ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Խոշտանգման դեպքերը շատ են, որովհետև համարժեք պատիժ չի կիրառվում

Հայաստանում 2008թ. մինչ այժմ խոշտանգման մեղադրանքով (ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդված) դատապարտվել է 5 անձ. նրանցից 2-ը համաներվել են, մեկի նկատմամբ էլ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանք։
Միջազգային բանտային բարեփոխումներ կազմակերպության (Penal Reform International) Կովկասի տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Ցիռա Չանտուրիայի կարծիքով՝ թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում շատ են դեպքերը, երբ խոշտանգում իրականացնողները չեն պատժվում:
Նրա կարծիքով՝ անպատժելիություն է տիրում, որովհետև խոշտանգման դեպքերը համարժեք իրավական գնահատական չեն ստանում: «Յուրաքանչյուր դեպք պետք է պատշաճ կերպով և օբյեկտիվ քննվի: Քննությունը պետք է վարի անկախ մարմինը, օրինակ՝ Հատուկ քննչական ծառայությունը: Պետք է հավաքագրվեն և մանրամասնորեն ուսումնասիրվեն ապացույցները՝ ներառյալ խոշտանգման հետևանքների մասին փաստող դատաբժշկական փորձաքննության թղթերը, որից հետո խոշտանգում իրականացրած պաշտոնյաները պիտի համապատասխան հոդվածով պատժվեն: Սա լուծում կլինի անպատժելիության խնդրին»,- ասում է Ցիռա Չանտուրիան:
ՄԱԿ-ի խոշտանգումների ենթակոմիտեի անդամ Արման Դանիելյանի խոսքերով՝ ՀՀ Քրեական օրենսգրքում «խոշտանգում» երևույթի սահմանումը չի համապատասխանում ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոնվենցիայի սահմանմանը: Կոնվենցիայով խոշտանգումը պաշտոնատար անձի կողմից քաղաքացու նկատմամբ կիրառված ֆիզիկական կամ հոգեբանական բռնությունն է, որը արվում է որոշակի նպատակով՝ ցուցմունք կորզել, տեղեկություններ ստանալ և այլն: Իսկ ՀՀ օրենդրությամբ՝ քաղաքացին կարող է խոշտանգել քաղաքացուն: Ըստ Արման Դանիելյանի՝ սա բարդացնում է վիճակը և դժվար է դառնում խոշտանգումը տարբերել կտտանքներից: «Արդյունքում' պաշտոնատար անձինք, ովքեր իրոք խոշտանգում են իրականացրել, դատապարտվում են այլ՝ պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով»,- հավելում է նա:
«Քիչ են այն պետական պաշտոնյաները, ովքեր պատժվում են խոշտանգման հոդվածով՝ խոշտանգում իրականացնելու կամ նման ցուցում տալու համար: Իսկ եթե դատապարտվում են, այնուամենայնիվ, նրանք դատապարտվում են այլ հոդվածներով, ինչպես, օրինակ' պաշտոնեական դիրքի չարաշահում, իշխանազանցություն: Շատ հազվադեպ դեպքերում է, որ որևէ մեկը դատապարտվում է խոշտանգման հոդվածով: Ես չեմ էլ կարողանում հիմա մտաբերել նման դեպք Վրաստանում 2010 կամ 2011 թվականներին»,- ասում է Ցիռա Չանտուրիան:
Ըստ նրա՝ անպատժելիության խնդիր կա նաև Ադրբեջանում, սակայն չկա որևէ վիճակագրություն, թե խոշտանգման հոդվածով քանի մարդ է դատապարտվել:
«Եթե մի դեպքում նախաքննությունը նորմալ է ընթացել, ապա մյուս դեպքում կա՛մ պատշաճ քննություն չի իրականացվել, կա՛մ նախաքննության արդյունքներն են անհայտ մնացել, այսինքն՝ հայտնի չէ՝ մեղավորները դատապարտվե՞լ են, թե՞ ոչ»,- ասում է PRI-ի Կովկասի գրասենյակի տնօրենը:
Արման Դանիելյանը կողմ է, որպեսզի ոչ թե ավելանա խոշտանգման հոդվածով դատապարտվողների թիվը, այլ խոշտանգումների թիվը պակասի: «Ես կողմ եմ խոշտանգումների կանխարգելմանը: Ավելի հեշտ է կանխարգելել, քան պայքարել հետևանքների դեմ: Այս հարցում մեծ դեր են խաղում դատարանները»:
Դանիելյանի գնահատմամբ՝ խոշտանգումների հիմնական պատճառը Հայաստանում ցուցմունքներ կամ ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելն է և դրա հիման վրա անձին դատապարտելը: «Մեր իրականության մեջ նույնիսկ եթե անձը գալիս է դատարան և հայտարարում է, որ իրեն խոշտանգել են և հրաժարվում է իր ցուցմունքից, այնուամենայնիվ, հիմք է ընդունվում խոշտանգումների արդյունքում տված այդ ցուցմունքները: Ուստի եթե դատարանները չընդունեն վերոնշյալ ցուցմունքները, սա էապես կփոխի իրավիճակը»,- կարծում է Արման Դանիելյանը:
Փորձագետը խոշտանգումները կանխելու մեկ այլ տարբերակ է համարում ոստիկանական համակարգում գործերի բացահայտման թվաքանակով պայմանավորված մրցակցությունը վերացնելը: «Համարվում է, որ որքան շատ գործ է բացահայտում ոստիկանը կամ ոստիկանության որևէ բաժինը, այնքան բարձր է նրա արդյունավետության գործակիցը: Սրան հասնելու համար էլ ոստիկանները կիրառում են խոշտանգում' ինքնախոստովանական ցուցմունքներ ստանալու և բացահայտված գործերի քանակը շատացնելու նպատակով»,- ասում է Դանիելյանը՝ ավելացնելով, որ նման երևույթների բացառումը կարող է զգալիորեն կրճատել խոշտանգումների քանակը մեր երկրում:
Ցիռա Չատուրինան կարևոր է համարում նաև բոլոր կալանավայրերում ոստիկանությունում, բանտերում, հիվանդանոցներում և բանակում հետաքննություն անցկացնելը՝ խոշտանգման դեպքերը բացահայտելու համար: «Սակայն որպեսզի այս ամենը դրական արդյունքների հանգեցնի, անհրաժեշտ է որպեսզի քաղաքական կամք լինի հայկական իշխանությունների կողմից»,- հավելում է Չանտուրիան:
Սոֆյա Մանուկյան
Աղբյուրը՝ www.hra.am
