ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի ՀԿ ոլորտ. հայացք դրսից

Հայաստանում քաղաքացիական հասարակությունը շատ ակտիվ է և առանձին ոլորտներում կարողանում է ազդել հանրային կարծիքի վրա. այսպիսի կարծիք են հայտնում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:
«Մարդու իրավունքների ոլորտում մենք՝ միջազգային կազմակերպություններս, աշխատում ենք առնվազն 10-12 կայացած և հեղինակավոր ՀԿ-ների հետ: Այդ կազմակերպությունները շատ լավ են աշխատում և կարողանում են ազդել հանրային կարծիքի վրա: Բնապահպանական ոլորտում ևս շատ իրազեկ ՀԿ-ներ կան, որոնք վայելում են հանրության վստահությունը»,- ասում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոֆստրան: Նրա խոսքերով՝ ԵԱՀԿ-ն շատ է կարևորում հանրային մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում և իր անդամ պետությունների իշխանությունների առջև դնում է այդ խնդիրը:
Նրա կարծիքով՝ հայաստանյան ՀԿ-ներն ավելի շատ պետք է աշխատեն հանրության հետ, մարդկանց ակտիվացնելով և շարժումներ ստեղծելով, որպեսզի իրենք ներկայացնեն ոչ թե միայն իրենց կազմակերպության կարծիքը, այլ՝ իրենց հետևում կանգնած մարդկանց: «Դա նրանց աշխատանքը շատ ավելի հզոր և ազդեցիկ կդարձնի»,- կարծում է Հոֆստրան:
ԱՄՆ դեսպանատան դիվանագետ Դանիել Հասթինգը նշում է, որ ՀԿ-ները պետք է շարունակեն աշխատել էնտուզիազմով և ձգտեն ավելիի: Նա կարևորում է ՀԿ-կառավարություն համագործակցությունը, որը, իր կարծիքով, ավելի մեծ արդյունքների հասնելու գրավականն է:
«Ես հույս ունեմ, որ շատ մոտ ապագայում թշնամությունը քաղաքացիական հասարակության և կառավարության միջև կվերանա, որպեսզի երկու կողմերն էլ համատեղ աշխատեն ընդհանուր խնդիրների լուծման ուղղությամբ, նույնիսկ եթե լինեն որոշ անհամաձայնություններ, որովհետև որևէ բան չի փոխվի, եթե բոլորը միասին չաշխատեն այդ ուղղությամբ»,- ասում է դիվանագետը:
Հասթինգը հավաստիացնում է, որ ԱՄՆ դեսպանատունը շատ ժամանակ է հատկացնում հայաստանյան ՀԿ ներկայացուցիչների հետ մարդու իրավունքների ոլորտի խնդիրների քննարկմանը: «ՀԿ-ների բարձրացրած խնդիրները մենք բարձրացնում ենք ՀՀ կառավարության առաջ, շատ անգամ դա լինում է ոչ բացահայտ՝ նամակների տեսքով,- նշում է դիվանագետը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն արդեն 20 տարի աջակցում է Հայաստանի ժողովրդավարացմանը և պատրաստ է դա անել այնքան ժամանակ, «որքան դուք մեզ թույլ կտաք»:
ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Սիլվիա Զահեն նշում է, որ հայաստանյան ՀԿ-ները կարողանում են իրենց ձայնը լսելի դարձնել միջազգային կազմակերպությունների համար, և ԵԽ-ն ակտիվորեն համագործակցում է ՀԿ-ների հետ:
«Սակայն երբեմն տեսնում եմ, որ քաղաքացիական հասարակության ակնկալիքները չափազանց բարձր են, այսինքն՝ ամեն ինչ պիտի արվի հաշվի առնելով հենց ՀԿ-ների եզրակացությունները և կարծիքները, որ ամեն բարձրացված հարց իրենց ուզած ձևով պիտի լուծվի: Մոնիտորինգային առաքելությունները երբ գալիս են Հայաստան և խոսում են կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, իրենց մոտ երբեմն այնպիսի տպավորություն է առաջանում, որ մեծ հիասթափություն կա, որ իրենց բոլոր առաջարկները նույնությամբ չեն կատարվում»,- ասում է ԵԽ գրասենյակի ղեկավարը՝ ավելացնելով, որ իր կարծիքով ողջամիտ եզրակացությունների հանգելու համար փոխզիջում է հարկավոր:
Սիլվիա Զահեի կարծիքով՝ ՀԿ-ները շատ կարևոր դեր են խաղում Հայաստանում և մեծ աշխատանք են կատարում կառավարության հետ: «Օրինակ՝ քրեակատարողական հիմնարկների հասարակական դիորդների խումբը: Հարևան երկրներում, որքան ես գիտեմ, նման բան գոյություն չունի: Սա շատ կարևոր ձեռքբերում է»,- նշում է նա՝ ավելացնելով, որ Եվրախորհուրդը Հայաստանում մոնիտորինգ իրականացնելիս անպայման հարցնում և հաշվի է առնում նաև ՀԿ-ների կարծիքը:
«ՀԿ-ների ձայնը լսելի է ՄԱԿ-ում և մեր համընդհանուր պարբերական զեկույցները հիմնված են լինում նաև ՀԿ-ներից ստացված ինֆորմացիայի վրա»,- ասում է Հարավային Կովկասում մարդու իրավունքների ավագ խորհրդական, ՄԱԿ-ի գրասենյակի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի տեղակալ Վլադիմիր Շկոլնիկովը: Նրա կարծիքով՝ Հայաստանի ՀԿ ոլորտը լավ է աշխատում:
Հ.Գ. Քննարկումը տեղի է ունեցել «Ի՞նչ ապագա ունի ժողովրդավարությունը և քաղաքացիական հասարակությունը» համաժողովի շրջանակներում։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
