ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Անչափահասների արդարադատության խնդիրները Հայաստանում (վիդեո)

Նոյեմբերի 1-ին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն (ՔՀԻ) հանրությանը ներկայացրեց «Անչափահասների գործերով դատավարությունների դիտարկում» հաշվետվության արդյունքները:
Ուսումնասիրության շրջանակներում դիտարկվել է ընդհանուր առմամբ 37 գործ, որոնցում որպես ամբաստանյալ ներգրավված է եղել 39 անչափահաս՝ հիմնականում գողության (Քրեական օրենսգրքի 117 հոդված) մեղադրանքով։ Անչափահաս ամբաստանյալների միայն 2% է եղել աղջիկ, նրանց գերակշռող մասն արական սեռի ներկայացուցիչներ են:
Օրենքը չի առանձնացնում անչափահաս և չափահաս իրավախախտներին
ՔՀԻ իրավաբան Սիրանուշ Սահակյանի խոսքերով՝ հիմնական խնդիրն այն է, որ ՀՀ օրենսդրությունը հանցանք կատարած անչափահասին չի առանձնացնում չափահաս հանցագործներից և հաշվի չի առնում անչափահասների հատուկ կարիքները:
Նրա խոսքերով՝ միջազգային չափորոշիչները պահանջում են իրավախախտ անչափահասների նկատմամբ այլընտրանքային միջոցներ ձեռնարկել' առանց դատաքննության դիմելու (Երեխաների իրավունքների կոնվենցիայի 40(3)-րդ հոդված):
«Սակայն, ՀՀ օրենսդրությամբ, ոչ պատժիչ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցները հնարավոր է կիրառել միայն դատական քննության փուլում, ինչը հակասում է այլընտրանքային միջոցների կիրառման առաջնային նպատակներից մեկին՝ լուծել իրավախախտ անչափահասների գործերը' առանց դիմելու դատական ընթացակարգին»,- նշում է Սահակյանը:
2006 թ. Հայաստանում գործում են համայնքային վերականգնողական 8 կենտրոններ, սակայն, իրավաբանի խոսքերով, օրենսդրությամբ չի կարգավորվում' որ դեպքերում է հնարավոր կիրառել քրեական պատասխանատվության փոխարինումն այլընտրանքային միջոցներով:
Քրեական պատասխանատվության փոխարինումն այլընտրանքային միջոցներով (diversion) վերականգնողական արդարադատության կարևոր բաղկացուցիչներից է: «Այն հետ է պահում անչափահաս իրավախախտներին դատական գործընթացի բացասական ազդեցությունից, միաժամանակ մեղմում է ազատազրկմանը ուղեկցող ստորացումը և սոցիալական խզումը: Այս տեսանկյունից կարևոր է միջոցներ ձեռնարկել, որպեսզի երեխայի մոտ հանցագործի ինքնությունը չձևավորվի»,- նշում է Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով, որ տվյալ դեպքում շահում է և՛ անչափահասը, և՛ հասարակությունը, քանի որ համայնքին հասցված վնասը հատուցվում է, լուծվում է երեխայի վերաինտեգրման հարցը և պետությունը ազատվում է նրան քրեակատարողական հիմնարկում պահելու ծախսերից:
Ս.Սահակյանի խոսքերով՝ diversion-ը պահանջում է բոլոր գործերով նման հնարավորության ստեղծում անչափահասների համար, մինչդեռ Հայաստանում միայն որոշակի գործերով է ոստիկանությունը իրավախախտին ուղղորդում վերականգնողական կենտրոններ:
Իրավաբանի կողմից արված առաջարկություններից մեկը անչափահասների գործերը քննող դատավորներին, դատախազներին, քննիչներին, ոստիկանության աշխատակիցներին և հանրային պաշտպաններին վերապատրաստելն ու մասնագիտացնելն է: Նրա խոսքերով՝ վերապատրաստման դասընթացները պետք է լինեն կրկնվող և հետևողական, օրենսդրությամբ պետք է արգելել չվերապատրաստված մասնագետների կողմից անչափահասների գործերի վարումը:
Կալանքը և ազատազրկումը պետք է կիրառվեն միայն որպես ծայրահեղ միջոց
Անչափահասների արդարադատության համակարգը պետք է բավարար հնարավորություններ ստեղծի դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու համար և խստորեն սահմանափակի ազատությունից զրկումը։
