ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նորից ուզում են էլեկտրահարման վարկածն առաջ քաշել

Սուրեն Օհանջանյանը չի հասկանում, թե ինչպես էլեկտրահարման վարկածը երկրորդ անգամ հերքվելուց հետո, քննչական մարմինն ու դատախազությունը շարունակում են պնդել, որ իրենց զինծառայող որդին մահացել է էլեկտրահարումից:
Նրանց որդին՝ Տիգրան Օհանջանյանը կասկածելի հանգամանքներում մահացել է հինգ տարի առաջ Վարդենիսի զորամասում: Մահվան պաշտոնական վարկածը էլեկտրահարումն է, ծնողները պնդում են, որ իրենց որդուն սպանել են:
«Քննչական փորձարարության մասնակիցները՝ զիվորական դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը, քննվող գործերի բաժնի պետ Արտակ Հարությունյանը, նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազ Կարեն Հարությունյանը, քրեական գործով նախաքննությունն իրականացնող հատկապես կարևոր գործերով քննիչ Լևոն Պետրոսյանը սուտ արձանագրություն են կազմել»,- ասում է Տիգրան հայրը՝ Սուրեն Օհանջանյանը:
2011թ. մայիսին զորամասում անցկացրած փորձարարության ժամանակ, Օհանջանյանի հավաստմամբ, բոլորն էլ տեսել են, որ էլեկտրահարվելու պարագայում իրենց տղան չէր կարող ստանալ շեղ վնասվածք, քանի որ փորձարարության ենթարկվող զինվորականի պարանոցին, միայն ուղիղ էր հետքը ստացվում:
«Մեր փաստաբանը պահանջեց արձանագրություն կազմել տեղում, ասացին, որ ամեն ինչ պարզ է ու աշխատանքային օրվա ավարտ է, հետո կկազմեն ու մեզ կուղարկեն, այն դեպքում, երբ դեռ ժամը 4-ն էր: Մենք միայն 4 ամիս հետո ստացանք արձանագրությունը, այն էլ երբ ինքներս դիմեցինք: Այդ ժամանակ էլ հայտնեցին, թե վաղուց են ունեցել տվյալները և մեղավոր ենք մենք, որ չենք գնացել վերցնելու այդ փաստաթղթերը: Իսկ արձանագրության մեջ իրենք գրել են, թե փորձարարության արդյունքում վնասվածքը շեղ է ստացվել պարանոցին, այսինքն՝ ակնհայտ սուտ են գրել»,-պատմում է զինվորի հայրը:
Նա ասում է, որ դատախազությունում նորից շարունակում են էլեկտրահարման վարկածը շահարկել՝ այս «կեղծ» փաստի համաձայն:
Նշենք, որ էլեկտրահարման վարկածը արդեն պաշտոնապես հերքվել է երկրորդ անգամ: Առաջին անգամ էլեկտրահարման վարկածը հերքել էր «Փորձաքննության ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը՝ 2009 թ.-ին: 2011թ-ին դատաէլեկտրատեխնիկական նոր փորձաքննության արդյունքների, ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի 4 փորձագետների եզրակացության համաձայն՝ «կայանի բարձր հաճախականային բլոկներից և ոչ մեկի խափանման, վնասման դեպքում հնարավոր չէ սնող ցանցի լարման անցում դեպի անտենա»:
2011թ. ավարտին Օհանջանյանների և քննչական խմբի հետ հանդիպում է ունեցել ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը։ Հանդիպման ընթացքում նախարարը հանձնարարել է քննիչներին կատարել բոլոր անհրաժեշտ աշխատանքները և հունվարի վերջին զեկուցել իրեն արդյունքների մասին։
Օհանջանյանի ընտանիքն արդեն 5 տարի է գործի բացահայտման մասին միայն խոստումներ է լսում՝ ամեն անգամ հուսալքվելով անարդար քննությունից և պաշտոնյաների չիրականացող խոստումներից։
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
