ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ոչ ոք ապահովագրված չէ հաշմանդամությունից. այսօր Հաշմանդամների միջազգային օրն է

Հայաստանում ապրում է շուրջ 180 հազար հաշմանդամ, նրանցից մոտ 8 հազարը երեխաներ են: Առօրյայում մենք քիչ ենք հանդիպում նրանց. դպրոցում, բուհում, աշխատավայրում, փողոցում, այգում հազվադեպ կտեսնես հաշմանդամություն ունեցող մարդու: Միջավայրը, որում մենք ապրում ենք հարմար չէ բոլորին: Հայաստանում ապրող հատուկ կարիքներ ունեցող մարդկանց կրթության, զբաղվածության, միջավայրի և տրանսպորտի մատչելիության ոլորտներում առկա խնդիրները տարեցտարի լուծումներ չեն ստանում:
Այս տարվա ընթացքում կառավարությունը հաշմանդամների խնդիրների լուծմանն ընդառաջ մշակել է նոր օրինագիծ, իսկ Զբաղվածության պետական ծառայություն գործակալությունն իրականացրել 4 ծրագիր. արտադրական պրակտիկայի կազմակերպում, գործատուին հաշմանդամ աշխատակցին տրված աշխատավարձի 50 տոկոսի տրամադրում, աշխատանքային չափանիշների վերլուծություն և այլն:
«Տարվա կտրվածքով, իհարկե, ծրագրեր արվել են: Բայց ես ցանկացած ծրագրի արդյունավետությունը գնահատում եմ հենց արդյունքներով՝ տեսանելի արդյունքներով: Ըստ պաշտոնական տվյալների՝ տարեկան շուրջ հարյուր հաշմանդամ ընդունվում է աշխատանքի: Շատ լավ է, դա պետք չէ անտեսել՝ ողջունելի է: Բայց եթե մենք ունենք գրեթե 180 հազար հաշմանդամ, որոնցից ենթադրաբար հարյուր հազարն աշխատունակ է, ապա 1000 տարի մենք պետք է սպասենք, որ այս տեմպերով այդ հարյուր հազարը տեղավորվեն աշխատանքի: Պետք են ավելի ակտիվ, ավելի արդյունավետ միջոցառումներ»,- ասում է Արմեն Ալավերդյանը՝ «Ունիսոն» հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ի ղեկավարը:
Նոր օրինագիծ. հաշմանդամությունը ճանաչելու նոր մոդել
ՀՀ կառավարությունը նախաձեռնել է նոր օրինագծի մշակում, որը բխում է Հայաստանի կողմից վավերացված Հաշմանդամ մարդկանց իրավունքների կոնվենցիայից:
«Մեր նպատակն է սոցիալական պաշտպանության քաղաքականությունից անցնել սոցիալական ներառման քաղաքականության։ Այսինքն՝ բոլոր բնագավառներում ստեղծել այնպիսի պայմաններ, որ հաշմանդամություն ունեցող անձինք կարողանան հավասարը հավասարին մասնակցել հասարակական կյանքին »,- ասում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության ավագ մասնագետ Աննա Հակոբյանը:
Օրինագծի հեղինակները նախատեսւոմ են փոխել հաշմանդամության ճանաչման գորընթացը: Եթե հիմա հաշմանդամություն է ճանաչվում հիվանդության աստիճանով և թե որքանով է սահմանափակվել մարդու կենսագործունեությունն այդ հիվանդությամբ, ապա նոր մոդելն առաջարկում է որոշել մարդու աշխատունակության աստիճանը՝ որքանով է պահպանված նրա աշխատունակությունը և դրանից ելնելով որոշել, թե աշխատելու, կենսաթոշակի և նպաստի խնդիրը: Երեխաների դեպքում՝ այլ հիմքով կդիտարկվի. ուսումնառելու ունակություն և այլ առանձնահատկություններ, որոնց վրա կաշխատեն մասնագետներ:
«Հաշմանդամության սահմանման նոր մոդելը մշակված է և գտնվում է կառավարությունում, երբ այն հաստատվի, օրենքի նախագիծը կներկայացվի Ազգային ժողով»,- ասում է Աննա Հակոբյանը:
