Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ վերադառնալով 2007թ. ցուցանիշին

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության վերաբերյալ 2011-2012թթ. զեկույցը: Հայաստանը 179 երկրների շարքում 77-րդ տեղում է: Նույն դիրքում Հայաստանը եղել էր 2007թ.:

Նախորդ երեք տարիների համեմատ Հայաստանն իր դիրքը բարելավել է: Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանը 101-րդ տեղում էր, իսկ 2009-ին՝ 111-րդ: 

«Հայաստանի 24 սանդղակով բարձրանալը թեև տպավորիչ է, բայց, փաստորեն, նա հայտնվել է այն դիրքում, որում 3 տարի առաջ էր. 2008 թ. ընտրություններից հետո՝ խիստ հետապնդումներից առաջ: ԶԼՄ-ներն, այնուամենայնիվ, մշտապես դատական ճնշումների տակ են, իսկ որպես փոխհատուցում պահանջվող գումարները մտահոգիչ են: Ինքնակարգավորումը դժվար խնդիր է, որը դեռ լուծված չէ»,- գրված է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության վերջին զեկույցում:

«Ինտերնյուս» ՀԿ գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը նույնպես սա առաջընթաց չի համարում: «Մեխանիկորեն թվում է, թե բարձրացել է: Բայց իրականում, եթե կարդաք Հայաստանի հատվածը, կտեսնեք, որ իրենք էլ են ասում, որ դա ոչ թե  բարելավում է, այլ Հայաստանը վերադարձել է մի կետի, որում եղել է մինչև 2008թ. մարտի 1-ը, որը էլի շատ բացասական և վտանգավոր գոտի է: Բայց մարտի 1-ը մեզ ավելի իջեցրեց»,- նշում է նա:

Սարգսյանը նաև կարևորում է, թե ինչ չափանիշներով են չափում մամուլի ազատությունը և ովքեր են այն փորձագետները, ովքեր տեղեկատվություն են տրամադրում կազմակերպությանը: Այս ամենը, նրա խոսքերով, ազդում է զեկույցում արտահայտված մոտեցումների վրա:

Մամուլի ազատության ցուցիչով առաջատար դիրքերում են շարունակում մնալ  Ֆինլանդիան, Նորվեգիան, Նիդեռլանդները, Էստոնիան:

Հարևան Վրաստանն իր ցուցանիշներով 105-րդ տեղում է, իսկ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են բացասական արդյունք ցույց տալ և հայտնվել են համապատասխանաբար 148-րդ և 162-րդ տեղերում:

Աղյուսակի ամենավերջին տեղերում են Չինաստանը, Իրանը, Սիրիան, Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան:

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am