ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ոտնձգություն եկեղեցու հանդե՞պ, թե՞ ճնշում կրոնական կազմակերպությունների վրա

Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովվի և եհովայի վկայի միջև տեղի ունեցած վիճաբանության քննությունը հավանաբար կշարունակվի նաև Վերաքննիչ դատարանում:
Տեր Եսայի քահանա Արթենյանը և իր փաստաբանը բողոքարկման վերջնական որոշումը կկայացնեն առաջին ատյանի դատարանի որոշումը ձեռքի տակ ունենալուց հետո: Իսկ «Եհովայի վկա» կազմակերպության տվյալներով՝ ամենայն հավանականությամբ պաշտպանական կողմը կվիճարկի դատարանի որոշումը:
Հիշեցնենք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Տիգրան Պետրոսյան) նոյեմբերի 28-ին վճռեց «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամ 1985թ. ծնված Անդրանիկ Մակվեցյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասով (քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը) և դատապարտել 6 ամսվա ազատազրկման: Մակվեցյանը կալանավորվել է դատական նիստերի դահլիճից:
Գործի փաստական հանգամանքները
Հոգևոր հովվի և Եհովայի վկայի միջև վիճաբանությունը տեղի է ունեցել 2011 թ. մայիսի 15-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում:
Ըստ գործի նյութերի՝ «Տեր Եսայի քահանա Արտակ Արթենյանը, նկատելով, որ Եհովայի վկաներ աղանդավորական կազմակերպության անդամներ Անդրանիկ Մակվեցյանը և Սամվել Գրիգորյանը եկեղեցու բակում զբաղված են երկու քաղաքացիների քարոզչությամբ», մոտեցել է նրանց և խնդրել հեռանալ եկեղեցու տարածքից: Տղաները հրաժարվել են հեռանալ վիճաբանության մեջ են մտել քահանայի հետ: Քահանան փորձել է իր բջջային հեռախոսով նկարել տղաների՝ քարոզչությամբ զբաղվելու փաստը, սակայն Անդրանիկ Մակվեցյանը խլել է հեռախոսը: Տեր Եսայի քահանան փորձել է ետ վերցնել հեռախոսը, սակայն Մակվեցյանը բռունցքով հարվածել է նրա ձեռքին:
«Դրանից հետո Անդրանիկ Մակվեցյանը «քո հալը դեռ կտեսնես» և «կոկորդդ կրծելու եմ» արտահայտություններով առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքներ է տվել Տեր Եսայի քահանային և հեռացել»,- գրված է գործի նյութերում:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով (ծեծը), 322 հոդվածի առաջին մասով (ինքնիրավչությունը) և 137 հոդվածի առաջին մասով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը): Սակայն պաշտպանող դատախազը հոկտեմբերի 21-ին փոփոխել է մեղադրանքի ծավալը և ավելացրել է ևս մեկ հոդված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասը: Հենց այս հոդվածով էլ Անդրանիկ Մակվեցյանը մեղավոր է ճանաչվել:
Դատարանում ամբաստանյալն ամեն ինչ հերքել է
Դատարանը ապացուցված է համարել, որ ամբաստանյալ Անդրանիկ Մակվեցյանը քահանային ասել է «քո հալը կտեսնես», «կոկորդդ կրծելու եմ» արտահայտությունները, սակայն առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքները դատարանի կողմից իրական վտանգ չեն համարվել:
