Օրենքում փոփոխության առաջարկ՝ օդի մաքրության ու բերքատվության նկատառումներով

Գյուղական համայքներում գարնանը վար ու ցանքի աշխատանքներն ավելի հեշտ իրականացնելու համար այրում են բերքը հավաքելուց հետո առաջացած խոզանը, որը թույլ չի տալիս, որ հողը ստանա համապատասխան հումուս ու, բնականաբար, դա անդրադառնում է հետագա տարիների բերքի որակի վրա:

«Խազեր» ՀԿ-ի առաջարկությամբ «Մթնոլորտի օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում լրացում է կատարվել, որով արգելվում է «այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չոր բուսականությամբ տարածքները, ծղոտները, արոտավայրերի ու խոտհարկերի բուսականությունը, գյուղատնտեսական մնացորդները անտառամերձ տարածքներում, բոլոր տեսակի (հողատեսքերի) գյուղատնտեսական, անտառային ու հատուկ պահպանվող տարածաքների հողերում»:

Օրենքի փոփոխության առաջարկն Ազգային ժողովում անցել է արդեն երկրորդ ընթերցմամբ: «Խազեր» ՀԿ-ի գլխավոր մասնագետներից Արամ Գաբրիելյանը հույս ունի, որ այն վերջնական կհաստատվի ու այլևս  տափաստանի չեն վերածվի մշակովի հողեր և այլ տարածություններ:

Գաբրիելյանի կարծիով՝ արդյունքում Հայաստանի օդային ավազանը ևս զգալի փոփոխություն կկրի, քանի որ այրվելու ընթացքում օդ են արտանետվում տարբեր թունավոր նյութեր, որոնք էլ առաջացնում են օդի աղտոտվածություն:

Գաբրիելյանը հայտնում է, որ թեև ՀՀ բնապահպանության նախարարության հաղորդած տվյալներով՝ օդ արտանետվող թունավոր նյութերի տեսանկյունից սահմանային նորմերը պահպանված են ու 2008թ.-ի համեմատ դրանց թիվը նվազել է, բայց օրինակ՝ ածխաթթու գազը թույլատրելի սահմանը հաճախակի անցնում է, իսկ մյուս թունավոր նյութերի միայն միջինացված թվերն են ներկայացնում, այսինքն՝ չի բացառվում, որ ժամանակ առ ժամանակ դրանց թիվն էլ օդում անցնում է թույլատրելի սահմանը:

«Մեծ վտանգ է ներկայացնում նաև սմոգի առկայությունը մասնավորապես Երևան քաղաքում, որը ևս հաճախ անցնում է թույլատրելի սահմանը»,- փաստում է փորձագետը:

Օդի մաքրության տեսանկյունից Հայաստանում Գաբրիելյանն առանձնացնում է Ամբերդի տարածքը, իսկ ամենաղտոտված հատվածը (նաև ազգային վիճակագրական տվյալներով) համարվում է Արարատի մարզը, որտեղ գործում է ցեմենտի գործարան, ինչպես նաև' տասնյակ քար մշակման արտադրամասեր:

Ցեմենտի գործարանի ծուխը քամու դեպքում հասնում է Արարատ քաղաք ու մոտակա գյուղերը: Գյուղացիներն ասում են, որ օր է լինում, երբ չեն կարողանում շնչել, անձրևի ժամանակ միանգամից հավաքում են լվացքը, քանի որ ցեխոտ անձրևներ են գալիս: Նրանք նաև նշում են, որ չկա տուն, որտեղ որևէ մեկը չունենա շնչառական օրգանների հետ կապված հիվանդություններ:

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am