Լրագրող Հայկ Գևորգյանը բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ արձակվեց

Փետրվարի 6-ին Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում պետք է քննվեր Հայկ Գևորգյանի խափանման միջոց կալանքի հարցը, սակայն ավելի վաղ դատախազությունը որոշում կայացրեց խափանման միջոց կալանավորումը փոխարինել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությամբ:

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ի առավոտյան ձերբակալվել է լրագրող Հայկ Գևորգյանը: Տանից աշխատանքի գնալիս ոստիկանները նրան բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոն բաժին, ավելի ուշ՝ կալանավորել և տեղափոխել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Նույն օրը երեկոյան դեպքի վերաբերյալ տեղեկություններ են տրամադրել ոստիկանությունը և «Հայկական ժամանակի» խմբագրությունը:

Ոստիկանությունը «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գևորգյանի կալանավորումը համարում է «հստակ և իրավաչափ»: «Հայկական ժամանակի» խմբագրությունը վստահեցնում է, որ օրաթերթի առանցքային ներկայացուցչի նկատմամբ ոստիկանությունն  իրականացնում է պատվիրված հետապնդում' կապված նրա լրագրողական գործունեության հետ: Մինչ լրագրողները պահանջում են ազատ արձակել Հայկ Գևորգյանին, հանրությունը քննարկում է կատարվածը և գնահատական տալիս ոստիկանության գործելակերպին:

Պաշտոնական տվյալներ

Ոստիկանության փոխանցմամբ՝   հունվարի 13-ին՝ ժամը 17.30-ի սահմաններում, Երևանի  Մհեր  Մկրտչյան փողոցի թիվ 8 շենքի դիմաց «ՎԱԶ-21214» մակնիշի 19 ՕԼ 158 պետհամարանիշի ավտոմեքենան (Հայկ Գևորգյանի վարած մեքենան-հեղ.) վրաերթի է ենթարկել Աշոտ Ֆրանգուլյանին, որը մարմնական վնասվածքներ է ստացել, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում նախապատրաստվել են նյութեր:

Աշոտ Ֆրանգուլյանը բացատրություն է տվել, որ ավտոմեքենան հետընթաց ընթանալով վրաերթի է ենթարկել իրեն, վարորդը կանգնեցրել է մեքենան, իջել, սպառնացել է ոստիկանություն կանչել, հետո անպատվել է իրեն, ապա նստել մեքենան և իրեն անօգնական վիճակում թողնելով' դիմել փախուստի:

Ֆրանգուլյանը պատահական ավտոմեքենայով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ու ստացիոնար բուժում ստացել: Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ' նրան պատճառվել է միջին ծանրության վնաս' առողջության տևական քայքայումով:

Աշոտ Ֆրանգուլյանի բողոքի հիման վրա հունվարի 20-ին հարուցվել է քրեական գործ ու սկսվել է նախաքննություն:

Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ Հայկ Գևորգյանը պատշաճ կերպով, ինչպես փոստով, այնպես էլ ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից, հունվարի 17-ին ծանուցվել է ՃՏՀ քննության բաժին հարցաքննության ներկայանալու համար:

Հայկ Գևորգյանը հունվարի 20-ին զանգահարելով քննիչին' պայմանավորվել է քննության ներկայանալու օրն ու ժամը, բայց այդպես էլ չի ներկայացել:

Ոստիկանությունոմ Հայկ Գևորգյանի կողմից վրաերթ կատարելու հանգամանքը հիմնավորվել է հունվարի 23-ին կատարված լուսանկարով ճանաչման ներկայացնելու արձանագությամբ: Հունվարի 23-ին Հայկ Գևորգյանին բերման ենթարկելու որոշում է կայացվել, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նա չի հայտնաբերվել և  նույն օրը  հետախուզում  է հայտարարվել:

Փետրվարի 3-ին Հայկ Գևորգյանը հայտնաբերվել, կալանավորվել և ուղարկվել է «Նուբարաշեն» ՔԿՀ:

