ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Երբ մոռանում են, որ դատապարտված են (վիդեո)

Ազատազրկումից հետո 17-ամյա Արման Երանոսյանը (անունը փոխված է) պատրաստվում է զբաղվել փայտագործությամբ և կավագործությամբ. ուսուցիչների կարծիքով՝ իր մոտ լավ է ստացվում:
«Ես այս գործով զբաղվելիս մոռանում եմ, որ կալանավոր եմ, ինձ թվում է՝ գնացել եմ աշխատանքի ու գործ եմ անում»,- ասում է Արմանը:
Ժողստեղծագործության պետական թանգարանում հոկտեմբերի 26-ին բացվեց «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոնի» սաների գործերի ցուցահանդեսը: Անազատության մեջ գտնվող Արման Երանոսյանը և ևս երեք իրավախախտներ փայտագործությամբ և կավագործությամբ ստեղծած իրենց աշխատանքների համար ստացան պատվոգրեր։
«Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոնը» գործում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Այն հիմնադրվել է «Տրտու» մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Թեմիկ Խալափյանի կողմից:
Անազատության մեջ գտնվող 15 երեխաներ կենտրոնում սովորում են կերպարվեստ, խեցեգործություն, փայտի փորագրություն, թատերական արվեստ, ազգագրական երգ-պար, ստանում են համակարգչային գիտելիքներ, ինչպես նաև՝ հրատարակում «Էջ» պարբերականը:
Թեմիկ Խալափյանը հիմնելով կենտրոնը՝ հավատում է, որ արվեստի միջոցով կարող է դրական փոփոխություններ առաջացնել այդ տղաների մոտ ու բացառել կրկնակի հանցագործությունը:
«Փորձը ցույց է տալիս, որ ոչ ոք երկրորդ անգամ էլ հանցագործություն չի գործում ու շատերն այժմ իրենց օրվա հացն են վաստակում այն արհեստի ու արվեստի միջոցով, որն այստեղ են սովորել»,-ասում է Խալափյանը:
Նա ցավում է, որ ցուցահանդեսների ժամանակ ոչ ոք չի ցանկանում գնել տղաների գործերը, չնայած դրանք շատ քիչ են տարբերվում վարպետների գործերից: Միայն մի անգամ մի քանի գործ է գնել ՀՀ երկրորդ նախագահի կինը, իսկ գումարները փոխանցել են տղաների հաշվեհամարին:
2007թ.-ից կենտրոնը ոչ կայուն դրամաշնորհային ֆինանսավորումից անցել է պետական հոգածության, սակայն շատ խնդիրներ դեռ մնում են չլուծված, քանի որ նրանք դեռ չունեն սեփական տարածք ու պարապմունքներն անցկացնում են դպրոցական դասերին զուգահեռ և ոչ միշտ լավ պայմաններում:
Կենտրոնը նաև թատերական գործեր է բեմադրել. 2002թ. Համազգային թատրոնի բեմում անչափահաս իրավախախտները խաղացել են «Սասունցի Դավիթը» ներկայացումը։ Նրանք այնքան ոգևորված են եղել, որ թատերական խմբակի անդամներից մեկը նույնիսկ ցանկացել է «երկարաձգել» ազատազրկման ժամկետը, որ խաղա թատրոնում:
Անազատության մեջ գտնվող անչափահասների փայտյա և կավե ստեղծագործությունների ցուցահանդեսը վերջին ինը տարիների ընթացքում արդեն 20-րդն է ու նվիրված է ՀՀ անկախության 20-ամյակին։ Ցուցադրությունը կշարունակվի մինչև նոյեմբերի 3-ը։
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