Հաշմանդամության ճանաչման նոր մոդելի հետ համաձայն չէ Արմեն Ալավերդյանը: Նրա կարծիքով՝ մենք պատրաստ չենք անցնել նոր մոդելին, այժմ հնարավոր չէ օբյեկտիվորեն գնահատել մարդու աշխատունակության տոկոսը. «Օրինակ՝ ես «Մարիոթ» հյուրանոցում 100%-ով աշխատունակ եմ, որովհետև ինքնուրույն ամեն ինչ կարող եմ անել՝ ամեն ինչ հարմարեցված է ինձ նման հաշմանդամի համար: Բայց Կոնսերվատորիայում, իսկ ես մասնագիտությամբ ջութակահար եմ, ես լրիվ անաշխատունակ եմ. չնայած ես մասնագետ եմ, ունեմ համապատասխան դիպլոմ: Հիմա ինձ նման անձին գնահատելիս, ինչպես են որոշելու աշխատունակության տոկոսը. 0 մինչև 100՝ կախված պայմաններից»,- բացատրում է Ա. Ալավերդյանը՝ ավելացնելով, որ առայժմ նոր մոդելը կարող է լինել նոր չարաշահումների պատճառ և բազմաթիվ մարդիկ կարող են պարզապես զրկվել իրենց թոշակից:
Օրինագիծը սկզբում ներառել է աշխատանքային քվոտաների մասին անցումային դրույթ, այն պետք է գործեր 2015թ.-ից, բայց մշակումների արդյունքում այս դրույթն ամբողջովին ջնջվել է:
«Ես կտրուկ դեմ եմ, որ աշխատանքային քվոտաների հարցը հանվեց: Ես նույնսիկ դեմ էի, որ այն գործելու էր 2015թ.-ից, իսկ ինչո՞ւ, ինչի՞ց ենք վախենում: Կարելի է գրել, որ կարգը կսահմանի կառավարությունը: Ու կառավարության փորձագետները թող մտածեն՝ ինչպես սահմանել, որպեսզի չխեղդեն բիզնեսը և աստիճանաբար ներմուծվի այդ համակարգը: Բայց հիմա այդ կետը ընդհանրապես չկա, պարզապես ջնջվել է օրինագծից»,- իր դժգոհությունն է արտահայտում ՀԿ-ի ղեկավարը:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն էլ իր հերթին առարկում է` նշելով, որ իրենք ուսումնասիրել են միջազգային փորձը, և նույնսիկ այն երկրներում, որտեղ կա այդպիսի դրույթ իրականում այն չի արդարացնում իրեն:
«Ամռանը մեծ աշխատանքային խումբ մեկնեց եվրոպական երկրներից մեկը՝ Սերբիա, որտեղ մի քանի տարի է այդ քվոտայի ծրագիրը գոյություն ունի: Բայց այն իրեն չի արդարացնում. գործատուն ավելի շատ գերադասում է հարկերը վճարել, քան հաշմանդամ աշխատակից ունենալ,-ասում է Աննա Հակոբյանը,- բացատրությունն այն է, որ հաշմանդամ մարդուն դեռ պետք է պատրաստել այդ աշխատանքին, արդյուանվետությունը բարձրացնել, որպեսզի գործատուն ցանկանա ընդունել: Այս հանգամանքն էր հիմնականում, որ մեզ դեռևս հետ պահեց, որովհետև Հայաստանում նույն այս խնդիրը գործատուների մոտ կառաջանա»:
Արմեն Ալավերդյանը պնդում է աշխատանքային քվոտաների կարևորությունը և քննարկման պատրաստվում. «Պահանջելու ենք խորհրդարանական լսումներ, պարզապես կոճակներ սեղմելով այս օրենքը չի ընդունվելու: Այն հազարավոր մարդկանց կյանքին է վերաբերում ու պետք է առավելագույնս ապահովի հաշմանդամների իրավունքների իրացումը»:
Հ.Գ. 1992թ.-ին Միացյալ ազգերի կազմակերպությունը դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր: 2006թ. դեկտեմբերին Հայաստանը միացավ հաշմանդամների իրավունքների կոնվենցիային:
Աղավնի Եղիազարյան
Աղբյուրը՝ www.hra.am