Նրա  նկատմամբ գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի  242 հոդվածի 1-ին մասի (ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանա-պարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս) և 244-րդ հոդվածի (ճանապարհատրանս-պորտային պատահարի վայրը թողնելը տրանսպորտային միջոց վարող և ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած անձի կողմից) հատկանիշներով:

ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցները լրագրողին կալանավայր տեղափոխելու որոշումը բացատրել են նրանով, որ դեռևս հունվարի 23-ից Հայկ Գևորգյանը գտնվել է հետախուզման մեջ:

«Հայկական ժամանակ»Հայկի ձերբակալությունը հրահանգել է ոստիկանապետը

Օրաթերթի խմբագրությունը փաստում է, որ Հայկ Գևորգյանը, ինչպես հունվարի 23-ից առաջ, այնպես էլ դրանից հետո, ամենօրյա ռեժիմով շարունակել է իր լրագրողական գործունեությունը, վարել է նույն ավտոմեքենան, ամեն օր այդ մեքենայով ներկայացել աշխատանքի, վերադարձել տուն, մասնակցել կառավարության նիստերին, լուսաբանել բարձրաստիճան պաշտոնյաների' ընդհուպ նախարարների ասուլիսներ:

«Հայկական ժամանակի» խմբագիր Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ Հայկ Գևորգյանն այս ընթացքում նաև մի քանի հեռախոսազրույց է ունեցել ճանապարհային ոստիկանության' նրա նկատմամբ հետախուզում հայտարարած քննիչի հետ և ասել, որ պատրաստ է ներկայանալ քննության, եթե իրեն պատշաճ, ՀՀ օրենսդրությանը համապատասխանող ծանուցագիր ուղարկվի: Գործով քննիչին հայտնվել է նաև Հայկ Գևորգյանի կողմից վարվող ավտոմեքենայի գտնվելու վայրը և առաջարկվել այն զննության ենթարկել տեղում:

Իրադարձությունների այսօրինակ ընթացքը, օրաթերթի խմբագրի կարծիքով, պատվիրված հետապնդում է կապված Հայկի լրագրողական գործունեության հետ:

Նիկոլ Փաշինյանը ուշադրություն է հրավիրում թերթի հունվարի 13-ի և 14-ի համարներում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին առնչվող «Եւ Աստված ասաց' Վովա» և «Եթե ԱՊՊԱ, ապա Պապա» հոդվածների վրա, որոնց հեղինակը Հայկ Գևորգյանն է:

«Հրապարակման լույսընծայման օրը' երեկոյան, փորձ է արվել վրաերթ-միջադեպ սադրել Հայկ Գևորգյանի վարած մեքենայի մասնակցությամբ: Գևորգյանի զգոնության արդյունքում, սակայն, ծրագիրը չի իրագործվել»,- նշում է Նիկոլ Փաշինյանը:

Թերթի փետրվարի 3-ի համարում էլ «Մի պուճուր նվեր» լուրում Հայկ Գևորգյանը տեղեկացրել էր, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը Վլադիմիր Գասպարյանին «G» դասի «Մերսեդես» ջիփ է նվիրել:

«Դրան հետևած զարգացումները, ահա, կասկածի տեղ չեն թողնում, որ Հայկ Գևորգյանի ձերբակալությունը և շինծու քրեական հետապնդումը հրահանգավորված են անձամբ ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանի կողմից: Ենթադրում ենք, որ վերջինիս նյարդերը վերջնականապես տեղի են տվել  վերջին հրապարակման պատճառով»,- կարծում է  «Հայկական ժամանակի» խմբագիրը:

