ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կարևորվեց ԶԼՄ ֆինանսական թափանցիկությունը

«3 միլիոն մարդ է ապրում Ալբանիայում ու բոլորն իրար ճանաչում են, սակայն մենք չգիտենք, թե որտեղից են փողերը գալիս լրատմավիջոցներ: Հիմնականում անհայտ աղբյուրներից են գալիս»,- ասաց Ալբանիայի լրատվամիջոցների ինստիտուտի գործադիր տնօրեն Ռեմզի Լանին:
ԶԼՄ մասին օրենքը պարբերաբար լրամշակման կարիք ունի ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանյան երկրներում. «Ի՞նչ ապագա ունի ժողովրդավարությունը և քաղաքացիական հասարակությունը» համաժողովի եռօրյա քննարկումներ ընթացքում քաղաքացիական հասարակության ինստիտուտների դերը կարևորեցին նաև այս բնագավառում:
Տարբեր երկրներից ժամանած լրատվամիջոցների ներկայացուցիչները և փորձագետները քննարկմանն ընդգծեցին ԶԼՄ-ի ֆինանսական թափանցիկության հարցը։
Վրաստանի գործընկերները ներկայացրեցին , որ այս տարի Վրաստանում քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչներն առաջարկել են ԶԼՄ մասին օրենքով պարտադրել լրատվամիջոցներին հայտնել, թե ովքեր են նրանց ֆինանասավորում և որտեղ են ծախսվում գումարները ու որքան:
Հայաստանում, ինչպես ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, իրավիճակն ավելի հեշտ է, քանի որ թերթերը օրինակ պարբերաբար հրապարակում են այդ տվյալները, Հայաստանն էլ փոքր երկիր է, բոլորն իմանում են, թե ովքեր են տերերը:
Լատվիայում իրավիճակն ավելի լավ է. հետազոտող Յանիս Յուզեֆովիչը հայտնեց, որ վերջերս իրենց ԱԺ-ում լրամշակումներ են նախատեսել ԶԼՄ մասին օրենքում, ըստ որի՝ հայտնի են դառնում սեփականատերերը, ովքեր պարտավորվում են ֆինանսական ներդման ժամանակ ապացուցել այդ գումարների օրինականությունը:
Ալբանիայում իրադրությունն այլ է. Ռեմզի Լանի խոսքերով՝ իրենք չգիտեն, թե ինչ փողեր են ներդրվում լրատվամիջոցներ։ Հետաքննական հոդվածների կարևորությունից խոսելով՝ Ռեմզի Լանին նշեց, որ Ալբանիայում փող ունեցող լրատվամիջոցները հետաքրքրված չեն հետաքննական լրագրությամբ, իսկ ովքեր հետաքրքված են՝ գումար չունեն:
Գորդանա Յանկովիչը (ԲՀՀ-Լոնդոնի լրատվամիջոցների ծրագրի տնօրեն) անդրադառնալով դրամաշնորհային ծրագրերին' ասաց, որ հետաքննական ծրագրեր իրականացնելու համար որոշ երկրներում կան վարկային հիմնադրամներ, որոնք փորձում են նպաստել հարատևություն ունեցող ծրագրերին:
«Բայց նույնը չենք կարող, իհարկե, ասել կառավարության ու բանկերի մասին, որոնք դժվարությամբ են ֆինանասավորում նման ծրագրեր: Համաշխարհային բանկը ու միջազգային կառույցները ևս դժվար թե կարողանան օգնել. դրանք ավելի շատ հետաքրքրված են ԶԼՄ ներին աջակցելու մեջ, բայց ոչ հատուկ հետաքննական լրագրության առումով»,-ասաց Յանկովիչը:
Հանրային հեռուստաընկերությունը՝ քարոզչության միջոց
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ Հայաստանում հանրային հեռուստաընկերությունը չի կատարում իր գործառույթները ու հարց է առաջանում՝ արդյոք պետք է նման հանրային հեռուստաընկերություն, թե՝ ոչ:
Ալբանիայի լրատվամիջոցների ինստիտուտի գործադիր տնօրեն Ռեմզի Լանին նշեց, որ դա նախկին սովետական միության երկրներին բնորոշ բաց է, քանի որ Ալբանիայում էլ հանրային հեռուստաընկերությունը դիտարկում են որպես քարոզչության նախարարություն:
Լատվիացի հետազոտող Յանիս Յուզեֆովիչը առանձնացրեց այս բնագավառում քաղաքացիական հասարակության ինստիտուտների դերը. «Մենք միշտ դժվարանում ենք հասկանալ արդյո՞ք սա արդյունք է քաղաքական ճնշման, թե՞ ոչ պրոֆեսիոնալիզմի, ու ավելի հավանական ենք համարում երկրորդ տարբերակը: Միակ լուծումն ենք համարում քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներգրավվածությունը հանրային հեռուտաընկերության վերահսկողության գործընթացներում»։
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
