ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Օրհուսի կոնվենցիայի իրականացումը Հայաստանում. ձախողու՞մ, թե՝ առաջընթաց

Մի շարք ՀԿ–ներ մտահոգված են, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հիմնականում ձախողել է Օրհուսի կոնվենցիայի պահանջների իրականացումը, իսկ Կոնվենցիայի ազգային համակարգող Աիդա Իսկոյանը պնդում է՝ «մենք գնում ենք առաջ»։
Վերջերս 28 հասարակական կազմակերպություններ տարածեցին հայտարարություն՝ «Օրհուսի կոնվենցիան Հայաստանում՝ ձախողված իրադրություն» վերնագրով՝ փաստելով, որ ՀՀ կառավարությունը «հիմնականում ձախողել է Կոնվենցիայի պահանջների իրականացումը»։
«Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան անիծել խավարը»,– քննադատողներին այսպես է պատասխանում Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Աիդա Իսկոյանը՝ պնդելով, որ թեև խնդիրներ ու անելիքներ շատ կան, սակայն «մենք գնում ենք առաջ»։
«Պետք չէ անտեսել դրական փոփոխությունները։ 10 տարի առաջ և հիմա պատկերը բոլորովին այլ է։ Օրհուսի Համապատասխանության կոմիտեն Կոնվենցիայի դրույթների չիրականացման համար առաջարկել էր Ուկրաինային և Ղազախստանին տալ նախազգուշացում, որը հաստատեց Օրհուսի կոնվենցիայի կողմերի խորհրդակցությունը:
Իսկ Հայաստանը մինչ օրս չունի ոչ մի նախազգուշացում, ավելին՝ Հայաստանի կողմից ներկայացված ազգային զեկույցը կոնվենցիայի դրույթների իրականացման վերաբերյալ գնահատվել է դրական` Արևմտյան Եվրոպայի երկրներին հավասար,– ասում է Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի համակարգողը,– իսկ այն, որ ՀԿ–ները հայտարարություն են գրել և բողոքել են՝ շատ լավ է։ Դա նշանակում է, որ ՀԿ–ները իրազեկ են Օրհուսի կոնվենցիայի դրույթներին, ու գիտեն՝ ինչպես հարցը դնել և պաշտպանվել»,– ասում է Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի համակարգողը։
Օրհուսի կոնվենցիան Հայաստանում. 10 տարի անց
Հայաստանի Հանրապետությունը «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» (Օրհուսի) կոնվենցիան ստորագրել է 1998թ. և վավերացրել՝ 2001թ.։
«Օրհուսի կոնվենցիան միակ կոնվենցիան է, որը սահմանում է պետության պատասխանատվությունը ոչ թե կոնվենցիայի մյուս կողմերի նկատմամբ, այլ պետության պատասխանատվությունն իր հասարակության առջև՝ տեղեկատվություն տրամադրելու, որոշումների կայացման գործում հանրության մասնակցությունն ապահովելու և արդարադատության մատչելիություն ապահովելու հարցում»,– ասում է Աիդա Իսկոյանը։
ՀԿ–ների տարածած հայտարարությունը բաժանվել է նաև հունիսի 29-ից հուլիսի 1-ը Կոնվենցիայի անդամ պետությունների Քիշինևում կայացած հանդիպման մասնակիցներին։ Հանդիպմանը Սոնա Այվազյանը հայտարարել է, որ հայաստանյան ՀԿ–ները համաձայն չեն այն ձևակերպման հետ, որ Հայատանը արձանագրել է առաջընթաց նախորդ որոշման իրականացման ուղղությամբ։

«Ոչ միայն առաջընթաց չի արձանագրվել, այլև նախորդ որոշման իրականացման ուղղությամբ ոչ մի քայլ չի եղել»,– ասում է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանը։ Նա պնդում է, որ կոնվենցիայի կատարումը ձախողվել է, քանի որ «կարելի էր շատ ավելին անել, որը չի արվել»։
