«Հրապարակ» թերթի խմբագիրը համոզված է, որ Հայաստանում գրաքննություն է սկսվել

Դատարանը արգելել է «Հրապարակ» թերթին ԴԱՀԿ-ի հետ ունեցած դատական վեճի շրջանակներից բխող հոդվածներ հրապարակել, առանց հստակ նշելու, թե ինչ իրավաչափ նպատակ է հետապնդում մամուլի ազատության նկատմամբ կիրառվող նման միջամտությունը:

Դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանը հայց է ներկայացրել «Հրապարակ» օրաթերթի դեմ։ Միսակ Մարտիրոսյանի կարծիքով՝ թերթն օգոստոսի 11-ին և 12-ին հրապարակված Դատական դեպարտամենտը՝ «Միսակնոց»-1 և Դատական դեպարտամենտը՝ «Միսակնոց»-2 հոդվածներում 3 անգամ վիրավորել և 9 անգամ զրպարտել է իրեն։ Մ. Մարտիրոսյանը պահանջում է  օրենքով սահմանված փոխհատուցման առավելագույն չափը՝  3մլն ՀՀ դրամ։

Օգոստոսի 31-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը այս հայցի ապահովման միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ որոշում է ընդունել, որով արգելվել է «Հրապարակ» օրաթերթին սույն քաղաքացիական գործով առկա վեճի հետ կապված որևէ տեղեկատվության տարածումը՝ մինչև գործով վերջնական դատական ակտ կայացնելը։

Դատարանն իր որոշման մեջ չի հիմնավորել արդյոք նման որոշում կայացնելը անհրաժե՞շտ է ժողովրդավարական հասարակությունում' ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով (Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդված, 2-րդ կետ): Մինչդեռ դատարանը, որը հանդես է գալիս ՀՀ անունից, պարտավոր էր ուղղակիորեն կիրառել Կոնվենցիայի 10-րդ հոդվածը և դրա վերաբերյալ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը:

Դատարանի որոշմամբ՝ 3 միլիոն ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել «Հրապարակ» օրաթերթին պատկանող գույքի վրա, որի մասին գրավոր տեսքով թերթը տեղեկացվել է միայն 16 օր հետո, բայց ԴԱՀԿ-ն այն պարտադրել է կատարել որոշումը կայացնելուց 9 օր անց։

«Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանն ու լրագրող Սոնա Հարությունյանը նշում են, որ իրենք չեն զրպարտել կամ վիրավորել ԴԱՀԿ ղեկավարին, քանի որ մեջբերել են միայն ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին և գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղղված մի շարք դատական ծառայողների նամակից հատվածներ։

«Ակնհայտ է, որ դատավորը գերազանցել է իր լիազորությունները ու Հայաստանում առաջին անգամ փաստորեն գրաքննություն են ուզում սահմանել, որը արդարացված է միայն արտակարգ իրավիճակների դեպքում։ Այսինքն Ա-ն չեն ասել, բայց ուզում են արդեն Ֆ-ն ասել. դուք դեռ ապահովեք խոսքի ազատությունը, հետո նոր մտածեք, որ դա պետք է կանոնակարգվի»,- ասում է Արմինե Օհանյանը։

Նոր նախադեպ

Մինչ մեդիա-փորձագետները բարձրաձայնում են այս տարի զրպարտության և վիրավորանքի հոդվածների ապաքրեականացումից հետո լրատվամիջոցների դեմ սկսված դատական գործընթացների մասին, մամուլի դեմ նոր,նախադեպային հայցեր և որոշումներ են ի հայտ գալիս։

Մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը որպես սովորական քաղաքացի բաց նամակով դիմեց  ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին՝ նշելով , որ հրապարակումներով հանդես գալու արգելանքը խոսքի ազատության աղաղակող ոտնահարում է:

«Դատավորն այդ որոշմամբ խախտել է ՀՀ Սահմանադրությունը: Հիմնավորեմ. խոսքի ազատությունը ամրագրված է Սահմանադրության 27-րդ հոդվածում, համաձայն որի՝ «Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից։ Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է»։

Փորձագետը նշում է նաև, որ դատավորը ոտնահարել է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը, որի 4-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված է, որ արգելվում է գրաքննությունը, որևէ տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանքը լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի նկատմամբ:

Մեսրոպ Հարությունյանին ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանեց, որ այս խնդիրը առնչվում է դատավորի անկախության, ինքնուրույնության և արդարադատություն իրականացնելիս դատավորի գործունեությանը միջամտելու անթույլատրելիության ոչ պակաս արժեքավոր հանրաճանաչ սկզբունքներին. «Գործի դատական քննության այս փուլում դատավորի գործողություններին հրապարակային գնահատական տալը, այդ թվում՝ կարգապահական վարույթ հարուցելու օրենսդրությամբ ՀՀ արդարադատության նախարարին վերապահված լիազորությունից օգտվելը, կարող է խաթարել դատավորի անկախության և գործի քննության ժամանակ ինքնուրույն, գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ առաջնորդվելու սկզբունքների իմաստը»։

Սեպտեմբերի 9-ին,  ի պաշտպանություն խոսքի ազատության, հայտարարությամբ  հանդես եկավ նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ մտահոգություն հայտնելով խոսքի և մամուլի ազատության իրացման ցանկացած վտանգի և այդ ոլորտում օրենսդրության ոչ պատշաճ կիրառման յուրաքանչյուր դեպքի առնչությամբ։  ՄԻՊ-ը կոչ արեց  բոլոր պետական մարմիններին զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք փաստացիորեն հանգեցնում են գրաքննության մշակույթի ձևավորման:

ՄԻՊ-ն իր հայտարարության մեջ նշել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քննության առարկա դարձած «Օբզերվերը և Գարդիանն ընդեմ Միացյալ Թագավորության» գործը, որով ապացուցվել է, որ հրապարակման նախնական արգելքների դեպքում որոշ ժամանակահատվածով հրապարակումն ուշացնելը կարող է արժեզրկել տեղեկատվությունը և այն դարձնել անհետաքրքիր։

Եվրոպական դատարանը նմանատիպ մեկ այլ գործով որոշում է կայացրել հօգուտ լրատվամիջոցի. «Սանդի Թայմզ» թերթն ընդդեմ Միացյալ Թագավորության» գործով։ Հոդված էր պատրաստվում  հրապարակման մի ընկերության մասին, որն անհրաժեշտ հոգատարություն չէր ցուցաբերել մի դեղամիջոցի փորձարկման փուլում, նախքան այն շուկա հանելը: Թերթին արգելել են հրապարակել այդ հոդվածը։ Հետագայում Եվրոպական դատարանը, որոշել է, որ սահմանափակումը բավականաչափ հիմնավորված չէր, քանզի այն համաչափ չէր հետապնդվող օրինական նպատակին և արդարադատության հեղինակությունը պահպանելու համար անհրաժեշտ միջոց չի եղել ժողովրդավարական հասարակությունում:

«Հրապարակ» օրաթերթն առաջիկա 10 օրերի ընթացքում պատրաստվում է բողոքարկել դատավորի որոշման՝ այս գործով առկա վեճի հետ կապված որևէ տեղեկատվության տարածումը արգելող մասը։  Թե որքանո՞վ կիրառելի կլինեն Եվրոպական դատարանի որոշումները  հայաստանյան դատական համակարգում և օրաթերթի դեմ կայացված այս որոշումը կհասնի՞ Եվրոպական դատարան՝ ցույց կտա ժամանակը։

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am