Մակվեցյանը դատարանում տված ցուցմունքում ասել է, որ քահանայի ձեռքից հեռախոս չի վերցրել, նրան չի սպառնացել, նման արտահայտություններ չի արել, ընդհակառակը՝ Արթենյանն է իրենց վիրավորել՝ ասելով «թուրքի լամուկներ», «անհավատներ», «հոգևորսներ», «այլանդակի ծնունդ»:
Իսկ դեպքին ականատես, առաքելական եկեղեցու հետևորդ Պարգև Բադոյանն իր ցուցմունքում նշել է, որ միայն լսել է, որ քահանան ասել է «հոգևորսներ», «ազգը աղտոտողներ», «այլանդակներ», այլ արտահայտություններ, սպառնալիք կամ բռնություն քահանայի կողմից Բադոյանը չի տեսել:
Մեր այն հարցին, թե Անդրանիկ Մակվեցյանն ասե՞լ է «կոկորդդ կրծելու եմ» արտահայտությունը, «Եհովայի վկաներ» կազմակերպության քարտուղար Տիգրան Հարությունյանը պատասխանեց. «Եթե նա այդպիսի բան նկատի ունենար, ինչպե՞ս կարող էր վերջում իր աձնական տվյալները, հեռախոսի համարը թողել, նոր հեռանալ: Այսինքն՝ դա իրական սպառնալիք չի եղել, եթե նույնիսկ նման բան ասած լինի»:
Ո՞վ է վեճը հրահրողը
«Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության քարտուղար և հասարակության հետ կապերի պատասխանատու Տիգրան Հարությունյանը պնդում է, որ քահանան է հրահրել միջադեպը և անպատիվ խոսքեր ասել տղաներին:
«Քահանա Արթենյանն էր անձամբ մոտեցել, վիրավորել, անպատվել և այդ ամեն ինչի վրա թե՛ դատարանը, թե՛ ոստիկանությունը աչք փակեցին: Դատարանում վկան փաստեց, որ քահանա Արթենյանը նվաստացուցիչ խոսքեր է ասել: Ի՞նչն է պատճառը, որ Անդրանիկ Մակվեցյանը դիմել է ոստիկանություն, որ իր շահերը ոտնահարել են, իրեն վիրավորել են, նվաստացրել են, բայց այդ դիմումին ոստիկանությունը ընթացք չտվեց: Հետևությունները թողնում եմ ձեզ»,- www.hra.am -ին ասաց Հարությունյանը:
Նրա կարծիքով՝ քահանան է խոչընդոտել երիտասարդներին ազատորեն իրենց քարոզն իրականացնել . «Մարդուն ազատազրկում են իր հավատալիքների մասին ուրիշների հետ խոսելու համար, դա արդեն բոլոր սահմաններն անցնում է: Մեղադրական եզրակացությունը եթե նայես, կարծես թե վերաբերում է ոչ թե Անդրանիկ Մակվեցյանին, այլ ամբողջ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությանը»:
Տիգրան Հարությունյանը պնդում է, որ լրատվամիջոցները սուտ տեղեկություններ են հաղորդում միջադեպի տեղի վերաբերյալ: Դեպքը, նրա խոսքերով, տեղի է ունեցել ոչ թե եկեղեցուն պատկանող տարածքում, այլ հասարակական վայրում՝ եկեղեցուց 60-70մ հեռավորության վրա՝ փողոցի մայթեզրին:
Հիշեցնենք, որ Տեր Եսայի քահանա Արթենյանը ավելի վաղ ասել էր, որ երբ խնդրել է հեռանալ եկեղեցու տարածքից, երիտասարդները պահանջել են փաստաթուղթ, որ այդ տարածքը պատկանում է եկեղեցուն:

«Դեպքը եղել է եկեղեցու ճանապարհի մայթեզրին, կադաստրի վկայականով այդ տարածքը կոնկրետ եկեղեցուն չի պատկանում: Բայց այդ տարածքն ամբողջը բարեկարգել ենք մենք, կանաչապատումը, բարեկարգումը ամբողջը եկեղեցու կողմից է արվել, մեր այգեպաններն են այդ տարածքը մշակում, մաքրում, բարեկարգում, այսինքն՝ դա համայնքի կողմից ընկալվում է որպես եկեղեցու տարածք»,- www.hra.am -ին պարզաբանեց քահանա Տեր Եսային:
Նա ավելացրեց, որ իրենք տարածքի հարց չեն վիճարկում. «Խնդիրն ավելի շատ այն է, որ իրենք քարոզում են մեր եկեղեցի հաճախող հավատացյալին,- ասում է Տեր Եսայի քահանա Արթենյանը,- նրանք կարող է չմտնեն եկեղեցուն պատկանող կադաստրային տարածք, բայց կանգնեն անմիջապես սահմանին, մայթի մոտ, որը գրեթե նույն բանն է մեզ համար։ Ես դրա մեջ տեսնում եմ դիտավորություն, որովհետև դա այն ճանապարհն է, որով հավատացյալները գալիս են եկեղեցի»:
Նրա խոսքերով՝ Եհովայի վկաները թիրախ են վերցրել Սուրբ Երրորդություն եկեղեցու տարածքը. «Դա միայն այդ երկու երիտասարդով պայմանավորված չէ: Վերջին մի քանի տարիների ընթացքում միշտ էլ եկեղեցու տարածքն իրենց համար եղել է թիրախ, այսինքն՝ միշտ իրենք այդտեղ եղել են, միշտ ես իրենց հետ կոնֆլիկտ եմ ունեցել, բայց՝ ոչ այս տեսակ»,- նշում է հոգևոր հովիվը՝ հավելելով, որ իրենց եկեղեցին Եհովայի վկաների միակ «թիրախը» չէ:
Եհովայի վկայի արարքում հանցակազմ չկա
«Անդրանիկ Մակվեցյանի արարքում Քրօր. 143-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը բացակայում է, որովհետև այդ հոդվածով արգելվում է մարդու և քաղաքացու իրավունքները և ազատությունները խախտելը՝ ելնելով խտրական վերաբերմունքից։ Մարդու իրավունքներն ուղղահայաց հարաբերություններ են և կարող են խախտվել միայն պետության կողմից, այլ ոչ թե մասնավոր անձի։ Հետևաբար Անդրանիկ Մակվեցյանը` չունենալով պետական իշխանություն, չէր կարող խախտել այլ անձի, մարդու իրավունքները և ազատությունները»,-ասում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արման Դանիելյանը։
Անդրադառնալով եհովայի վկայի և քահանայի միջև տեղի ունեցած միջադեպին՝ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» ՀԿ–ի նախագահ, Religions.am կայքի խմբագիր Ստեփան Դանիելյանը կարևորում է դեպքի վայրը. «Եթե եկեղեցու տարածքում է եղել, դա արդեն ագրեսիա է: Ցանկացած եկեղեցու տարածքում մեկ ուրիշը մտնի, քարոզ անի, դա սահման է, որը պետք չէ անցնել: Իսկ եթե եկեղեցու տարածքից դուրս է եղել, դա որակապես փոխում է ամեն ինչ»:
«Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ կատարվածը հերթական վարկաբեկող քարոզչությունն է. «Հայ առաքելական եկեղեցին ահավոր անհանդուրժող է ցանկացած այլ քրիստոնեական և այլ ուղղությունների նկատմամբ, որևէ առիթ բաց չի թողնում վարկաբեկելու և իհարկե՝ պետության օգնությամբ ամենակոշտ միջոցները կիրառելու այլ կրոնական կազմակերպությունների նկատմամբ»:

Ստեփան Դանիելյանը կարծում է, որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ որոշումները կայացվում են քաղաքական դրդապատճառներով, ուստի ինքը դատարաններին չի վստահում, որովհետև դրանք անկախ չեն:
«Պետությունը կրոնական կազմակերպությունների նկատմամբ վարում է թշնամության քաղաքականություն, որն արտահայտվում է տարբեր պաշտոնյաների հակասահմանադրական ելույթներում, և վարվում է այնպիսի քարոզչություն՝ հատկապես հեռուստատեսությամբ, որը քրեորեն պատժելի է, բայց չի պատժվում: Դա արդեն կարելի է համարել պետական քաղաքականություն»,- ասում է Ստեփան Դանիելյանը:
Մերի Ալեքսանյան
Նկարը` www.wikipedia.org
Աղբյուրը՝ www.hra.am