Աիդա Իսկոյանի կարծիքով՝ կոնվենցիան պետք է գնահատվի երկրի տնտեսական և սոցիալական զարգացման համատեքստում՝ հաշվի առնելով, որ երկիրը գտնվում է անցումային շրջանում։ Նա Օրհուսի կոնվենցիայի իրականացման գործընթացում «ձախողում» տերմինը չկա.«Կարելի է ասել, որ կողմը «չի պահպանել նորմերը» կամ «մասնակի է պահպանել», բայց «ձախողում» տերմինը չկա»։
ՀԿ–ները Կոնվենցիայի պահանջների իրականացման ձախողումների շարքում նշել էին նաև հենց այն, որ «չի ձեռնարկվել մի շարք անհրաժեշտ քայլեր' ապահովելու կոնվենցիայի հիմնադրույթների' տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացում հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության պատշաճ կիրարկումը»։
«Հանքավայր բացելու հարցը չեն քննարկում բացելուց առաջ, այլ բացելուց հետո նախագիծն են քննարկում։ Դա ոչ մի կերպ չի կարող համարվել Կոնվենցիայի իրականացում։ 2000 թ.–ից ի վեր որոշումներն այդպես են կայացվում, և եթե անգամ լինում է հասարակական քննարկում, դրանից երբևիցե որոշում չի փոխվում, որովհետև որոշումներն ընդունված են լինում արդեն»,–ասում է Սոնա Այվազյանը։
Աիդա Իսկոյանը նշում է. «Օրինակ՝ Թեղուտի գործով հասարակական կազմակերպությունները ասում են՝ ինչո՞ւ լիցենզիա տրամադրելիս մեզ տեղյակ չեն պահել։ Հայտնի է, որ ազգային օրենսդրության մեջ նման պահանջ չկա, բայց, որպես համակարգող, հարցումներ եմ արել նախարարություններին, վարչության պետերին, թե լիցենզիա տրամադրելիս հանրային լսումներ անո՞ւմ են, թե՝ ոչ, հետո նոր պատասխանել եմ Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեին, որ մեր օրենքով նման բան նախատեսված չէ։ Չմոռանանք նաև, որ 2000թ. Օրհուսի կոնվենցիան դեռևս ուժի մեջ չէր մտել և «Ընդերքի մասին» նոր օրենսգիրքը ընդունվեց 2002–ին»:
Օրհուսի ազգային համակարգողը համամիտ է ՀԿ–ների հետ, որ արդարադատության մատչելիության առումով վիճակը դեռ բավարար չէ։ Կոնվենցիան հղում է անում ազգային օրենսդրությանը, իսկ մեր օրենքներով իրավական մեխանիզմները և ընթացակարգերը հստակ ձևակերպված չեն։ Այդ պատճառով Օրհուսի Համապատասխանության կոմիտեն Հայաստանի առջև խնդիր է դրել մինչև 2012թ ապրիլի 1-ն ունենալ պատշաճ օրենք։
«Մենք պետք է աշխատենք, որ մեր օրենսդրության մեջ կատարվեն Օրհուսի կոնվենցիայից բխող անհրաժեշտ փոփոխություններ։ Սակայն այդ փոփոխությունները պետք է զուգորդվեն ինչպես գիտական հիմնավորվածությամբ, այնպես էլ հասարակության ակտիվ և արդյունավետ մասնակցությամբ»,– ասում է տիկին Իսկոյանը։
«Իսկ ի՞նչն է խանգարել այս 10 տարիների ընթացքում կատարել այդ փոփոխությունները» հարցին Ա. Իսկոյանը տվեց ընդհանրական պատասխան. «Օրենսդրական փոփոխություններ տեղի են ունենում, սակայն ամբողջ հարցը այդ գործընթացի շրջանակների և բովանդակության մեջ է և, իհարկե, այդ գործընթացի վրա իր ազդեցությունն ունի իրավակիրառ պրակտիկան»։
Ա. Իսկոյանի խոսքերով՝ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը միակ երկիրն է, որ ունի Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոն, իսկ տարածաշրջանում միակ երկիրն է, որտեղ դասավանդվում է էկոլոգիական իրավունք, եվրոպական էկոլոգիական իրավունք և Օրհուսի կոնվենցիայի դրույթները։ Ա. Իսկոյանը կարևորում է այն, որ կենտրոնը սերտորեն համագործակցում է Ազգային ժողովի հետ։
