ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Արգելված հավաքին մասնակցելու քարոզչությունը ենթադրում է վարչական պատասխանատվություն

Ռոբերտ Ռևազյան
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավաբան
2011թ. ապրիլի 14-ին ընդունվեց «Հավաքների ազատության մասին» օրենքը, որով ուժը կորցրած ճանաչվեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքը:
Այս օրենքով տրվեց հավաքի հասկացությունը, որի համաձայն հավաքը երկու կամ ավելի անձանց խաղաղ և առանց զենքի ժամանակավոր ներկայությունն է որևէ վայրում' հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրությամբ: Ի տարբերություն նախկին օրենքի, նոր օրենքը հավաքի անցկացման ձևերի սահմանափակումներ չի նախատեսել:
Նոր օրենքով վերացվել է նախկինում գործող այն արգելքը, որով ոստիկանության, ազգային անվտանգության մարմինների ծառայողները, զինծառայողները և քրեակատարողական հիմնարկների ծառայողները հրապարակային միջոցառումներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու իրավունք չունեին։
Նախկին օրենքով հավաքը լիազոր մարմնի կողմից կարող էր արգելվել, եթե առկա էին հավաստի տվյալներ, որ միջոցառման անցկացումը ստեղծում է բռնության անմիջական սպառնալիք կամ իրական վտանգ է սպառնում պետական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարոյականությանը և այլն: Այդ տվյալները կարող էին համարվել հավաստի, եթե դրանց առնչությամբ ոստիկանությունը կամ ազգային անվտանգության ծառայությունը ներկայացրել է պաշտոնական հիմնավորված եզրակացություն: Նոր օրենքով լիազոր մարմինն իրազեկումը մուտքագրելուց հետո այն անհապաղ ուղարկում է ոստիկանություն' հավաքի անցկացման վերաբերյալ կարծիք ստանալու նպատակով։ Ի տարբերություն նախկին օրենքի, նոր օրենքը չի սահմանում, որ ոստիկանության կարծիքը կարող է հավաքն արգելելու հիմք հանդիսանալ:
Եթե հավաքը նախատեսվում է անցկացնել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքում կամ դրանց անմիջական հարևանությամբ, ապա մուտքագրվելուց հետո իրազեկումն անհապաղ ուղարկվում է նաև Մշակույթի նախարարություն' հավաքի անցկացման վերաբերյալ կարծիք ստանալու նպատակով: Հայաստանում հավաքների անցկացման պրակտիկան ցույց է տվել, որ հավաքները հիմնականում անց են կացվում մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում: Հետևաբար մտահոգություն կա, որ այս կետը կարող է հավաքներն արգելելու կամ հավաքների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու ևս մեկ առիթ հանդիսանալ:
Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ լիազոր մարմինը լսումներ է իրականացնում, եթե մտադիր է հավաքի անցկացման համար պայմաններ առաջադրել կամ սահմանափակումներ կիրառել կամ արգելել հավաքը: Նախկին օրենքը սահմանում էր, որ իրազեկման քննարկումը բաց է և իրազեկման քննարկմանը բացի կազմակերպիչներից իրավունք ունեն մասնակցելու նաև նրանց ներկայացուցիչները: Գործող օրենքը նման դրույթներ չի պարունակում: Թեև տրամաբանությունը հուշում է, որ քննարկումները պետք է բաց լինեն և կազմակերպիչը կարող է ունենալ ներկայացուցիչ, այնուամենայնիվ, կարծում եմ՝ օրենքում պետք է հստակություն մտցնել' հետագայում տարընթերցումներից խուսափելու համար:
Նախկին օրենքում սահմանափակում չկար Ազգային ժողովի և կառավարության նստավայրերի մոտ հավաք անցկացնելու վերաբերյալ: Նոր օրենքի համաձայն՝ հավաքը կարող է արգելվել նաև, եթե այն անցկացվելու է Ազգային ժողովի, կառավարության նստավայրերից և դատարաններից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է դրանց բնականոն գործունեությանը: Անհրաժեշտ է նկատել, որ քաղաքացիների առանձին խմբերի դժգոհություններն ուղղված են լինում հիմնականում պետական կառույցների (Ազգային Ժողով, Կառավարություն) գործողությունների դեմ: Այս նոր սահմանափակումները կարող են չարաշահումների տեղիք տալ, ինչն էլ կարող է հանգեցնել հավաքի մասնակիցների ձայնը պետական մարմիններին հասու չլինելուն:
Դրական և կարևոր նորամուծություն է օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետի վերջին նախադասությունը. ըստ որի՝ եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին։ Ի հակադրություն այս կետի, օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ կետը սահմանել է, որ արգելված հավաքին մասնակցելու քարոզչությունն արգելվում է: Արգելված հավաքին մասնակցելու քարոզչության համար նախատեսվում է նույնիսկ վարչական պատասխանատվություն: Օրենքի այս դրույթը հակասում է խաղաղ հավաքների ազատության սկզբունքին: Չի բացառվում, որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, իշխանություններն անընդհատ մերժեն հավաքների անցկացումը և այս կետը թաքնված սպառնալիք է պարունակում հավաքի կազմակերպիչների համար:
Ընդհանուր առմամբ, նոր օրենքն ավելի համահունչ է միջազգային չափանիշներին, սակայն ավելի կարևոր է օրենքի կիրարկումը: Այս պահին օրենքի կիրառման վերաբերյալ հնարավոր չէ օբյեկտիվ եզրակացություն տալ: Օրենքի կիրառման վերաբերյալ ավելի հստակ պատկերացում կարելի է կազմել 2012թ. ՀՀ ազգային ժողովի ընտրությունների նախընտրական և հետընտրական շրջանում:
Աղբյուրը՝ www.hra.am
