ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հաշվետվողականության և թափանցիկության պակաս. քննարկում են մասնագետները

«Որքան մեծ է երկրի ռազմավարական նշանակությունը, այնքան ավելի շատ գումար է տրամադրվում այդ երկրին և ավելի շատ ուշադրություն է դարձվում դրանց ծախսմանը»,- ասում է Ջեֆ Գոլդստայնը՝ ԲՀՀ-Վաշինգթոնի Եվրասիայի հարցերով քաղաքականության ավագ խորհրդատուն:
Կառավարության հաշվետվողականության և թափանցիկության մասին քննարկմանը Թոբի Մենդելը (Օրենքի և ժողովրդավարության կենտրոն, Կանադա) և Ջեֆ Գոլդստայնը հանգեցին այն եզրակացության, որ Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից Հայաստանին տրամադրած վարկերը միգուցե Հայաստանի համար մեծ գումար են ներկայացնում, սակայն ՀԲ-ի մակարդակով դա այնքան էլ շատ չէ, և գուցե այդ պատճառով էլ քիչ ուշադրություն են դարձնում գումարների ծախսման հետագա գործընթացին:
Քննարկմանը Հայաստանում Եվրոպական Զարգացման բանկի ներկայացուցչի և ՀԲ գրասենյակի ներկայացուցչի բացակայությունը ի սկզբանե ենթադրում էր բանավեճի միակողմանի քննարկման և հակափաստարկների բացակայության մասին:
Ինչպես նշեցին Էդիկ Բաղդասարյանը («Հետաքննող լրագրողներ» ՀԿ) և Ինգա Զառաֆյանը («ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ), մասնավորապես ՀՀ բնապահպանության նախարարության դեպքում ակնհայտ է, որ ոչ միայն նրանք չեն գործում թափանցիկ, այլև այն միջազգային հաստատությունները, որոնք ֆինանսավորում են տարբեր ծրագրեր Հայաստանում բնապահպանության նախարարության միջոցով, պատրաստ չեն լինելու թափանցիկ:
«Անընդհատ Հայաստանին ինչ-որ վարկային ծրագրեր են տալիս, առանց հանրորեն մանրամասն բացատրելու դրա պայմանները: Իսկ հետո միջազգային կազմակերպությունները բարեփոխումներ են պահանջում նախարարներից, գալիս հետազոտում են իրավիճակը և, տեսնելով, որ փոփոխություն չկա, կրկին պահանջում են բարեփոխում»,- ասում է Էդիկ Բաղդասարյանը:
Մինչդեռ այդ վարկային ծրագրերը, ինչպես նշեցին բանախոսները, չեն ծառայում ոչ բնապահպանության, ոչ դատական համակարգի, ոչ էլ աղքատության նվազեցմանը:
Նման իրավիճակում բանախոս Թոբի Մենդելի նշած օրինակը, չափազանց անիրական է թվում. ՀԲ հզորությունը, տեղական կառավարությունների հզորության մեջ է, և ինչպես Մեքսիկայի կառավարությունը ստիպեց ՀԲ-ին առավել բաց և թափանցիկ աշխատել, այնպես էլ մյուսները պիտի հետևեն այդ օրինակին:
Եթե դրամաշնորհ ստացող կառավարությունը չի ցանկանում հաշվետվողական լինել, դոնորները ոչինչ չեն կարող անել
Ինգա Զառաֆյանը ընդգծեց, որ զարմանալի է, երբ հաճախ ՀԲ-ի ներկայացրած զեկույցը որոշակի տարածաշրջանում ծրագիր իրականացնելու համար կատարած հետազոտությունների մասին համընկնում է այն կազմակերպության զեկույցի հետ, որը պիտի իրականացնի այդ ծրագիրը:
«Կարելի է ենթադրել, որ ՀԲ-ն կամ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը տալիս են գումարը և զերծ մնում հետագա ընթացքը վերահսկելուց»,- նշեց Ի. Զառաֆյանը:
Մեծամասշտաբ զարգացման ծրագրերի ազդեցությունը քննարկելիս մասնակիցները հանգեցին այն հիմնական եզրակացության, որ եթե դրամաշնորհ ստացող կառավարությունը չի ցանկանում հաշվետվողական լինել, դոնորները ոչինչ չեն կարող անել նման իրավիճակներում, բացի հաջորդ անգամ դրամաշնորհ չտրամադրելը։