«Ազգային ժողովի բնության պահպանության և գյուղատնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը միշտ մեր մասնագետներին հրավիրում է նախագծերի քննարկմանը և նախագծերը, օրենքի փոփոխությունների փաթեթները ուղարկում է փորձագիտական կարծիք ստանալու համար»,– նշում է նա։
Աիդա Իսկոյանի կարծիքով՝ մեր երկրում համեմատաբար լավ վիճակ է տեղեկատվության մատչելիության առումով, թեև երբեմն տեղեկատվության տրամադրման անհիմն մերժումներ լինում են։ Նրա համար ավելի ընդունելի է, որ հանրության համար բաց տեղեկատվությունը լիազոր մարմինը հավաքագրի և հրապարակի իր կայքերում կամ այլ կերպ, ինչպես ամրագրված է Օրհուսի կոնվենցիայի 5-րդ հոդվածով։
ՀԿ–ները դժգոհում են նաև հանրային լսումների կազմակերպման գործընթացից։ «Հասարակական քննարկումների մասին կայքում տեղեկատվություն են դնում դրանից մի քանի օր առաջ, Օրհուս կենտրոնի կայքում չեն տեղադրում քննարկվող փաստաթղթերը։ Եվ նման սեղմ ժամկետներում լսումներ կազմակերպելը պարզապես իմիտացիոն բնույթ է կրում»,– ասում է Սոնա Այվազյանը։
Օրհուսի կենտրոնների ստեղծումը կոնվենցիայով պարտադիր չէ, սակայն Հայաստանում բացվել են 15 կենտրոններ։
«Շատ տպավորիչ թիվ է և այդ կենտրոնները, ճիշտ է, կարող են խթանել կոնվենցիայի դրույթների կատարումը, բայց շատ քիչ բան են արել։ Այն, որ Հայաստանում 15 կենտրոն է գործում, չի նշանակում, որ ՀՀ կառավարությունն իրականացնում է կոնվենցիան»,– ասում է Սոնա Այվազյանը։
Նրա խոսքերով՝ շատ քիչ դեպքերում է ՀԿ–ներին հաջողվում ինչ–որ բան փոխել, որովհետև որոշումներն արդեն կայացված են լինում. «Եղել են դեպքեր, երբ պայքարել ենք, ակցիաների, քարոզարշավի արդյունքում որոշումը փոխվել է, բայց Կոնվենցիան չի ասում, որ ՀԿ–ները պետք է պատեպատ իրենց տան, որ որոշում փոխեն»։
Հասարակական կազմակերպությունները հայտարարության մեջ նշում են, որ կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների ճնշող մեծամասնությունը կատարվել է ոչ թե պետության կողմից, այլ հասարակական կառույցների կողմից՝ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ և/կամ նախաձեռնությամբ։
«Ինչ է, վա՞տ է, որ ՀԿ–ների կողմից ինչ–որ բան է արվում։ Բա ինչի՞ համար են ՀԿ–ները, որ տեսնեն սխալ որոշում է կայացվել, վրիպում է եղել, ահազանգեն, ճնշում գործադրեն, որպեսզի նպաստեն օրենքի պահանջի կատարմանը։ Պայքարեցին՝ Գիլանը նորից դարձավ արգելոց։ Պետությունը հաշվի է առնում ՀԿ–ի կարծիքը։ Շատ դրական է, որ ՀԿ–ներն ակտիվ մասնակցում են։ Ինչքան ակտիվ լինեն, այդքան պետությունը, լիազորված մարմինը զգոն կլինի»,– կարծում է Աիդա Իսկոյանը՝ ավելացնելով, որ ՀԿ–ները և՛ պետք է աջակցեն պետական մարմիններին, և՛ «հսկող աչքի» դեր կատարեն, որ որոշում կայացնողները հետևեն օրենքի պահանջների կատարմանը։
Ներկայում Օրհուսի կոնվենցիայի շրջանակներում Աիդա Իսկոյանը Հայաստանի գերխնդիրը համարում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքի բարեփոխումը և կոչ է անում մյուս հասարակական կազմակերպություններին իրենց քննադատելուց զատ առաջարկություններ մշակել և ներկայացնել օրենքն ավելի լավը դարձնելու համար։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
