Կրոնական կազմակերպությունների վերահսկման նախագիծ

Ռոբերտ Ռևազյան

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավաբան

ՀՀ Արդարադատության նախարարության կողմից մշակված «Խղճի և կրոնական ազատությունների մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը, մեղմ ասած, մտահոգությունների տեղիք է տալիս: Նախագծով տրվել է հոգեորսության սահմանումը, որի համաձայն՝ հոգեորսություն է համարվում այլ կրոնական կամ դավանաբանական պատկանելիություն կամ հայացքներ ունեցող անձանց նկատմամբ դավանափոխ անելու նպատակով կրոնական բնույթի ցանկացած քարոզչական ներգործություն, որը կարող է դրսևորվել նաև այդ անձի կամ նրա մերձավորի նկատմամբ նյութական կամ սոցիալական բնույթի առավելություն տրամադրելով կամ կախվածությունը օգտագործելով, այլ կրոնի համոզմունքի կամ կրոնական կազմակերպության նկատմամբ թշնամանք հարուցելով կամ ատելություն հրահրելով, անձին երկու կամ ավելի անգամ հետապնդելով, տասնչորս տարին չլրացած անչափահասի նկատմամբ' առանց նրա ծնողների կամ խնամակալների համաձայնության:

Թե ի՞նչ կախվածության կամ ի՞նչ սոցիալական բնույթի առավելություն տրամադրելու մասին է խոսքը, այնքան էլ պարզ չէ, կամ թե ի՞նչ ասել է՝ անձին երկու կամ ավելի անգամ հետապնդելը. ընդհանրապես անհասկանալի է, թե հետապնդում ասելով՝ ի՞նչ պետք է հասկանալ: Այս սահմանումը հարցականի տակ է դնում տարբեր կրոնական կազմակերպությունների անդամների գործունեության ազատությունը և կարող է տարաբնույթ մեկնաբանությունների և չարաշահումների առիթ հանդիսանալ: Մտավախություն կա, որ հոգեորսության անվան տակ տարբեր կրոնական կազմակերպությունների անդամներ կարող են ենթարկվել հետապնդումների:

Առավել մտահոգիչ է ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունը, որով հոգեորսությունը սահմանվում է որպես հանցագործություն: Ըստ հիշյալ փոփոխության հոգեորսության համար նախատեսվում է պատիժ կալանք' մինչև 2 ամիս ժամկետով, իսկ եթե այն կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից, ապա կարող է պատժվել ազատազրկմամբ' առավելագույնը 2 տարի ժամկետով: Փոփխության 3-րդ կետն ընդհանրապես նախատեսում է պատիժ' ազատազրկում մինչև 4 տարի ժամկետով, եթե հոգեորսությունը կատարվել է ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ մոլեռանդության շարժառիթով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հոգեորսությանն առնչվող «Կոկինակիսն ընդդեմ Հունաստանի» գործով վճռել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 9-րդ հոդվածի խախտում: Կոկինակիսը Հունաստանի դատարանի կողմից դատապարտվել էր հոգեորսության համար: Պատճառ է հանդիսացել այն, որ Կոկինակիսը փորձել էր միջամտել իր հավատքից տարբերվող հավատքի հետևորդի կրոնական պատկերացումներին' մտադրություն ունենալով փոխելու այդ պատկերացումները: Հիշյալ գործով ՄԻԵԴ-ը փաստել էր, որ Հունաստանի դատարանի կողմից սահմանած պատիժը հանդիսանում է միջամտություն պրն Կոկինակիսի' իր կրոնին կամ հավատքին դավանելու ազատության իրավունքի իրացմանը:

ՀՀ նոր օրենքի նախագծով նաև նախատեսվում է, որ 25 և ավելի չափահաս հետևորդներ ունեցող կրոնական խումբը ենթակա է պարտադիր պետական գրանցման: Մեկ այլ կետում էլ նշվում է, որ կրոնական կազմակերպությունների կողմից օրենքների պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը:

Պարտադիր պետական գրանցման պահանջը ընդհանրապես հակասության մեջ է մտնում միավորումների ազատության գաղափարի հետ: Սակայն այն, որ կրոնական կազմակերպությունների նկատմամբ վերահսկողություն պետք է իրականացնի ՀՀ արդարադատության նախարարությունը, ապացուցում է, որ պետությունը ցանկանում է իր հսկողության տակ առնել նույնիսկ ամենափոքր կրոնական խմբերի գործունեությունը: Ակնհայտ է դառնում, որ պետությունը ուղղակիորեն փորձում է միջամտել կրոնական կազմակերպությունների գործունեությանը:

Սրան զուգահեռ նախատեսվում են փոփոխություններ նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքում, որով պատասխանատվություն է նախատեսվում անչափահասների նկատմամբ կրոնական քարոզչության, կրոնական խումբը գրանցելուց խուսափելու, դավանափոխ անելու նպատակով հետապնդելու կամ նյութական կամ սոցիալական բնույթի առավելություններ տրամադրելու և կրոնական կազմակերպությունների կողմից օրենքի պահանջները խախտելու համար:

Ուշադրության է արժանի նաև «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով հիշյալ օրենքը նախատեսվում է լրացնել նոր հոդվածով: Փոփոխությամբ սահմանվում է, որ պետությունը չի խոչընդոտում Հայ Առաքելական Եկեղեցու մենաշնորհ հանդիսացող առաքելությունների իրագործմանը, որոնք են օրինակ' ազատ քարոզել ու տարածել իր դավանանքը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, կառուցել նոր եկեղեցիներ, նպաստել հայ ժողովրդի հոգևոր կրթությանը, օրենքով սահմանված կարգով նաև պետական կրթական հաստատություններում, գործնականորեն աջակցել հայ ժողովրդի բարոյական կատարելագործմանը, ծավալել բարեգործական և բարեխնամ գործունեություն և այլն:

Այսինքն՝ օրենքով հստակ ամրագրվում է, որ հիշատակված առաքելությունները հանդիսանում են միայն Հայ Առաքելական Եկեղեցու մենաշնորհը: Ինչից հետևում է, որ մյուս կրոնական կազմակերպություններն ազատ քարոզելու, եկեղեցիներ կառուցելու, բարեգործություն ծավալելու, հայ ժողովրդի բարոյական կատարելագործմանն աջակցելու և այլ նման իրավունքներ չունեն: Առաքելական եկեղեցուն նման մենաշնորհներ տալը պետության կողմից առնվազն խտրական վերաբերմունքի դրսևորում է մյուս կրոնական համայնքների ու կազմակերպությունների նկատմամբ: Սրանով կասկածի տակ է դրվում Հայաստանի Հանրապետության' աշխարհիկ պետություն լինելու գաղափարը, և բարեգործությունն ու բարեխնամ գործունեությունը կամ հայ ժողովրդի բարոյական կատարելագործմանն աջակցելը դառնում է մենաշնորհ:

Օրենքներում նախատեսվող փոփոխություններից ակնհայտ է դառնում, որ Հայաստանում փորձ է արվում կրոնական կազմակերպությունների գործունեությունը դնել խիստ սահմանափակման և վերահսկողության տակ' թույլ չտալով ազատ քարոզելու ու տարածելու սեփական կրոնը:

Լուսանկարը՝ parliament.am-ի
Աղբյուրը՝ www.hra.am