Հանրային ծախսերի թափանցիկության և հաշվետվողականության խնդիրը քննարկելիս Միջազգային բյուջետային համագործակցությունից Խուան Պաբլո Գերերոն ներկայացրեց «Բաց կառավարական համագործակցություն» նախաձեռնությունը, որի նպատակն է հետևել կառավարությունների գործողություններին' թափանցիկության հաստատման, կոռուպցիայի վերացման և այլ գործողություններ իրականացնելու ճանապարհին:
«Մենք կազմել ենք հարցաշարեր և գնահատման որոշակի սանդղակ: Կառավարությունները և հասարակական կազմակերպությունները, որոնց երկրները ներգրավված են այս նախաձեռնությունում, իրականացնում են իրենց երկրի կառավարության, բյուջեի թափանցիկության գնահատում՝ ըստ մեր հարցաշարերի, ինչի արդյունքում էլ մասնակից երկրները որոշակի գնահատական են ստանում,- նշեց Խ. Պ. Գերերոն,-բյուջեի թափանցիկության առումով մեր ցուցակում առաջին տեղերում են Սկանդինավյան երկրները, Բրազիլիան, Հարավային Աֆրիկան և մի քանի այլ աֆրիկյան երկրներ, որոնց օրինակը ցույց է տալիս, ոչ միայն մեծ, այլ նաև փոքր բյուջե ունեցող երկրները ևս կարիք են զգում թափանցիկության»:
Ցուցակում վատագույն երկրներն են Ղրղզստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մեքսիկան: Հայաստանը դեռևս չի միացել այս նախաձեռնությանը, ուստի գնահատականները բացակայում են:
«Այս նախաձեռնությունը թույլ է տալիս վերահսկել կառավարություններին և վատ արդյունքների դեպքում զրկել այդ երկրներին դրամաշնորհներից և վարկերից»,- եզրափակեց Խուան Պաբլո Գերերոն:
Փոքրաթիվ ընդդիմությունը չի կարողանում կանխել օրենքի վատ նախագծի ընդունումը
Հայաստանում խորհրդարանի մոնիտորինգ է իրականացնում Մանդատ ՀԿ-ն։ «Մենք նաև ուսումնասիրում ենք օրենքների նախագծերը, սակայն խնդիրն այն է, որ նույնիսկ առկա, թեև փոքրաթիվ ընդդիմությունը չի կարողանում թույլ չտալ օրենքի վատ նախագծի ընդունումը, իսկ քաղաքացիական հասարակությունն էլ ավելի մեծ խոչընդոտների է հանդիպում»,- ասում է Մանդատ ՀԿ-ի ղեկավար Լուսինե Հակոբյանը:
Խնդիրներ այս ոլորտում առկա են նաև Վրաստանում և Ռումինիայում: Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայից Նինո Գոբրոնիձեն նշեց, որ թեև նրանք հետևում են օրենքների նախագծերին, ուսումնասիրում են դրանք, սակայն շատ հաճախ այդ նախագծերը կազմակերպությանը հասնում են միայն օրենքի նախագծի ընդունումից մեկ երկու օր առաջ, ինչը դժվարացնում է գործընթացը: Իսկ Ռումինիայի խնդիրներից Անա Օթիլիա Նութուն («Էքսպերտ Ֆորում» ՀԿ) նշեց, որ Ռումինիայի խորհրդարանում պատգամավորների աշխատակիցների որակավորումը բավականին ցածր է, ինչն էլ փոքրացնում է նրանց աշխատանքի արդյունավետությունը, ինչի պատճառներից մեկը վերջերս բացահայտված այն հանգամանքն է, որ պատգամավորների մի աշխատախումբ կազմված էր պատգամավորների բարեկամներից։
Հ.Գ. Հաշվետվողականության և թափանցիկության մասին քննարկում էր ծավալվել «Ի՞նչ ապագա ունի ժողովրդավարությունը և քաղաքացիական հասարակությունը» թեմայով եռօրյա համաժողովի ընթացքում։
Սոֆյա Մանուկյան
Աղբյուրը՝www.hra.am