Երեխաների իրավունքների կոնվենցիայի 37(2)հոդվածը սահմանում է, որ երեխայի ձերբակալությունը, կալանքը, ազատազրկումը որպես պատիժ պետք է կիրառվեն որպես ծայրահեղ միջոց և որքան հնարավոր է կարճ ժամանակով:
«Դիտարկված գործերի 25 %-ի դեպքում որպես խափանման միջոց նշանակվել է կալանավորումը, 90%-ի դեպքում որպես պատիժ ազատազրկում է նշանակվել, որից 47%-ը ազատվել է պայմանական՝ Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն: Դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց նշանակվել է միայն դիտարկված գործերի 2%-ի դեպքում»,- ներկայացրեց ՔՀԻ իրավաբան Տաթևիկ Ղարիբյանը:
Ուսումնասիրությունն իրականացրած փորձագիտական խումբն առաջարկում է կրճատել կալանավորման՝ որպես խափանման միջոցի, ինչպես նաև ազատազրկման ձևով նշանակված պատժի չափից ավելի օգտագործումը և տևողությունը՝ քննարկելով նաև նոր այլընտրանքային միջոցների ստեղծումը:
Մոնիտորինգի արդյունքները ցույց են տվել, որ դատարանը ցուցաբերում է կանխակալ վերաբերմունք անչափահաս ամբաստանյալների հանդեպ նրանց կողմից կատարված հանցանքի կապակցությամբ, նիստի ընթացքում մեկնաբանություններ է անում՝ ակնարկելով ամբաստանյալի կատարած հանցանքը, խախտելով անմեղության կանխավարկածի սկզբունքը։ Արձանագրվել են դեպքեր, երբ դատարանը պատշաճ ձևով չի պարզաբանել ամբաստանյալի իրավունքներն ու պարտականությունները:
«Դիտարկված գործերից 18%-ի դեպքում մեղադրյալին չի բացատրվել ցուցմունք չտալու և նախաքննական ցուցմունքներով կաշկանդված չլինելու իրավունքները, իսկ 15%-ի դեպքում չի պարզաբանվել, որ պարտավոր չէ պատասխանել առաջադրված հարցերին, և որ պատասխանելուց հրաժարվելը չի կարող օգտագործվել նրանց դեմ»,- ասում է իրավաբանը:
Դատաքննությունը պետք է լինի անչափահասին հարմարեցված պայմաններում և մատչելի լեզվով
Փորձագետ, հոգեբան Արշակ Գասպարյանի խոսքերով՝ անչափահասների գործերը քննող քննիչները, դատախազները, դատավորները հաշվի չեն առնում երեխայի տարիքային և հոգեբանական առանձնահատկությունները, հատուկ վերաբերմունք չեն ցուցաբերում:
«Անչափահասի հետ հարցաքննությունն արդյունավետ է, եթե չի գերազանցում 20-25 րոպեն: Դրանից հետո նրա ուշադրությունը սկսում է նվազել, իսկ մենք ունենք դատական նիստեր, որոնք տևում են ավելի քան 5 ժամ»,- ասում է Գասպարյանը:
Նա կարևորում է դատավորի կողմից երեխայի հետ անցկացվող նախնական զրույցը, որպեսզի երեխան դատարանն ընկալի ոչ թե պատժող ու վրեժ լուծող մարմին, այլ՝ դաստիարակչական և կանխարգելիչ բնույթ կրող: Մոնիտորինգի արդյունքներով՝ կայացած նիստերից միայն 10 տոկոսի դեպքում է դատավորը նախնական զրույց ունեցել անչափահաս ամբաստանյալի հետ:
Դիտարկված գործերից 88-ի դեպքում անչափահասը մեղադրվել է առաջին անգամ, ինչը, հոգեբանի խոսքերով, նյարդահոգեկան լարվածություն, տագնապի զգացում է առաջացնում երեխայի մոտ, որը կարող է դրսևորվել տարբեր ձևերով:
Հոգեբանի և նաև իրավաբանների խոսքերով՝ դիտարկված գործերի 44%-ի դեպքում դատավորները թերանում են հաշվի առնել անչափահաս անձի տարիքային առանձնահատկությունները, ընկալման հնարավորությունները, խոսքի զարգացվածության աստիճանը: Նիստերից 53%-ի դեպքում դատավորները խրթին լեզվով են ներկայացնում մեղադրանքը, արտահայտվում են շատ արագ և խիստ իրավական ձևակերպումներով:
«Դատարանը երբեմն տալիս է ուղղորդող՝ ցանկալի ելքով հարցեր, փակուղի տանող հարցեր, իր կանխակալ և ոչ հարգալից վերաբերմունքով անչափահաս ամբաստանյալին դրդում է արգրեսիվ վարքի: Երեխան երբեմն չի կարողանում հասկանալ իր նկատմամբ կայացրած վճռի էությունը»,- ասում է հոգեբանը՝ առաջարկելով, որ անչափահասների գործերով նիստերին պարտադիր ներկա լինի մանկավարժ, հոգեբան, լոգոպեդ կամ դեֆեկտոլոգ, եթե կա դրա անհրաժեշտությունը: Իսկ նիստերի տևողությունը պետք է լինի ոչ ավել քան 1 ժամ:
Նելլի Դուրյանը հերքում է, որ ոստիկանության բաժանմունքներում ինքնախոստովանական ցուցմունքներ են կորզվում
Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի նախագահ, փաստաբան Ինեսա Պետրոսյանը նշեց անչափահաս երեխաներին ոստիկանություն կանչելու, առանց օրինական ներկայացուցչի կամ պաշտպանի ներկայության բացատրություններ ու ինքնախոստովանական ցուցմունքներ «կորզելու» մասին, որոնց հիման վրա դատարանը անձին ենթարկում է քրեական պատասխանատվության: Նա առաջարկեց ոստիկանության շենքերում տեղադրել տեսաձայնագրող սարքեր՝ խոշտանգումներից և ավելորդ շահարկումներից խուսափելու համար:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով ստորաբաժանման պետ Նելլի Դուրյանը թեև նշեց, որ չի կարող առանձին դեպքեր բացառել, սակայն հակադարձեց փաստաբանին, ասելով, որ «կորզելու պրակտիկա անչափահասների առումով դրված չէ»: Նա նաև հավելեց, որ վերականգնողական համայնքային կենտրոնների ստեղծումից ի վեր ոստիկանությունում անչափահասների գործերով առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերվում: Դուրյանը կարևորում է մասնագիտացած ոստիկաններ ունենալը և, նրա խոսքերով, արդեն 10 տարի է իրավապահները միջազգային կազմակեպությունների օժանդակությամբ վերապատրաստման դասընթացներ են անցնում:
ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Ելիզավետա Դանիելյանը «շռայլություն» համարեց քրեական գործեր վարող 100 դատավորներին անչափահասների գործերով վերապատրաստելը:
«Մեր կարծիքով՝ յուրաքանչյուր դատարանում պետք է լինի մեկական դատավոր, ով ի թիվս այլ գործերի կքննի անչափահաս իրավախախտների վերաբերյալ գործեր: Այսօր կա դատական դպրոցը, որը սերտորեն համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ, որոնց միջոցով հնարավոր է դա անել: Դրա համար օրենսդրական փոփոխությունների կարիք չկա, դա հնարավոր է անել դատարանների խորհրդի նախագահի որոշման հիման վրա»,- ասաց Հայաստանում «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության ներկայացուցիչ Հայկ Խեմչյանը։
Իսկ Հայաստանի հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանի կարծիքով՝ որքան էլ միջոցներ ծախսվեն դատավորների վերապատրաստման վրա, դա շռայլություն չէ, որովհետև դրանից շահում է թե՛ պետությունը, թե՛ հասարակությունը:
Հանրային պաշտպան Ամալյա Ավագյանը բարձրաձայնեց իր հետ պատահած օրինախախտման մասին: ««Աբովյան» ՔԿՀ-ում մշակվել է բլանկ մեղայականով հադես գալու, որով հիմնարկի օպերատիվ բաժնի ղեկավարը՝ անչափահասների հետ աշխատող, իմ պաշտպանյալից կորզել էր խոստովանական ցուցմունք, մեղայականով հանդես գալու ցուցմունք և ուղարկել էր քննիչին, ինձ»,- ասաց հանրային պաշտպանը՝ ավելացնելով, որ նման դեպքեր եղել են նաև իր գործընկերների հետ, և պետք է բացառել առանց պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի անչափահասի կողմից նման ցուցմունքներ գրելը:
«Երրորդ եռամսյակում «Աբովյան» ՔԿՀ-ում անչափահասների կողմից նման 2 դեպք է եղել, երբ որ իրենք իրենց կատարած հանցանքի վերաբերյալ հայտնել են կամովին, և բլանկի վրա շարադրված չի եղել, գրված է եղել ազատ ոճով: Բլանկ ժամանակին մշակված է եղել՝ որպես դիմումի ձև, որը շատ կարճ ժամանակ օգտագործվել է և դուրս է բերվել պրակտիկայից»,- հակադարձեց ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն ուսումնասիրության արդյունքները և առաջարկությունները կներկայացնի բոլոր շահագրգիռ կառույցներին։
Հ.Գ. Քննարկման տեսանյութը՝ այստեղ։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
