ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Վաղվան սպասելիս

Վաղը՝ նոյեմբերի 15-ին, Սահմանադրական դատարանում կքննվի մարդու իրավունքների պաշտպանի դիմումը՝ Քաղաքացիական օրենսգրքի զրպարտության և վիրավորանքի դրույթների հակասահմանադրականության խնդրով: Սահմանադրական դատարանը, կարևորելով հարցի արագ լուծման անհրաժեշտությունը, որոշեց հետաձգել այլ գործերի քննությունը և բանավոր ընթացակարգով սկսել դատաքննությունը:
Լրատվամիջոցների դեմ դատական հայցերը զգալիորեն ավելացել են զրպարտության և վիրավորանքի հոդվածների ապաքրեականացումից հետո, երբ հատկապես փոխհատուցման հնարավոր գումարը երբեմն կարող է սպառնալ լրատվամիջոցի գոյությանը:
Այժմ ՀՀ դատական ատյաններում են գտնվում զրպարտության և վիրավորանքի մեղադրանքով երեք տասնյակից ավելի գործեր՝ ընդդեմ զանգվածային լրատվամիջոցների: Այս գործերից շատերի քննությունը ժամանակավորապես կասեցվել է՝ սպասելով Սահմանադրական դատարանի որոշմանը:
«Յուրաքանչյուր հոդված ընթերցելիս մտածում եմ՝ ամեն տողի ետևում ինչ դատական հայց է թաքնված: Խոսքի ազատությունը մարդկանց վիրավորելը և զրպարտելը չի: Դատական հայցերը այնպիսին են, որ հնարավոր չէ տրամաբանության շրջանակում նայել: Երեկ դատարանում փաստաբանը 18 մլն դրամ է պահանջում մեր կայքում ընթերցողների կողմից մեկնաբանությունների տեղադրման համար: Ի վերջո ո՞րն է սահմանը՝ արտահայտվելու ազատության սահմանը»,- միջազգային և հայաստանյան փորձագետներին հարց տվեց «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը «Լրատվամիջոցներն այսօր» աշխատաժողովի ընթացքում:
«Հրապարակի» դեմ վերջին դատական գործով փաստաբան Արթուր Գրիգորյանը 18 մլն դրամ է պահանջում ոչ թե թերթի հոդվածում, այլ հոդվածին՝ ընթերցողների արած մեկնաբանություններում, նրա կարծիքով՝ վիրավորանք և զրպարտություն պարունակող մի քանի բառերի համար:
Այն նախադեպային հայց է, քանի որ առնչվում է ընթերցողի մեկնաբանությանը: Դատարանի որևէ որոշում կարող է նախադեպ լինել, որ համացանցում ցանկացած տեղ՝ լրատվամիջոցի կայքում, անհատի բլոգում կամ սոցիալական ցանցերից մեկում, արտահայտած կարծիքն ու մեկնաբանությունը կարող են դառնալ դատական հետապնդման առարկա:
Այլընտրանքային լրատվամիջոցների ծրագրի ղեկավար Մանանա Ասլամազյանը ներկայացրեց Ռուսաստանի փորձը. համապատասխան պետական կազմակերպությունը՝ «Ռոսնադզորը», նամակով դիմում է կայքին՝ հանել վիրավորանք պարունակող մեկնաբանությունը, և եթե կայքը 24 ժամվա ընթացքում չի հետևում դիմումին, տվյալ լրատվամիջոցը նախազգուշացում է ստանում. մի քանի նախազգուշացումից հետո լրատվամիջոցն ուղղակի փակվում է:
«Ինտերնյուս-Հայաստան» կազմակերպության ղեկավար Նունե Սարգսյանը կոչ արեց համբերել և չփորձել որևէ լուծում տալ, քանի որ աշխարհում դեռ այս հարցով ամբողջական ձևավորված դիրքորոշում չկա, ինտերնետի հետ կապված օրենսդրական կարգավորումները թերի են, և հարկ չկա առաջ ընկնել ու փորձել Հայաստանում օրենքի կամ դատական իշխանության ուժերով լուծել այս հարցը՝ մինչև կլինի գլոբալ լուծումը:
«Լրագրողները հաճախ կարծում են, թե ճշմարտությունն իրենցն է»
«Դատարանում գտնվող երեսուն գործերից չորսն ենք հասցրել դիտարկել: Կարդալով այդ տեքստերը, իմ մեջ ներքին ընդվզում էր լինում, որովհետև եթե ես լինեի այդ մարդկանց փոխարեն, ում մասին այդպես գրել են, ես էլ կդիմեի դատարան: Մենք կարող ենք շատ բողոքել, որ չինովնիկները վատն են, բայց եկեք սկսենք մեզնից»,-ասաց Մանանա Ասլամազյանը:
Քննարկման մասնակիցները բարձրացրեցին նաև լրագրողական էթիկայի և վարպետության հարցը, նշելով՝ եթե լրագրողները բավականաչափ պրոֆեսիոնալ մոտենան իրենց աշխատանքին, կնվազեն նրանց դեմ դատական հայցերը:
«Երբ խոսքը գնում է զրպարտության մասին մամուլի պարագայում անհրաժեշտ է ոչ միայն համապատասխան օրենսդրության, այլ նաև լրագրողական էթիկայի առկայություն: Լրագրողները շատ դեպքերում կարծում են, որ ճշմարտությունը միայն իրենցն է , բայց պետք է որդեգրել այնպիսի մոտեցում, որով ճշմարտությունը միայն իրենցը չի լինի: Անհրաժեշտ է որդեգրել դիվանագիտական մոտեցում թիրախի նկատմամբ. վերջինս նույնպես իրավունքներ ունի: Ե՛վ լրագրողի, և՛ թիրախի իրավունքները պետք է հավասարակշռված լինեն»,- կարծում է Վիմ Քրիլը՝ Բելգիայի լրագրողների միության ղեկավարը:
«Լրատվամիջոցներն այսօր» աշխատաժողովի արդյունքում միջազգային և հայաստանյան փորձագետներն առաջարկներ մշակեցին. մասնավորապես կառավարությանն առաջարկվում է նվազեցնել զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցման չափը, որպեսզի վերջիններս չվտանգեն լրատվամիջոցների գոյությունը և քայլեր ձեռնարկել, որպեսզի ՀՀ դատարանները հատկապես լրատվամիջոցներին առնչվող գործերի ընթացքում ղեկավարվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերով, իսկ ԶԼՄ-ին՝ հետևել էթիկային և աշխատել ավելի պրոֆեսիոնալ:
Ինչևէ, մինչ առաջարկներն իրականություն դառնան, արդեն վաղը՝ նոյեմբերի 15-ին, Սահմանադրական դատարանը կքննի զրպարտության և վիրավորանքի մասին դրույթները (ՀՀ քաղ.օրենսգրքի 1087(1) հոդված): Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ինքն է պաշտպանելու իր դիմումը, պատասխանող կողմ է ճանաչվել Ազգային ժողովը:
Հ.Գ. «Լրատվամիջոցներն այսօր» աշխատաժողովը Եվրամիություն-Հայաստան քաղաքացիական հասարակության մարդու իրավունքների թեմայով երկրորդ սեմինարն էր, որը տեղի ունեցավ նոյեմբերի 8-9-ը:
Աղավնի Եղիազարյան
Աղբյուրը՝ www.hra.am