Օրաթերթի խմբագրակազմը հայտարարում է, որ. « Հայկ Գևորգյանի ձերբակալությունն իշխանության վերնախավի և, մասնավորապես, ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանի կողմից հրահանգավորված ապօրինի և լկտի հետապնդում է, որի նպատակը Գևորգյանի նկատմամբ անձնական վրեժ լուծելն ու նրա լրագրողական գործունեությունը կասեցնելն է, և  Վովա Գասպարյանն ու իշխանական վերնախավն այս հարձակմամբ նպատակ ունեն խոչընդոտելու «Հայկական ժամանակ» օրաթերթի գործունեությունը, վախի մթնոլորտ սերմանել հայաստանցի բոլոր այն լրագրողների նկատմամբ, ովքեր կոռումպացված իշխանության որևէ ներկայացուցչի վերաբերյալ իրենց ունեցած տեղեկությունները հրապարակելու հոգեբանական դժվարություններ չունեն»:

Պահանջում են անհապաղ ազատ արձակել Հայկ Գևորգյանին

Մի շարք լրագրողական և իրավապաշտպան կազմակերպություններ արդեն հանդես են եկել Հայկ Գևորգյանին ազատ արձակելու պահանջով՝ նրա կալանավորման հիմքերը համարելով շինծու:

Սոցիալական ցանցերում բուռն քննարկումներ են ծավալվում հատկապես ոստիկանության՝ Հայկ Գևորգյանին 10 օրվա ընթացքում չհայտնաբերելու հանգամանքի շուրջ, և հանգում այն եզրակացության, որ եթե հունվարի 23-ին սկսել է իրականացվել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և արդյունքում Հայկը չի հայտնաբերվել, իսկ հետո հետախուզում է հայտարարվել ու միայն փետրվարի 3-ին է հնարավոր եղել հայնտաբերել Հայկին, ապա պետք է լուծարել ոստիկանությունը որպես կառույց:

Այս հանգամանքին  ստիպված եղավ անդրադառնալ նաև ոստիկանությունը՝ տարածելովտեսանյութ.«Հայտարարում են, թե ոստիկաններն օրեր շարունակ չեն բռնել բոլորի աչքի առաջ պտտվող վրաերթ կատարածին: Ի դեպ՝ ոստիկանները պարտավոր չեն անձամբ ճանաչել Հայկ Գևորգյանին, որը գուցե արժեք է իր գործատուի համար, բայց՝ ոչ համահայկական արժեք»,-հնչում է ՀՀ ոստիկանության կողմից պաշտոնապես տարածված տեսանյութում: Տեսանյութում ներկայացվում է դեպքի պաշտոնական վարկածը, տուժողը պատմում է իր հետ տեղի ունեցածը, իսկ բժիշկը փաստում է, որ Աշոտ Ֆրանգուլյանի մոտ նկատվել է գլխուղեղի ցնցում, աջ քունքային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, ինչպես նաև՝ ձախ ստորին վերջույթի դրսային պճեղի ոչ լրիվ կոտրվածք:

Ոստիկանության տարածած տեսանյութին ի պատասխան՝ փետրվարի 5-ին  «Հայկական ժամանակի» խմբագիր Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց, ներկայացնելով հակափաստարկներ դեպքի  պաշտոնական վարկածի և  վրաերթի ենթարկված Աշոտ Ֆրանգուլյանի ստացած վնասվածքների մասին՝ Ֆրանգուլյանի հետ դեպքից մի քանի օր անց տեղի ունեցած խոսակցության ձայնագրությունների հիման վրա:

Լրագրողի ձերբակալությանն  անդրադարձել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նշելով, որ դատարանը պետք է որոշի ոստիկանության գործողությունների հիմնավորվածությունը. «Ինչ վերաբերում է կոնկրետ Հայկ Գևորգյանի դեպքին, ապա ես կարծիքս չեմ հրապարակի մինչ դատարանի կողմից որոշում կայացնելը, որը հուսով եմ հնարավորինս արագ կլինի»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Աղավնի Եղիազարյան
Տեսանյութը՝ Կարինե Իոնեսյանի
Աղբյուրը՝ www.hra.am