ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մարդու իրավունքները փակ հաստատություններում. դիտորդական խմբերն ամփոփում են տարին

Ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայրեր (ՁՊՎ)
2005 թ. ստեղծված ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի ղեկավար Սուրեն Իսկանդարյանը, ամփոփելով 2011 թվականը, ասում է, որ իրենք ունեցել են ձեռքբերումներ, սակայն խնդիրներ ու անելիքներ դեռ կան:
«Այսօր ավելի շատ ոչ թե օրենսդրական բացեր ու հակասություններ կան, այլ չկիրառվող օրենքներ: 2011 թ. մեր աշխատանքն ուղղված է եղել եղած օրենքները կիրառելուն, գործի դնելուն: Դրանից հետո նոր կխոսենք հակասությունների կամ բացերի մասին»,- www.hra.am -ի հետ զրույցում ասաց դիտորդական խմբի ղեկավարը: Նրա խոսքերով՝ ամենաշատ խախտումները կատարվում են քննիչների կողմից:
Ըստ Իսկանդարյանի՝ արձանագրված դրական տեղաշարժերից մեկն այն է, որ դիտորդների խմբի ջանքերով օրենդրության որոշ դրույթներ, որոնք նախկինում չէին կիրառվում, սկսել են կիրառվել: Իրավապաշտպանն ասում է, որ նախկինում, խորհրդային տարիներից եկած աշխատելաոճով, ոստիկանները ձերբակալումը և կալանավորումը իրականացնում էին ըստ իրենց հայեցողության՝ առանց օրենքով նախատեսված ընթացակարգերի:
Իսկանդարյանի խոսքերով՝ հիմա օրենքը սկսել է կիրառվել. «Անձը առանց բավարար հիմքերի ՁՊՎ-ում չի պահվում, իսկ եթե տեղափոխվում է քրեակատարողական հիմնարկ, ապա պետք է լինի դատարանի կողմից կայացված կալանավորման որոշում»:
Մեծ առաջընթաց է նաև ոստիկանության հերթապահ մասի միջանցքներում և ՁՊՎ բոլոր խցերում իրավունքների իրազեկմանն ուղղված պաստառներ փակցնելու համաձայնություն ստանալը: Պաստառները հրատարակվել են դիտորդական խմբի կողմից և իրազեկում են ձերբակալվածների իրավունքների և գործող անվճար թեժ գծի մասին: Դիտորդական խմբի ղեկավարի խոսքերով՝ պաստառները փակցնելուց հետո մեծացել է թեժ գիծ զանգողների թիվը:

Մյուս լուրջ ձեռքբերումը Իսկանդարյանը համարում է այն, որ իրենց հրատապ հաշվետվությունների արդյունքում իրավախախտ ոստիկանների նկատմամբ պատասխանատվության միջոցներ են կիրառվում: Նախորդ տարիներին իրավախախտման փաստերն ամփոփվում էին խմբի տարեկան զեկույցում, սակայն ոստիկանությունը դրանց չէր կարողանում ընթացք տալ՝ ծառայողական քննություն անցկացնելու վաղեմության ժամկետները (3 ամիս) անցած լինելու պատճառով:
«2010 թ. ունեցել ենք 60 հրատապ հաշվետվություն, որի արդյունքում ոստիկանության մարզային ծառայության մի պետ է խիստ նկատողություն ստացել, ոստիկանության երկու բաժնի պետ, ՁՊՎ-ների 18 պետեր և ոստիկանության 18 այլ աշխատակիցներ: Նույնիսկ աշխատանքից հեռացման դեպք ունենք: Մոտ 37-38 ոստիկան խիստ պատիժներ են ստացել, նման պատկեր մենք նախորդ տարիներին չենք ունեցել ընդհանրապես»,- ասում է նա:
Ամենամտահոգիչ խնդիրը շարունակում է մնալ ոստիկանության բաժիններ մուտք չունենալը: Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն էլ է արձանագրել դա և առաջարկել է դիտորդական խմբի մուտքն ազատորեն ապահովել ոստիկանության ցանկացած բաժին և սենյակ:
«Մենք նույնպես առաջարկել ենք, որ պարզապես մեզ թույլ տան արձանագրել՝ թե ով է խոշտանգում և ում է խոշտանգում, մնացածը թողնել իրավապահներին: Իրենք դիմադրում են: Ասում են, որ դա քննությանը կարող է խանգարել, դիտորդը կարող է տեղեկատվություն տանել-բերել: Բայց եթե դիտորդը նման բան թույլ տա, օրենքով սահմանված է պատասխանատվություն»,- նշում է Սուրեն Իսկանդարյանը՝ հավելելով, որ սրանք սուտ պատճառաբանություններ են, պարզապես ոստիկանությունը դեռ պատրաստ չէ թափանցիկ աշխատել:
Իսկ ՁՊՎ-ներում, իրավապաշտպանի խոսքերով, խոշտանգման դեպքեր, կարելի է ասել՝ չկան, քննչական գործողությունները և խոշտանգումները կատարվում են քննիչների սենյակներում: «Հիմա ուզում ենք հասնել նրան, որ հազվադեպ դեպքերում անձին ՁՊՎ-ից հանեն, քննչական գործողություններն իրականացվեն ձերբակալվածին պահելու վայրերում, որովհետև ՁՊՎ-ներում քննիչներն իրենց այլ կերպ են պահում»,- ավելացնում է դիտորդական խմբի ղեկավարը:
Մյուս մտագոհիչ խնդիրը բուժսպասարկումն է: «Բացի Երևան քաղաքից, մնացած ՁՊՎ-ներում չունենք բուժակներ: Իսկ Երևանի բուժակներից մեկը գրանցամատյանում արձանագրել էր՝ «հետևի ոտքի վրա առկա է կապտուկ»: Դե պատկերացրեք՝ ինչ վիճակ է»,- ասում է Իսկանդարյանը:
Առաջին բուժօգնությունը թողնվում է շտապօգնության ծառայության վրա, որի բժիշկները, Իսկանդարյանի կարծիքով, ձերբակալվածներին ընկալում են որպես հանցագործների:
Քրեակատարողական հիմնարկներ (ՔԿՀ)
2004 թ. ՀՀ արդարադատության նախարարությանը կից գործող քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ղեկավար Արթուր Սաքունցը 2011 թ. ընթացքում ոչ մի դրական փոփոխություն չի արձանագրել ՔԿՀ-ներում: Ընդհակառակը, նրա կարծիքով՝ միտումները եղել և մնում են բացասական:

Ըստ Սաքունցի՝ ընդհանուր խնդիրներից մեկն այն է, որ ոչ իրավական մեխանիզմները կամ «չգրված օրենքները» ավելի մեծ տեղ ունեն քրեակատարողական հիմնարկերում, քան գործող իրավական նորմերը: «Օրենքները չեն գործում մի պարզ պատճառով, որ ազատազրկվածների պաշտպանավածությունը ՔԿՀ-ներում երաշխավորված չէ, եթե նրանք հանկարծ ինչ-որ հարց բարձրացնեն»,- ասում է դիտորդական խմբի ղեկավարը: Նրա կարծիքով՝ դա է պատճառը, որ ազատազրկվածները հիմնականում նախընտրում են լռել իրենց նկատմամբ վատ վերաբերմունքի մասին:
Իրավապաշտպաններին շարունակում են մտահոգել պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդություններ ունեցող դատապարտյալների խնդիրը և պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի բացերը, որոնք 2011 թ. նույնպես համակարգային լուծում չստացան:
Լուրջ հիմնախնդիր է քրեակատարողական հիմնարկներում բուժծառայության որակը, որի մասին դիտորդական խումբը և իրավապաշտպան կազմակերպությունները տարբեր առիթներով ահազանգել են:
Նրանց գնահատմամբ՝ ՔԿՀ-ներում դիսպանսեր հսկողություն չի կատարվում՝ չնայած այդ մասին գոյություն ունի Կառավարության որոշում: Արթուր Սաքունցի խոսքերով՝ ՔԿՀ-ներում բուժսպասարկման ռեսուրսները բավարար չեն, որպեսզի ապահովեն պատշաճ բուժօգնություն: Վիճակն ավելի վատ է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող դատապարտյալների դեպքում, քանի որ չկան համապատասխան բժիշկներ, անձնակազմը նույնպես պատրաստ չէ նման մարդկանց հետ աշխատել:

Սաքունցի խոսքերով՝ առանձին թեմա է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը: Իրավապաշտպանը բազմիցս է նշել, որ ՔԿՀ-ի խիստ անբավարար պայմանները նվաստացնում են մարդկային արժանապատվությունը և հավասարազոր են անմարդկային վերաբերմունքի: Լավագույն լուծումը, նրա կարծիքով, այդ հիմնարկը փակելն է, քանի որ վերանորոգմամբ հնարավոր չէ այնտեղ նորմալ պայմաններ ապահովել:
Դիտորդական խմբի հաշվետվության մեջ նշված է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն իր լրակազմով ամենամեծն է Հայաստանում, իր կառուցվածքով չի համապատասխանում ո՛չ ազգային, ո՛չ միջազգային իրավական պահանջներին: 2009 թ. ընթացքում սա միակ հիմնարկն է եղել, ուր ազատազրկվածները չեն ունեցել անհատական քնելատեղեր և ստիպված են եղել քնել հերթափոխով:
Արթուր Սաքունցը կարծում է, որ քրեակատարողական վարչության պետին պետք է նշանակի ոչ թե ՀՀ նախագահը, այլ՝ արդարադատության նախարարը, այլապես՝ վարչության ենթակայությունը նախարարությանը զուտ ֆորմալ բնույթ է կրում:
«Մեր ներկայացրած հրատապ հաշվետվությունների վերաբերյալ երբեմն 2 տարբեր պատասխաններ ենք ստանում՝ մեկը Արդարադատության նախարարությունից, մյուսը՝ քերակատարողական վարչությունից»,- ասում է դիտորդական խմբի ղեկավարը:
Իսկ հրատապ հաշվետվություններին տրվող պաշտոնական արձագանքը իրավապաշտպանը համարում է ոչ համարժեք. «Ավելի շատ ոչ թե փորձում են խնդրին լուծում տալ, այլ ամեն ձևով արդարացնել քրեակատարողական համակարգը տարբեր հիմնավորումներով»:
ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբը դեռ տարեսկզբին Արդարադատության նախարարությանը ներկայացրել է քրեակատարողական համակարգի բարեփոխումների առաջարկների փաթեթ: Արթուր Սաքունցի խոսքերով՝ նախարարությունն արձագանել է՝ նշելով, որ առաջարկությունները հաշվի կառնեն: Տարին ավարտին է մոտենում, սակայն դիտորդական խմբի համար դեռ պարզ չէ՝ առաջարկությունները հաշվի՞ են առնվել արդյոք, և եթե այո, ապա՝ ո՞ր առաջարկությունները:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
