ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
23 տարի է սպասում են բնակարան ստանալուն

Երկու չափահաս աղջիկ և առաջին կարգի հաշմանդամ ամուսին ունեցող 49-ամյա Իրինա Գալոյանի ընտանիքը՝ որպես փախստական ընտանիք, արդեն 23 տարի է Հայաստանի Հանրապետությունից բնակարան է ակնկալում, բայց մինչև այսօր ապրում է հանրակացարանային մի փոքրիկ սենյակում:
«Մենք հիմա շատ վատ պայմաններում ենք ապրում, քանի որ 4 հոգով մի փոքրիկ սենյակում ենք, փոքրիկ աղջիկս գետնին է քնում, քանի որ մահճակալ չկա, պատերը բորբոսնում են, պատուհանը, որ անզգույշ ես կպնում պոկվում է, զուգարանը ընդհանուր է»,- ասում է Իրինա Գալոյանը:
Պետական կառույցներին ուղղված նամակների պատասխանների համաձայն՝ առաջնահերթության իրավունքով իրենց բնակարան չի հասնում, բայց Իրինա Գալոյանը համոզված է, որ իրենց խաբել են ու շարունակում են խաբել:
Գալոյանների ընտանիքը 1988թ. բռնագաղթել է Հայաստան Ադրբեջանի Բաքու քաղաքում տեղի ունեցած կոտորածի հետևանքով: 1991թ. Արարատի մարզի Վեդի քաղաքում նրանց մի մեծ դահլիճ են առաջարկել բնակվելու համար: Նա հրաժարվել է այնտեղ բնակվել, քանի որ շատ ցուրտ է եղել ու ապրել է իր ծանոթներից մեկի տանը՝ Վեդի քաղաքում:
Այդ ժամանակ, իր խոսքով, իրենց հաշվառել են ու ասել, որ բնակարան ստացողների մեջ իրենք երկրորդն են ցուցակում, քանի որ ընտանիքում ունեն առաջին կարգի հաշմանդամ: Բայց հետագայում իրենց հարևան բոլոր փախստականներին բնակարաններ են տրամադրել, իսկ իրենք մնացել են առանց բնակարանի:
1994թ. օգոստոսի 18-ին նրանք ստացել են փախստականի կարգավիճակ, որից հետո Գալոյանի խոսքով՝ իրենք ամեն տարի դիմել են տարածքային մարմիններին, որ տեսնեն, թե երբ են բնակարան ստանալու: Նրանց միշտ ասել են, որ իրենք հաշվառված են, սակայն այժմ պարզ է դառնում, որ փաստաթղթերով նրանց չեն հաշվառել: Հաշվառել են միայն 2006թ.-ին, երբ Գալոյանը սկսել է դիմել տարբեր հասարակական կազմակերպությունների, որտեղ էլ բացատրել են իր իրավունքները:
1991թ. Գալոյանին Վեդիում փոքրիկ հողակտոր են հատկացրել՝ մշակելու համար, բացի այդ ունեցել է նաև սեփականաշնորհված հողամաս։ Հողամասերը նա վաճառել է, որ կարողանա ընտանիքը պահել. 2000թ. նրանք տեղափոխվել են Երևան ու վարձով 5 տարի բնակվել են Երևանում: Վարձը թանկանալուց հետո անօրինական կերպով մտել են Արցախի փողոցում փախստականների համար կառուցված շենքը, որտեղից նրանց հետագայում վտարել են, քանի որ այդ բնակարանն ուրիշի համար է նախատեսված եղել:
2005թ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին (ՄԻՊ) դիմելուց հետո, նրանց բնակարան են հատկացրել Շիրակ 2ա հասցեում, որտեղ էլ մինչև այսօր ապրում են:
Թեև Գալոյանների ընտանիքին միանգամից են ճանաչում ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունում, ու նա ամեն տարի ամենաքիչը 20 անգամ այցելում է նրանց ու տասնյակ նամակներ գրում, բայց այնտեղ շարունակում են պնդել, որ այս ընտանիքն իրենց մոտ հաշվառված չի եղել:
Այս պարագայում անհասկանալի է մնում՝ եթե այս ընտանիքը չի համարվում փախստական ընտանիք՝ ինչո՞ւ են նրանց բնակարան հատկացրել հանրակացարանում:
Նշենք, որ հաշվառում պարտավոր են իրականացնել փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունում: Մինչև 2000թ. բնակվելով Վեդի քաղաքում, փաստորեն ստացվում է, որ այս ընտանիքի մասին այդ գործակալությունում տեղյակ չեն եղել, ինչն ակնհայտ սուտ է համարում տիկին Գալոյանը.
