Միջազգային կառույցները Հայաստանում. խախտումների մասին աղաղակե՞լ, թե՞ լռել

«Յուրաքանչյուր երկրում միջազգային կազմակերպությունները պետք է համակարգեն իրենց աշխատանքն իրար մեջ, որովհետև կարևոր է, որ ուղերձը միշտ նույնը լինի: Եթե միջազգային կազմակերպությունները տարբեր լեզուներով են խոսում, սովորաբար դա չի օգնում արդյունքի հասնելու համար»,- կարծում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոֆստրան:

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կառույցներ

Հայաստանը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) անդամակցում է 1992 թվականից:

«Մենք այնքանով ենք ուժեղ, որքանով մասնակից պետություններն ուզում են, որ մենք ուժեղ լինենք: Այդ տեսակետից դա որոշ չափով սահմանափակում է այն, թե մենք ինչ կարող ենք անել և ինչ կարող ենք ասել: Դա սահմանափակում է նաև մեր ֆինանսավորման հնարավորությունները, որովհետև մենք կախված ենք մասնակից պետությունների կողմից արվող ներդրումներից»,- ասում է Կարել Հոֆստրան:

ԵԱՀԿ-ն քաղաքական բնույթի կառույց է, աշխատում է 3 ոլորտներում՝ քաղաքական-ռազմական, տնտեսական-բնապահպանական և մարդու իրավունքներ։

«Սրանցից առավել վիճահարույց է և քննադատության առիթ է դառնում մեր աշխատանքը  ընտրությունների, դատական բարեփոխումների, փոքրամասնությունների իրավունքների և փակ հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում: Մենք պիտի հաշվի առնենք, որ որոշ անդամ պետություններ տարբեր կարծիքներ ունեն այս հարցերի շուրջ»,- ասում է Հոֆստրան՝ ավելացնելով, որ իրենք տարբեր իրավիճակներում փորձում են գտնել լավագույն լուծումը:

Նա ասում է, որ տարբեր «նուրբ» հարցերին առնչվելիս բոլոր միջազգային կազմակերպությունները բախվում են մի խնդրի՝ ո՞րն է լավագույն լուծումը՝ բարձրաձա՞յն պայքարել խախտման դեմ, թե՞ գնալ դիվանագիտական ճանապարհով:

«Չէինք ցանկանա անընդհատ ձայն բարձրացնել, բղավել մարդկանց վրա, ովքեր մեր գործընկերը պիտի լինեն իրականում: Ես երբեմն նախընտրում եմ բարձրաձայն խոսել ամեն ինչի մասին, բայց միշտ չէ, որ դա լավագույն ձևն է աշխատելու: Սովորաբար մենք նախընտրում ենք լուռ դիվանագիտությունը, որովհետև մեր փորձը ցույց է տալիս, որ դա ավելի բարձր մակարդակի համագործակցության և գործնական արդյունքների է հանգեցնում»,- նշում է ԵԱՀԿ ներկայացուցիչը: Նրա խոսքերով՝ մեկ օրվա մեջ համակարգը փոխել հնարավոր չէ, և կառավարության կողմից վստահություն ձեռքբերելու համար իրենք նախընտրում են գնալ համագործակցության, ոչ թե «մեգաֆոնով խոսել»: 

Եվրոպայի խորհրդին (ԵԽ)  Հայաստանը անդամակցում է 2001 թվականից: ԵԽ գործունեության հիմնական շեշտը դրված է 3 ոլորտների վրա՝ ժողովրդավարության ամրապնդում, օրենքի գերակայություն և մարդու իրավունքների պաշտպանություն:

ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Սիլվիա Զահեի կարծիքով՝ պետությունները դիմում են ԵԽ-ին անդամակցելու համար, որովհետև կարծում են, որ այդ կերպ իրենց պետություններում իրավիճակը կբարելավվի. «Նրանք իրապես դիմում են որոշակի միասնական սանդղակների հասնելու նպատակով, բայց դժվարանում է աշխատանքը, եթե «կարկանդակներ» չունես այդ երկրներին առաջարկելու»:

Անդամակցելով ԵԽ-ին՝ պետությունն իր ուսերի է վերցնում որոշակի պարտավորություններ և ընկնում է մոնիտորինգի տակ: 

«ԵԽ ստանդարտների կատարողականն անընդհատ հսկվում է ԵԽ անդամ բոլոր 47 պետությունների համար: Վերահսկողությունը շարունակվում այնքան ժամանակ, քանի դեռ տվյալ պետությունը ԵԽ անդամ է: Միգուցե վերահսկողությունը այնքան տեսանելի չէ, որքան պաշտոնական մոնիտորինգի իրականացման փուլում, բայց ԵԽ ստանդարտների կատարման վերահսկողությունը մշտապես առկա է անդամ պետությունների համար»,- ասում է Զահեն:

Նրա խոսքերով՝ մարդու իրավունքների ոլորտում միջազգային կազմակերպությունների նպատակը միասնական և համընդհանուր ստանդարտների կիրառումն է: Ըստ Սիլվիա Զահեի՝ դա անելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ այդ կառույցները բաղկացած են անդամ պետություններից, որոնցից յուրաքանչյուրն իր շահն ու նպատակներն ունի:

«Բայց, ըստ իս, միջազգային կազմակերպությունները հնարավորինս փորձում են դրանից խուսափել և պահպանել համահավասար ստանդարտներ բոլոր անդամների համար»,- կարծում է Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարը:

Նա ասում է, որ իրենց հաջողվել է շատ բաների հասնել՝ քննարկելով, հսկելով, դիտարկելով՝ առանց մեծ աղմուկ բարձրացնելու: Այդ գործում, Զահեի խոսքերով, իր կարևոր ներդրումն ունի նաև քաղաքացիական հասարակությունը:

Միավորված ազգերի կազմակերպությանը (ՄԱԿ) Հայաստանը անդամակցում է 1992 թվականից:

«Բոլորը միանում են ՄԱԿ-ին հաճախ չիմանալով, թե ինչու են միանում: ՄԱԿ-ին անդամակցելը շատ հաճախ, կարծես, պետականության անբաժանելի մաս լինի»,- այս տպավորությունն ունի ՄԱԿ-ի գրասենյակի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի տեղակալ Վլադիմիր Շկոլնիկովը:

ՄԱԿ-ի հիմնական նպատակներն են պահպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, զարգացնել ազգերի միջև բարեկամական հարաբերությունները, համագործակցել միջազգային խնդիրների լուծմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը: Անդամակցելով ՄԱԿ-ին՝ պետությունները վավերացնում և միանում են մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիաներին:

«Այս տարածաշրջանում ես այնպիսի զգացողություն ունեմ, որ ՄԱԿ-ը և ՄԱԿ-ի մարդու իրավունքների տերմինաբանությունը ընկալվում են, թերևս, ավելի պակաս սպառնալից, քան ժողովրդավարության այն իրավական ձևակերպումները, որոնք որոշ այլ կազմակերպություններից են ստացվում»,- ասում է Շկոլնիկովը:

ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի անդամ Արման Դանիելյանի կարծիքով՝ պետությունները միջազգային փաստաթղթեր վավերացնելիս տարբեր դրդապատճառներ են ունենում:

«Եթե, օրինակ, սկանդինավյան երկրները վավերացրել են խոշտանգումների կանխարգելման կոնվենցիան, որովհետև նպատակ ունեն պայքարել խոշտանգումների դեմ, ապա հետխորհրդային երկրները դրա տակ հասկանում են ամեն ինչ, բացի խոշտանգումների դեմ պայքարից: Նրանց մոտիվացիան պարզապես միջազգային գործընթացներին մասնակցելն է՝ «բոլորը վավերացրել են, մենք ինչպե՞ս չվավերացնենք» այդ տարբերակն է աշխատում այստեղ»,- ասում է նա՝ հավելելով, որ հետխորհրդային երկրները համագործակցությունն ընկալում են որպես վերահսկողություն և զգուշանում են հանձնաժողովից:

Խոշտանգումների դեմ կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը (OPCAT) վավերացրել են 60-ից ավելի երկրներ: Յուրաքանչյուր տարի ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեն պետք է այցելի 3 պետություն: «Այսինքն, ստացվում է, որ ամեն երկիր 20 տարին մեկ պիտի այցելել: Եթե 120 երկիր վավերացնի կամընտիր արձանագրությունը, 40 տարին մեկ պիտի այցելել: Դա նշանակում է, որ եթե մի չինովնիկի այցելեցիր, դրանից հետո նա կարող է հանգիստ լինել, որ իր օրոք էլ չես այցելի, ոչ մի մոտիվացիա չի լինի ինչ-որ բան շտկելու»,- եզրակացնում է Արման Դանիելյանը:

Նա Խոշտանգումների դեմ կոնվենցիայի կամընտիր արձանագրության ամենակարևոր բաղադրիչը համարում է ազգային կանխարգելման մեխանիզմներ ստեղծելու պահանջը:

«Ենթակոմիտեն մեծ ուշադրություն է դարձնում խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմների թե՛ ստեղծման գործընթացին, թե՛  հետագայում համագործակցում է այդ մեխանիզմների կյանքի կոչման համար՝ մեթոդոլոգիական խորհրդատվությամբ»,- ասում է Դանիելյանը՝ կարծիք հայտնելով, որ ազգային մեխանիզմների շնորհիվ հնարավոր է հասնել արդյունքների:

Հայաստանում խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի ստեղծումն իրականացվում է մարդու իրավունքների պաշտպանի մակարդակով, ավելի ուշ ներգրավվեցին նաև հասարակական կազմակերպությունները:

Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի անդամը առաջարկում է սերտացնել հարաբերությունները միջազգային կառույցների և ՀԿ-ների միջև: Նրա խոսքերով՝ ՀԿ-ները պարբերաբար պետք է ներկայացնեն իրենց երկրում տիրող վիճակը. «Դա նաև կարող է որոշիչ դառնալ այցելություններ կազմակերպելու համար. ոչ թե 20 տարին մեկ, այլ 3 տարին մեկ այցելենք որևէ երկիր, եթե դրա անհրաժեշտությունը կա»:

Միջազգային կառույցները հետևողակա՞ն չեն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով՝  անկախության 20 տարիները մեզ համար եղան հնարավորությունների աճի և, միևնույն ժամանակ, հիասթափությունների շրջան: «Մենք հույս ունեինք, որ հնարավորությունների աճի շնորհիվ մեր խնդիրները լուծում կստանան, բայց, ցավոք սրտի, այդպես չեղավ»:

Սաքունցի խոսքերով՝ Հայաստանը միջազգային կառույցների որոշումները չկատարելու «մեծ շնորհ ունի», իսկ այդ կառույցները անհետևողական են իրենց կայացրած որոշումների կատարմանը հետամուտ լինելու հարցում: Բացի այդ, իրավապաշտպանը նկատում է, որ տարեցտարի միջազգային կառույցների գնահատականներն ավելի մեղմ են դառնում: «Քաղաքական նպատակահարմարությունը գերակշռում է մարդու իրավունքներին»,- ասում է Սաքունցը:

Հ.Գ. Քննարկումը տեղի է ունեցել «Ի՞նչ ապագա ունի ժողովրդավարությունը և քաղաքացիական հասարակությունը» համաժողովի շրջանակներում։

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am