ՄԻԵԴ. 150 հազար չքննված գործեր և հազարավոր չկատարված վճիռներ

«Մենք պետք է ավելի ընտրողական մոտեցում ցուցաբերենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) գործեր ուղարկելիս: Մենք պետք է ընտրենք այն գործերը, որոնք ռազմավարական նշանակության խնդիր են բարձրացնում, որն ուղղակիորեն կարող է հանգեցնել ներպետական օրենսդրության, քաղաքականության ու պրակտիկայի փոփոխությանը, կամ նույնիսկ ազդեցություն ունենալ տարածաշրջանային մակարդակով»,- ասում է Մարդու իրավունքների և շահերի պաշտպանության եվրոպական կենտրոնի տնօրեն Ֆիլիպ Լիչը:

Նա կարևորում է հասարակական կազմակերպությունների դերը ՄԻԵԴ-ում գանգատաբերների շահերը ներկայացնելու հարցում, սակայն խորհուրդ է տալիս ՀԿ-ներին  նույն բնույթի գործեր անընդհատ չուղարկել. «Մենք ստիպված ենք այդ դժվար ընտրությունը կայացնել, այլապես, եթե անընդհատ նույն գործերն ուղարկենք, այնտեղ դրանք կխցանվեն, կմնան ու չեն լուծվի»,- ասում է Լիչը՝ որպես օրինակ բերելով այս պահին ՄԻԵԴ-ում քննության սպասող 150.000-ից ավելի գանգատները:

Նրա խոսքերով՝ դա մեծ ճնշում է դատարանի վրա, և անվերջ բանավեճեր են ծավալվում այն հարցի շուրջ, թե ինչ բարեփոխումներ կարելի է անել: «ՀԿ-ներն էլ պիտի մասնակցեն դատարանի բարեփոխումների քննարկումներին, այլապես դա կդառնա պետությունների մասնավոր ակումբ. կհավաքվեն, կորոշեն՝ ինչպիսի համակարգ աշխատեցնել, որով իրենք կկարողանան հանգիստ գործել ստվերում, իսկ դա չի կարող ճիշտ լինել»,- համոզված է Ֆիլիպ Լիչը:

Նրա կարծիքով՝ ՄԻԵԴ որոշ դատավորների փոփոխության կարիք կա. «Կան դատավորներ, որ լավն են, բայց կան դատավորներ, որ քաղաքական նկատառումներով են նշանակվել  և այն մասնագիտական որակները չունեն, որ պիտի ունենային»:

ՄԻԵԴ ուղարկված գանգատները շատ են, որովհետև դատարանի որոշումների կատարման խնդիր կա, ասում է փորձագետը. «Եթե մի վճռով դատարանը ճանաչում է մարդու իրավունքների խախտումը,  պետությունը պետք է իրականացնի բարեփոխումներ, և նման գործեր այլևս չպիտի ուղարկվեն դատարան: Բայց պետությունները չեն կատարում դատավճիռները (և՛ այս տարածաշրջանում, և՛ արևմուտքում), և նմանատիպ հազարավոր գործեր նորից ուղարկվում են ՄԻԵԴ՝ տարբեր դիմումատուների կողմից»:

Հետևաբար, Լիչի կարծիքով, ՀԿ-ները պիտի ավելի հետևողական լինեն վճիռների կատարումը պահանջելու հարցում և մտածեն՝ ինչ կարելի է անել, որպեսզի երկրի ներսում ՄԻԵԴ վճիռներն ավելի մեծ ազդեցություն ունենան:

Նրա խոսքերով՝ վերջին 3-4 տարիներին ՄԻԵԴ-ը փոխել է իր գործելաոճը. «Եթե տարիներ շարունակ դատարանը միայն ճանաչում էր Կոնվենցիայի այս կամ այն հոդվածի խախտումը և պետություններին հորդորում էր խախտումը վերացնել, ապա հիմա հստակ պահանջներ է դնում: Ասում է, որ տեղի է ունեցել խախտում, ինչ պատճառով և ինչ պետք է անել, ընդ որում՝ ժամկետ է սահմանում փոփոխությունների համար»,- փորձագետը սա էական փոփոխություն է համարում ՄԻԵԴ գործելաոճում:

Ֆիլիպ Լիչը ՀԿ-ների դերը կարևորում է նաև ՄԻԵԴ վճիռների բացատրման, թարգմանության և տարածման իմաստով, քանի որ, նրա խոսքերով, դատարանի որոշումների իմաստը երբեմն դիտավորյալ սխալ է թարգմանվում պետության կողմից:

ՀՀ քաղաքացիները 2002 թ.-ից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան վավերացնելուց հետո, ևս իրավունք ստացան գանգատներ ուղարկել ՄԻԵԴ: 2002-ից մինչ օրս ՄԻԵԴ է ուղարկվել 1025-ից ավելի գանգատներ, 250-ից ավելի բողոքներ տարբեր հիմքերով դատարանը մերժել է ընդունել: Դատարանը ՀՀ վերաբերյալ կայացրել է 28 վճիռ, որոնցից 27-ի դեպքում մարդու իրավունքների խախտման փաստ է արձանագրվել:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը նշում է, որ ներպետական դատարանները սպառելով և արդարություն չգտնելով՝ Հայաստանում շատերն իրենց հույսը կապում են ՄԻԵԴ-ի հետ: «Դատարանների նկատմամբ հասարակության անվստահության պայմաններում Եվրադատարանի վճիռները դրական են ընկալվում Հայաստանում, նույնիսկ եթե փոխհատուցման չափը սիմվոլիկ է, որովհետև մարդիկ կարծում են, որ վերջապես արդարությունը հաստատվեց»:

Բաց  հասարակության հիմնադրամներ-Վրաստանի գործադիր տնօրեն Քեթեվան Խուցիշվիլին  նշում է, որ Վրաստանը նույնպես ՄԻԵԴ-ում մեծ թվով գործեր ունեցող երկրներից մեկն է. «Իրենց բախտին սպասող 2800 գործեր կան, 1900 գործեր արդեն մեժվել են 41 որոշում են եղել Վրաստանի նկատմամբ, որից 34-ի դեպքում խախտում է հայտնաբերվել»:

Այս վիճակագրությունը, Խուցիշվիլիի կարծիքով, հուսադրող չէ և խոսում է այն մասին, որ Վրաստանի հասարակությունը չի վստահում ներպետական դատարաններին և նախընտրում է դիմել ՄԻԵԴ. «Դատարանները դիտարկվում են շատ քիչ կոռումպացված, բայց շատ մեծ հսկողության տակ գտնվող կառույցներ, որովհետև վերահսկվում են դատախազության և Ներքին գործերի նախարարության կողմից»:

Վրաստանում նույնպես խնդիր կա Եվրադատարանի որոշումների կատարման հետ: Խուցիշվիլիի խոսքերով՝ դրանք կա՛մ շատ ուշ են կատարվում, կա՛մ սխալ են կատարվում, կա՛մ էլ ընդհանրապես չեն կատարվում:

Հ.Գ. Քննարկումը տեղի է ունեցել «Ի՞նչ ապագա ունի ժողովրդավարությունը և քաղաքացիական հասարակությունը» համաժողովի շրջանակներում։

Մերի Ալեքսանյան
Նկար` www.londonmet.ac.uk
Աղբյուրը՝ www.hra.am