Իրավապաշտպանների պաշտպանության զեկույց 2011

Դեկտեմբերի 14-ին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) ՀԿ խորհրդի նախագահ, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտակ Կիրակոսյանը և ՔՀԻ նախագահ Արման Դանիելյանը ամփոփ ներկայացրեցին աշխարհում իրավապաշտպանների պաշտպանության վերաբերյալ 2011թ. զեկույցը:

Այն պատրաստվել է Իրավապաշտպանների պաշտպանության օբսերվատորիայի կողմից, որը Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) և Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպության  (OMCT) համատեղ ծրագիրն է:

Զեկույցում ներկայացվում է իրավապաշտպաննների դեմ տեղի ունեցած իրադարձությունները աշխարհի 70 երկրներում 2010 թ. հունվարից մինչև 2011 թ. ապրիլը: Զեկույցը պատրաստել են Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի անդամ կազմակերպությունները։ Հայաստանին վերաբերող տեղեկատվությունը տրամադրել է Ֆեդերացիայի հայաստանյան ներկայացուցիչ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն:

Ընդհանուր պատկերը ցույց է տալիս, որ իրավապաշտպանները համեմատաբար ավելի պաշտպանված են Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ–ում: Արաբական երկրներում տեղի ունեցած հեղափոխությունները և ազատական շարժումները զեկույցում դրական են գնահատված: «Մյուս կողմից՝ դրանց պատճառով որոշ պետություններում իշխանությունները կանխարգելիչ նպատակներով ուժեղացրեցին բռնություններն ու ճնշումները իրավապաշտպանների և ընդդիմադիրների նկատմամբ՝ վախենալով հեղափոխությունից, ինչպես, օրինակ՝ Բելառուսում»,- ասում է Արտակ Կիրակոսյանը:

Հայաստանում 2010թ. առկա խնդիրներից Իրավապաշտպանների պաշտպանության օբսերվատորիան առանձնացրել է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը, փորձագետների գնահատմամբ, սպառնալիք էր ՀԿ սեկտորի համար և քաղաքացիական հասարակության ճնշման շնորհիվ հանվեց շրջանառությունից: Մյուսը հեռուստատեսության թվայնացման գործընթացից բխող խնդիրներն են՝ հեռուստաընկերությունների եթերազրկումը, «Ա1+»-ին եթեր չտրամադրելը: Զեկույցն ամփոփում է նաև Հայաստանում քաղաքական իրավիճակը. դեռևս չի իրականացվել 2008թ. մարտի  դեպքերի արդյունավետ քննություն։

Զեկույցում ներկայացված է 2010թ. մայիսին Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու իրավունքի պաշտպանության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների (Անի և Սարգիս Գևորգյաններ, Դավիթ Քիրամիջյան) նկատմամբ ճնշումներն ու նրանց նկատմամբ հարուցված քրեական գործը:

Մարդու իրավունքների օբսերվատորիան չի անտեսել փաստաբան Մուշեղ Շուշանյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, որը կարճվեց հոդվածի հակասահմանադրական լինելու հիմքով,  հասարակական ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ հարուցված և կարճված գործը, որի համար նա չկարողացավ բարոյական վնասի փոխհատուցում ստանալ տեղական դատարաններում, ինչպես նաև՝ Հելսինկյան ասոցիացիայի լրագրող և լուսանկարիչ Արշալույս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը:

Արտակ Կիրակոսյանի գնահատմամբ՝ 2008թ. համեմատ Հայաստանում դրական տեղաշարժեր կան, ինչպես լինում է ընտրությունից ընտրություն ընկած միջանկյալ հատվածում:

«Բայց առջևում ընտրություններ են և դրանք իսկական փորձություն են լինելու մեզ համար»,- ասում է Արտակ Կիրակոսյանը՝ կանխատեսելով, որ իրավիճակն ավելի թեժ կլինի նախագահական ընտրությունների ժամանակ:

Նա կարծում է, որ Հայաստանը այն երկրների շարքում է, որտեղ ռեֆորմների միջոցով հնարավոր է հասնել դրական փոփոխությունների՝ ի տարբերություն, օրինակ՝ Բելառուսի, որտեղ ռեժիմի փոփոխությունն ավելի հավանական է հեղափոխության ճանապարհով:

Զեկույցում Արևմտյան Եվրոպայի երկրներում իրավապաշտպանների վիճակը ներկայացված է ընդհանրական: Առանձին անդրադարձ կա միայն Թուրքիային, որտեղ շատ են բռնությունները և ճնշումները իրավապաշտպանների՝ հատկապես քրդական համայնքի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպանների նկատմամբ: Մինչև 36 տարի ազատազրկում է սպառնում գրող և սոցիոլոգ Փինար Սելեկին, ով Թուրքիայում արդեն 13 տարի է զբաղվում է կանանց և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ: Նրան առաջադրված մեղադրանքը, ըստ զեկույցի, անհիմն է և շինծու:

«Կենտրոնական Ասիայի երկրներում մարդու իրավունքների պաշտպանները շարունակել են իրենց աշխատանքներն իրականացնել բարդ և վտանգավոր միջավայրում, երբեմն թշնամական վերաբերմունքի արժանանալով»,- գրված է զեկույցն ամփոփող թողարկման մեջ:

Կիրակոսյանի գնահատմամբ՝ եվրոպական երկրներից ամենավատ իրավիճակը Բելառուսում է, որտեղ շատ են ճնշումներն իրավապաշտպան գործունեությամբ զբաղվողների նկատմամբ: Վերջերս 4,5 տարվա ազատազրկման դատապարտվեց «Վյասնա» կենտրոնի նախագահ և FIDH-ի փոխնախագահ Ալես Բելյացկին: Հայաստանում, ինչպես այլ երկրներում, զեկույցը ներկայացնելիս բանախոսների շարքում Ալես Բելյացկու համար ազատ աթոռ էր նախատեսված՝ որպես նրան ազատ արձակելու կոչ։

Իրավապաշտպանների պաշտպանության վերաբերյալ 2011թ. զեկույցն ամբողջությամբ անգլերենով՝ այստեղ։ Զեկույցի Հայաստանին վերաբերող մասը հայերենով՝ այստեղ։ 

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am