Ծնողները չեն հավատում, որ իրենց տղան կարող էր ինքնասպան լինել

Զինծառայող Տիգրան Համբարձումյանի մահվանից անցել է 14 օր, բայց դեռ ոչ ոք չի ձերբակալվել։ Տիգրանի ծնողները վստահ են, որ փոքրիկ զորամասում բոլորն էլ տեղյակ են նրա մահվան իրական պատմությանը, բայց ոչ ոք ձայն չի հանում:

Դեպքը տեղի է ունեցել 2011թ. հունիսի 28-ին: Նույն օրը Տիգրանը տուն է զանգահարել ժամը 12-ին, խոսել է սովորականի պես, խնդրել է հեռախոսը լիցքավորել: Հետո Տիգրանի ծնողներին զանգել են զորամասից և հայտնել, որ  նրանց տղան փախել է։

Հունիսի 29-ին,երբ ծնողները աղմուկ են բարձրացրել, 15 րոպեից  զորամասից հայտնել են, որ գտել են Տիգրանին մահացած վիճակում զորամասից  50մ հեռավորության վրա'ձեռքերը գետնին, գլուխը ձեռքերի վրա, կտրած ձեռքով։ Ասել են՝ կենդանին հոշոտել է դին, ինչի պատճառով  չեն թողել ծնողներին մոտենալ դիակին ու այն հանձնել են փակ վիճակում:

Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով'անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու համար, սակայն մինչև այսօր պարզ չեն դատաբժշկական փորձաքննության տվյալները, հայտնի չեն մեղավորները:

Մեկուկես տարի առաջ Տիգրան Համբարձումյանը բանակ էր զորակոչվել Արարատի մարզից։ Նա 2 տարի սովորել էր ԵՊՀ  միջազգային  հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման հեռակա բաժնում։ Մի քանի ամիս էր մնում զորացրվեր, որից հետո շարունակելու էր ուսումը։

Տիգրանի ինքնասպան լինելու լուրին չի  հավատում Արարատի մարզի Նորաբաց գյուղի ոչ մի բնակիչ, ով ճանաչել է նրան:

«Բոլորը կանգնեն ինձ չեն կարող ապացուցել, որ իմ էրեխեն ինքնասպան է եղել: Գոնե իմանանք, թե ով է արել, բա ես չիմանա՞մ ինչի համար ու ո՞վ է սպանել իմ տղուն»,- ասում է Տիգրանի հայրը՝ Բենիկ Համբարձումյանը:

Մայրը' տիկին Անահիտը պատմում է, որ հունիսի 28-ին՝ դեպքի օրը, խոսել է որդու հետ. Տիգրանն ունեցել է շատ լավ տրամադրություն. «Չեմ հասկանում 2 ժամվա մեջ այդ ի՞նչ փոխվեց, որ ինքը որոշեց ինքնասպան լինել»։

Տիգրանի ընկերները, ովքեր հիմնականում իրենից 3-4 տարի մեծ են, ևս պնդում են, որ իրենց ընկերը միշտ եղել է հավասարակշռված։  

«Ամեն զանգելուց ասում էր մամ ջան, իրեն բնորոշ ջանով, ես կգամ Արթուրի' մեծ եղբոր հետ թև ու թիկունք կլինենք պապային, կօգնենք, երկու ամսից ախպորս կպսակենք,  2 տարի հետո էլ ես կպսակվեմ ու ամեն ինչ լավ կլինի»,- արցունքներն աչքերին հիշում է Տիգրանի մայրը։ 

Ընդհանուր առմամբ՝ Տիգրանը չի բողոքել իր  բանակային կյանքից, խնդրել է մասնագիտական գրականություն ուղարկել այնտեղ. միայն երբեմն-երբեմն ասել է, որ լարված հարաբերությունների մեջ է շտաբի պետի՝ Արսեն Ոսկանյանի հետ։ 

«Ոսկանյանին մի 15 րոպե եմ տեսել ու ինքն անընդհատ խուսափում էր մեզնից, հայրը ընդհանրապես չի հանդիպել հետը»,- պատմում է տիկին Անահիտը:

Տիգրանի մահվան օրը  զորամասի գումարտակի ղեկավարը գործուղղման է եղել, և նրա պարտականությունները դրված են եղել հենց շտաբի պետ Արսեն Ոսկանյանի վրա։

Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը շարունակում է գործի քննությունը։

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը' www.hra.am