«Գնացեք Շիրազլու գյուղ ու հարցրեք բոլոր փախստականներին, ում վաղուց տնակներ են հատկացրել, թե մեզ ճանաչո՞ւմ են, թե՞ ոչ, թե քանի՞ անգամ եմ ես գնացել այդ տարածքային գործակալությունը, քանի՞ անգամ են ինձ խաբել: Ինձ բազմիցս փախստականներն անկեղծ ասել են, որ մինչև գումար չտաս, իրենք քեզ բնակարան հատկացնողը չեն, բայց որտեղի՞ց գտնեմ ես այդ գումարը»:
2006թ. Գալոյանները նորից դիմել են ՄԻՊ գրասենյակ, սակայն պաշտպանի գրասենյակը չի զբաղվել այս գործով՝ հաշվի առնելով, որ նրանց պահանջը չունի փաստական հիմքեր:
2011թ-ի հոկտեմբերի 10-ին և նոյեմբերի 26-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության ծառայության պետ Գագիկ Եգանյանը պատասխան նմաակում նշել է, որ Գալոյանների ընտանիքը չի ընդգրկվել ՀՀ կառավարության 2004թ.-ի թիվ 747-Ն որոշման համաձայն բնակարան ստացողների ցուցակում:
Այս ընտանիքը չի ընդգրկվել բնակարան ստացողների ցուցակում, քանի որ չի համապատասխանել առաջնահերթության չափանիշներին՝ 2003թ. օգոստոսի 1-ի դրությամբ որպես ժամանակավոր կացարանում մշտապես բնակվող ընտանիք չի հաշվառվել։Այս ընտանիքի գոյության և հաշվառված լինելու մասին վկայում է այն, որ 1991թ. նրանց փոքրիկ հողակտոր են հատկացրել Վեդիում։ Հետագայում հաշվառված և բնակարան ստացողների ցուցակում նրանց անունը չի հայտնվել, միայն Իրինա Գալոյանի տարբեր ատյանների դիմելու, հասարակական կազմակերպություններում խորհրդատվություն ստանալուց հետո, նրանց ընտանիքը հաշվառվել է 2006թ.։
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության փախստականների բաժնի պետ Կառմեն Մանուչարյանը www.hra.am ին հայտնեց, որ առաջանահերթությունը որոշելիս հաշվի չեն առնում, թե տանը քանի հոգի է ապրում, առաջին կարգի հաշմանդամ կա՞, թե՞ոչ։ Փախստականների համար կառուցված շենքերը նախատեսված են միայն բազմաբնակարան 4-րդ կարգի վթարայնություն ունեցող, իրացման ենթակա վթարային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու համար:
«Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի համակարգող Էլեանորա Ասատրյանը մեզ փոխանցեց, որ նման խնդիր ունեցող ընտանիքներն ամենահաճախն են դիմում իրենց ցանցին: Իրենք չունեն կոնկրետ վիճակագրություն, բայց արդեն չեն զարմանում այս տեսակ խնդիրներից:
«Նույնիսկ այն մարդիկ, ովքեր հիմա հաշվառված են առաջնահերթ, դեռ հարց է, թե երբ բնակարան կստանան, իսկ այն, որ իրենք (միգրացիոն պետական ծառայությունը-հեղ.) իրենց աշխատանքում բազմիցս են թերացել, ակնհայտ է»,- ասում է Էլեանորա Ասատրյանը:
Փախստականներն ուզում են հասկանալ՝ ո՞ր շենքն է նախատեսված իրենց համար
Ֆուչիկի 19 հասցեում գտնվող շենքում (որը նախատեսված է փախստականների համար) բնակվող փախստականները, ովքեր չցանկացան իրենց անունները հրապարակել, նշում են, որ ունեն ոչ փախստական հարևաններ, բացի այդ շենքում կան դեռևս չբնակեցված բնակարաններ, որոնք վաճառվում են։
Փախստականները հաճախ հարցնում են, թե ինչպես է լինում, որ իրենց հատկացված բնակարանները բաժին են հասնում այլ մարդկանց, հաճախ ոչ այն մարդկանց, ովքեր սոցիալական խնդիրներ ունեն, կամ վաճառվում են: Պետական մարմինները ժխտում են այս իրողությունը։
ՀՀ քաղաքաշինության նախարարության նախարարի մամուլի քարտուղար Բաղդասար Մհերյանը www.hra.am -ին հաղորդեց, որ Ֆուչիկի 19 շենքից իրենք ձեռք ենք բերել 61 բնակարան:
Միգրացիոն պետական ծառայության փախստականների բաժնի պետը www.hra.am-ին պարզաբանեց, որ այդ շենքը կառուցվել է միայն փախստականների համար, բնակարանները չեն վաճառվում, իսկ թե քանի բնակարան է մնացել, որը փախստականներին չի տրամադրվել, այդ մասին իրենք տվյալներ չունեն:
Այդ մասին տվյալներ չունեն նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունում: Չնայած ասում են, որ շենքը կառուցվել է պետական բյուջեի հաշվին ու միայն փախստականների համար, այդպես էլ չի հասկացվում, թե ինչպես են տնօրինվել մնացած բնակարանները:
«Որ բնակարաններ են վաճառում, դա ոչ մեկի համար նորություն չի, հիմքում երբեմն թղթեր են դնում փախստականների անունով ու վաճառում են շատ հանգիստ, հիմնական բողոքներ կան, որ շենքի մեծ մասը բնակեցված չէ, բայց տերեր ունեն, բայց չես կարողանում ոչ մի բան ապացուցել, քանի որ օրինականություն ապացուցող թղթեր են բերում ու նույն բանն արվում է նաև հանրակացարաններում»,- ասում է Էլեանորա Ասատրյանը:
1994-2010թթ. տարբեր հիմնադրամների օգնությամբ Քաղաքաշինության նախարարությունը բնակարաններով է կարողացել ապահովել 4547 փախստական ընտանիքի, 2005-2009թթ. մեկ այլ ծրագրի շրջանակներում 788 ընտանիք է բնակարան ստացել: Իսկ 2012թ.-ի համար ծրագրեր չկան:
Այս տարվա ընթացքում ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի հետ համատեղ Հայաստանում կկազմակերպվի համաժողով՝ միջազգային դոնոր, ֆինանսական և այլ կազմակերպությունների մասնակցությամբ, որի ժամանակ կքննարկվեն փախստականներին բնակարաններով ապահովելու հարցը:
Նշենք, որ պաշտոնական տվյալներով՝ մոտ 2000 ընտանիք է հաշվառված առաջանահերթության իրավունքով բնակարան ստանալու համար: Եթե ֆորումի արդյունքում գումարներ չներդրվեն, 2012թ. էլ փախստականների համար բնակարաններ չեն կառուցվի, ինչպես դա եղավ նախորդ տարի:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
