ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Գործերս շատ են»,- ասում է դասերից հաճախ բացակայող 14-ամյա Սվետլանան

Ազգությամբ եզդի 14-ամյա Սվետլանան և նրա եղբայրը 11 տարեկան Էդգարը դասերից հաճախ են բացակայում: Պատճառը տան հոգսերն են, որ բաժին են ընկել անչափահաս երեխաներին այն բանից հետո, երբ ծնողները մեկնել են Ռուսաստան:
Նրանք ապրում են Արևուտ գյուղում, որը եզդիական միատարր համայնք է Հայաստանի Արագածոտնի մարզում: Գյուղի բնակիչները զբաղվում են անասնապահությամբ: Շատերը հեռացել են գյուղից՝ մեկնելով հիմնականում Ռուսաստանի Դաշնություն:
2011թ. ապրիլին Ռուսաստան են մեկնել նաև Սվետլանայի և Էդգարի ծնողները: Երեխաները մնացել են 20-ամյա եղբոր և տատիկի խնամքի տակ։ Տատիկն անցյալ տարվա նոյեմբերին տեղափոխվել է Հոկտեմբերյան՝ իր աղջկա տուն, քանի որ ծանր հիվանդ էր և խնամքի կարիք ուներ:
Երկու ամսից ավելի է Սվետլանան է հոգում տան բոլոր հոգսերը՝ առավոտյան վառարանն է վառում, ճաշ է պատրաստում, լվացք անում։ Նրանք ունեն 6 կով, 12 ցուլ, 6 այծ և 20 հավ: Էդգարն օգնում է Սվետլանային կերակրել անասուններին, ջրել գոմը, մեծ եղբայրը՝ ջուր է կրում, թրիք թափում, միս վաճառում: Հավաքած գումարը նրանք ուղարկում են Ռուսաստան՝ ծնողներին։
«Հասցնո՞ւմ ես այդքան գործ անել»,- հարցնում եմ Սվետլանային: Գլխով դրական շարժում է անում: «Իսկ այսօր ինչո՞ւ դասի չէիր գնացել» հարցին պատասխանում է. «Գործերս շատ էին, չհասցրեցի»:
Եթե ազատ ժամանակ է մնում, Սվետլանան և Էդգարը հեռուստացույց են դիտում, բջջային հեռախոսով խաղեր են խաղում: Տաք եղանակին Էդգարը դպրոցի դաշտում ընկերների հետ ֆուտբոլ է խաղում:
Սվետլանան ասում է, որ գործերի հետ միասին նաև դասերն են հասցնում պարապել, սակայն դպրոցի տնօրենն այլ իրավիճակ է ներկայացնում:
«Սեպտեմբեր-հոկտեմբերին լավ հաճախում էին, օրերը երկար էին, գոմի գործերը շուտ վերջացնում էին, գալիս էին դպրոց: Իսկ հիմա մի օր գալիս են, մի օր չեն գալիս։ Մենք հարմարվում ենք, ասում ենք՝ գործերը վերջացրեք, նոր եկեք: Որ չեն գալիս, գնում ենք, տնից կանչում-բերում ենք, ուսուցիչներն են գնում տուն՝ հանձնարարություն են տալիս, դասերն են ստուգում։ Էլ ի՞նչ անենք, ուրիշ հնար չունենք, չենք կարող դպրոցից դուրս հանել: Ծնողները պետք է մտածեին իրենց երեխաների մասին, չգցեն այդպիսի մեծ հոգսի տակ»,- ասում է Արևուտի հիմնական դպրոցի տնօրեն Խաթուն Հարությունյանը: Նա դիմել է Ոստիկանությանը և գյուղապետին, նրանց ներկայացրել իրավիճակը, բայց չգիտի, թե ինչպես վարվի:
Սվետլանան սովորում է 7-րդ դասարանում: Դպրոցում սիրում է աշխարհագրություն առարկան: «Ւ՞նչ ես ուզում դառնալ» հարցին առանց երկար մտածելու պատասխանում է՝ բժշկուհի: Աղջիկն ասում է, որ ծնողները փետրվարի վերջին գալու են, իրենց էլ տանեն Ռուսաստան: «Որ գնամ Ռուսաստան, կսովորեմ, ինստիտուտ կընդունվեմ»,- ասում է Սվետլանան: Իսկ Էդգարը սիրում է մաթեմատիկա առարկան և կցանկանար մաթեմատիկայի ուսուցիչ դառնալ:
Արևուտի դպրոցի տնօրենի խոսքերով՝ վերջին 15 տարվա ընթացքում ինքը չի հիշում իրենց դպրոցից գոնե մեկ աշակերտի, ով կրթությունը շարունակած լինի: Նույնիսկ 10-ամյա կրթություն ոչ բոլորն են ստանում:
«Երեխաները մեղավոր չեն, ծնողներն ուսումը չեն կարևորում և չեն ուզում, որ իրենց երեխաները կրթություն ստանան: Ուսման նկատմամբ հետաքրքվածություն չկա, նույնիսկ դպրոցական գրքերի, տետրերի համար գումար չեն ուզում ծախսել: Իսկ խորհրդային շրջանում այդպես չէր»,- ասում է Խաթուն Հարությունյանը:
Նրա խոսքերով՝ իրենք փորձում են լավ առաջադիմությամբ աշակերտներին համոզել, խրախուսել, որ կրթությունը շարունակեն, սակայն նրանք ծնողներին են լսում:
«Երևի ազգային առանձնահատկություն է, մտածելակերպ է: Իրենք շատ լավ մարդկային հատկանիշներ ունեն, բայց կրթության նկատմամբ ձգտում չունեն: Աղջիկները լավ մայր և հարս են դառնում, տղաները՝ լավ տուն են պահում»,- ասում է տնօրենը:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
