Սյունիքի մարզի 115 դպրոցներից միայն 3–ում է իրականացվում ներառական կրթություն

Սյունիքի մարզի Դարաբարս գյուղում ապրող 5-ամյա Գալինայի ծնողներն ուզում են, որ երեխան կրթություն ստանա, բայց մանկական կաթված ունենալու և գյուղում ապրելու պատճառով Գալինան զրկված է այդ իրավունքից:

Սյունիքի մարզում արդեն կան ներառական դպրոցներ, բայց Գալինան և տասնյակ իր պես երեխաներ չեն կարողանում սովորել այդ դպրոցներում, քանի որ ունեն տեղաշարժվելու խնդիր: Սյունիքի մարզում ընդամենը 95 հաշմանդամություն ունեցող երեխա է այսօր կարողանում օգտվել իր կրթություն ստանալու իրավունքից։

Սյունիքի մարզում ներառական կրթություն իրականացնող 3 դպրոց կա, որոնցից մեկը գտնվում է Սիսիանում (Դարաբարսից Սիսիան 1 ժամվա ճանապարհ է)։  Գալինայի մայրը՝  Հասմիկ Հովվհաննիսյանն ասում է, որ չի կարող ամեն օր երեխային տանել քաղաք, քանի որ ունի առողջական խնդիրներ, իսկ տանը բացի իրենից ուրիշ օգնող մարդ չկա, ամուսինն էլ աշխատում է Ռուսաստանում:

«Առաջ հասցնում էի զբաղվել հետը՝ պետությունները գիտեր մայրաքաղաքներով, հաշվում էր, այբուբեն գիտեր, անգիրներ էի սովորեցնում, ռուսերեն էինք պարապում, բայց հիմա չեմ հասցնում զբաղվել, ինքն էլ ամեն ինչ մոռացել է»,- ասում է Հասմիկը։

Սիսիանում ներառական կրթություն է ստանում 19 աշակերտ

 «Բոլորին թվում է, որ ես քիչ բան կարող եմ անել: Բայց դա այդպես չէ: Կան որոշակի ֆիզիկական գործողություններ, որոնք իրոք ես չեմ կարողանում կատարել: Ես ինքնուրույն հագնվում եմ, դասավորում իրերս, հագնում կոշիկներս: Օգնում եմ մայրիկիս: Միասին աղցաններ և ճաշեր ենք պատրաստում: Բայց ես չեմ կարողանում կապել կոշիկի քուղերը կամ ասեղ թելել: Սակայն դա ինձ չի կոտրում: Կյանքում կան շատ ավելի կարևոր բաներ, օրինակ մարդկային հարաբերություններ ստեղծելը»,- սա մի հատված է ներառական կրթություն ստացող Հայկ Վարդանյանի շարադրությունից. նա սովորում է Սիսիանի թիվ 3 դպրոցում։ Քանի որ բնակվում է Սիսիանում՝ ի տարբերություն Գալինայի, նա կարողանում է հաճախել համապատասղան դպրոց ու կրթություն ստանալ:

Հայկն ինքնուս սովորել է իսպաներեն, որով հաղորդակցվում է մեծ քրոջ հետ, երբ ուզում է թաքուն բաներից խոսել, ցանկանում է դառնալ դերասան ու տխրում է, որ Սիսիանում նման խմբակ գոյություն չունի:

Սիսիանի թիվ 3 դպրոցում ներառական կրթություն է իրականացվում 19 երեխաների հետ։ Դպրոցի տնօրեն Նաիրա Ներսիսյանի խոսքերով՝ երկար նախապատրաստական աշխատանքների շնորհիվ է  հաջողվել ծնողների մոտ կոտրել այն կարծրատիպը, որ առողջ երեխայի կողքին կարող է սովորել նաև հաշմանդամություն ունեցող երեխան:

«Ոչ մեկս ապահովագրված չենք, վաղը, մյուս օրը մեր երեխան խնդիր կունենա, թե չի ունենա»,- ասում է Ներսիսյանը:

Բայց Ներսիսյանը խոստովանում է, որ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար իրենք դեռ ի վիճակի չեն իրականացնել ներառական կրթություն, քանի որ ծնողներն ամաչում են իրենց երեխաներին տանել դպրոց:

World Vision Հայաստանի Սիսիանի գրասենյակի ներառական կրթության պատասխանատու Անիկ Բաբաջանյանը նշում է, որ ծրագիրը ճիշտ է ու անհրաժեշտ է, բայց դեռևս ձևական բնույթ է կրում, քանի որ մյուս դպրոցներում ուսուցիչները դեռ չեն հասկացել, որ ամեն ուսուցիչ մեկ դասի ժամանակ ուսումնական գործընթացի մեջ պետք է ներառի բոլոր երեխաներին:

«Ինչ վերաբերում է այն երեխաներին, ովքեր ուզում են սովորել, բայց ծնողները չեն կարող բերել մոտակա կենտրոն. մենք չենք կարող ապահովել 115 ավտոբուս 115 դպրոցների համար»,- ասում է Սյունիքի մարզպետարանի կրթության վարչության պետ Լյուդվիգ Հարությունյանը:

Նա հայտնում է, որ իրենց մարզում կա 115 դպրոց, որոնցից 3-ում իրականացվում է ներառական կրթություն, ևս երեք դպրոցներում էլ նախատեսում են իրականացնել:

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am