ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մանկատան շրջանավարտ է մահացել. պատճառը կյանքի անբարենպաստ պայմաններն են
Խոնավ և չջեռուցվող պայմաններում ապրելու և աշխատելու հետևանքով ոտքի վրա թաքնված թոքաբորբ տանելուց հետո երեք օր առաջ մահացել է Գավառի մանկատան շրջանավարտ 22-ամյա Արթուր Ծառուկյանը. այս մասին www.hra.am -ին հաղորդեց Հայ օգնության միության (ՀՕՄ) երևանյան գրասենյակի տնօրեն Աննա Մնացականյանը:
Ծառուկյանը մեկն էր մանկատան այն 250 շրջանավարտներից, ովքեր մինչև այսօր բնակարան չեն ստացել պետության կողմից:
«Ծառուկյանը շատ համեստ ու հպարտ տղա էր: Երբեք չէր գալիս մեզ մոտ ու պահանջներ ներկայացնում, աշխատում էր Գաջի գործարանում ու իր ընկերոջ հետ վարձով բնակվում էր մոտակա տներից մեկում: Վերջին անգամ, որ տեսել էինք շատ հյուծված էր, կարծում եմ նաև, որ երկար ժամանակ սոված է եղել: Իր ընկերը հիմա հոգեբանական շատ վատ վիճակում է, ու այժմ իր հետ աշխատում են մեր հոգեբանները»,- ասում է Աննա Մնացականյանը:
Եթե մանկատան շրջանավարտ աղջիկներից մի մասին շարունակում են պահել մանկատներում, մինչև բնակության վայրի հարցը լուծվի, ապա շատ ավելի ծանր վիճակում են հայտնվում տղաները, ովքեր բանակից վերադառնալուց հետո հայտնվում են փողոցում՝ բառի բուն իմաստով:
Օրինակ՝ «Զատիկ» մանկատան սան Դավիթ Սիմոնյանը բանակից վերադառնալուց հետո մեծ դժվարությամբ կարողացել է տեղավորվել Զեյթունի հանրակացարանում, որտեղից նրան կարող են ցանկացած պահի դուրս հանել, եթե վարձը չտա:
Դավիթն աշխատանք չի կարողանում գտնել, իսկ տան վարձը փակում են ընկերները, մեկ- մեկ էլ մանկատան տնօրենն է օգնում ՝Աշոտ Մնացականյանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից բողոքում են, որ շրջանավարտները հրաժարվում են բնակվել մարզերում և ուզում են անպայման Երևան գալ, բայց կան շրջանավարտներ, ովքեր հաճույքով կապրեին ու կաշխատեին մարզերում:
Վանաձորի մանկատան շրջանավարտ Գևորգ Գալստյանը մի քանի ամիս առաջ ամիսներով ապրել է մի տան կտուրում։ Ընկերների օգնությամբ այժմ վարձով ապրում է մի բնակարանում և աշխատում է աղբի վերամշակման գործարանում:
«Ես աշխատում էի Ռուսատանում, երբ իմացա, որ մանկատան շրջանավարտներին բնակարան են տալիս վերադարձա, բայց մնացի դրսում: Ւնձ ասացին, որ բնակարան կտան Մարալիկում, հետո ասացին, որ այդ գործը հետաձգել են, հետո ասացին Ստեփանավանում կամ Սպիտակում բնակարան կտան, բայց մինչև այսօր ոչ մի տուն չեմ ստացել»,- պատմում է Գևորգ Գալստյանը:
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում կլոր սեղան էր կազմակերպվել մանկատների շրջանավարտների խնդիրների շուրջ, որին ներկա էին նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատողները և շահագրգիռ այլ մարդիկ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանի կարծիքով՝ միակ իրատեսական ծրագիրը ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից սոցիալական տներ կառուցելու ծրագիրն է, բայց թե երբ այդ տները պատրաստ կլինեն, ոչ մեկը չի կարող ասել:
«Այս մարդկանց համար կարևոր է, որ խնդիրը լուծվի հենց հիմա»,- բարձրաձայնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը՝ հիշեցնելով, որ պետությունը պետական բյուջեով արդեն երկու տարի է գումարներ չի տրամադրում այս գործին, իսկ նախկինում տրամադրված 1մլրդ-ից ավելի գումարն այդպես էլ չի ծառայել իր նպատակին:
Բախշյանն առաջարկեց նաև, որ մանկատան շրջանավարտ տղաներին ընդունեն ռազմական ուսումնական հաստատություններ, որտեղ նրանք կարող են կրթություն ստանալ ու աշխատանքով ապահովվել:
ՀՕՄ-ի երևանյան գրասենյակի տնօրեն Աննա Մնացականյանն առաջարկեց, որ այժմ բոլոր շրջանավարտներին ապահովեն հանրակացարանային սենյակներով, որ մինչև սոցիալական տների կառուցումը հնարավոր լինի բացառել Ծառուկյանի հետ կատարվածը:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նշեց, որ անպայման վերահսկելու են այդ գործընթացը ՄԻՊ գրասենյակում ստեղծված հատուկ բաժնի միջոցով, որը զբաղվելու է բացառապես մանկատան շրջանավարտների ու երկկողմանի ծնողազուրկ երեխաների բնակարանով ապահովոլու հարցերով: Նրանց ընդհանուր թիվը կազմում է 331, և ամեն տարի այդ թիվն ավելանում է 30-40-ով:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
