեղափոխվում է նոր կառուցված բնակարան, իսկ մյուս կեսը շարունակում են բնակվել տնակներում՝ ՀՀ կառավարության ընդունած հայեցակարգի համաձայն: Իսկ տնակների հիմնական մասը կենցաղային վատ պայմաններում են գտնվում։
Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության բաժնի պետ Ալբերտ Մարգարյանը www.hra.am -ին հայտնեց, որ իրենք ճիշտ են համարում բնակարանների բաշխման վերոնշյալ մեխանիզմը, քանի որ փաստացի բոլորն էլ բնակարան ստանում են, անգամ եթե 2 սենյականոց բնակարանի վրա գրանցվում են օրինակ 10 հոգի:
Մարգարյանի հաղորդմամբ՝ 1988թ. երկրաշարժից հետո 22 հազարից ավելի բնակարան էր փլվել, որոնցից 20 հազարը միայն Գյումրիում: Դրանից հետո Գյումրիում կառուցվել է 18 հազար բնակարան և այդ թվում տրվել է մոտ 5 հազար վկայագիր (վաուչեր՝ բնակարան ձեռք բերելու համար):
2 տարի առաջ 1056 բնակարան է կառուցվել ու տրվել մարդկանց։ Հերթացուցակում մնացել է 3200 ընտանիք, որոնցից 1756-ը այս տարվա սեպտեմբերին կապահովվի բնակարաններով:
«Կմնա մոտ 1000 ընտանիք, ովքեր բնակարանի կարիք կունենան, բայց այդ թիվը միտում ունի պակասելու, քանի որ կան մարդիկ, ովքեր դուրս են գրվել ու մեկնել են Հայաստանից: Բացի այդ, գյուղական բնակավայրերում 466 անօթևան ընտանիք ունենք։ Ամենաշատ շահառուներն ունեցող Ախուրյան համայնքում, որտեղ կա 182 ընտանիք, արդեն սկսվել են շինարարական աշխատանքները և հայտնի են 64 շահառու ընտանիքները»,- www.hra.am -ին հայտնեց Մարգարյանը:
Նա նաև ասաց, որ իրենք չեն կարող պատասխանատվություն կրել այն ընտանիքների համար, որոնք երկրաշարժի տարիներին վարձով են բնակվել կամ սեփականություն չեն ունեցել:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը' www.hra.am
