ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Արտաքին աշխարհի հետ շփվելու իրավունքի մոնիտորինգ ՀՀ քննչական մեկուսարաններում
Մարդու իրավունքների պաշտպանության Հելսինկյան հիմնադրամի օժանդակությամբ եւ ԵԱՀԿ/ԺԻՄԻ ֆինանսական աջակցությամբ "Քաղաքացիական հասարակության զարգացման միությունը" եւ "Ազատազրկվածների եւ բանտարկյալների իրավունքների պաշտպանության միությունը" 2001թ. օգոստոս-նոյեմբերի ընթացքում ՀՀ քննչական մեկուսարան-ներում անցկացրեցին արտաքին աշխարհի հետ շփման (ձերբակալման մասին տեղեկացնելու, տեսակցության, նամակագրության, հանձնուքի) իրավունքի պահպանման մոնիտորինգ: Այն նպատակ ուներ ուսումնասիրել կալանավորված/ձերբակալված անձնավորության իր հարազատներին ու ընկերներին այդ մասին հաղորդելու հնարավորությունները, քննչական մեկուսարաններում գտնվողների իրենց հարազատների ու ընկերների հետ տեսակցություն ստանալու, դրանց ընթացքի պայմանները, ընտանիքի հետ նամակագրության միջոցով կապ պահպանելու, հանձնուք ստանալու հնարավորություններն ու պայմանները, հետեւաբար` բացահայտել այս բնագավառում առկա իրական վիճակը, հանդես գալ օրենսդրության մեջ, կիրառվող պրակտիկայում փոփոխություններ կատարելու առաջարկություններով:
Հենց նշված ժամանակահատվածում անցկացված մոնիտորինգը ձեռք է բերում հատուկ նշանակություն, քանի որ Հայաստանի Եվրոպայի խորհրդին անդամակցության կապակցությամբ հատուկ ուշադրություն է դարձվում ազատազրկման վայրերում մարդու իրավունքների պաշտպանությանը: Մասնավորապես, հոկտեմբերի 1-ից (մոնիտորինգի անցկացման եւ հաշվետվության ընթացքում) ուղղիչ-աշխատանքային հիմնարկները եւ քննչական մեկուսարանները Ներքին գործերի նախարարության ենթակայությունից անցան Արդարադատության նախարարության ենթակայության տակ: Բացի այդ, ընթանում են քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախապատրաստման աշխատանքները, ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց "Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին"օրենքի նախագիծը: Մոնիտորինգի նախապատրաստման ընթացքում հաշվի են առնվել միջազգային նորմերի պահանջները, ինչպես նաեւ այն փաստը, որ Հայաստանի քննչական մեկուսարաններում կալանավորների պահպանման փորձը ցույց է տալիս` բավական դժվար է տեսակցության թույլտվություն ստանալ ինչպես նախաքննության, այնպես էլ դատական քննության ժամանակ: Ներկայումս գործող օրենսդրությունը, մասնավորապես դատավարության մասնակիցների բոլոր փոխհարաբերությունները կանոնակարգող Քրեական դատավարության օրենսգրքում չկան տեսակցություններն արգելող կամ թույլատրող հիշատակումներ: 1969 թվականին ընդունված եւ մինչ օրս գործող "Հայկական ԽՍՀ-ում նախնական կալանքի վերցնելու" կանոնադրությունում ընդամենը նշվում է, որ տեսակցության կամ նամակագրության թույլտվությունը կարող է տալ քրեական գործը վարող մարմինը, սակայն չեն կանոնակարգվում դրանց թույլատրման կոնկրետ դեպքերը, առիթները: Քննչական մեկուսարանների վարչակազմը տեսակ-ցության թույլտվությունը տալիս է բացառապես քրեական հետապնդումն իրականացնող մարմնի համաձայնությամբ: Նախաքննությունը կարող է տեւել երկու ամսից մինչեւ մեկ տարի, գործի դատաքննությունը` էլ ավելի երկար, արդյունքում մեղադրյալը կամ ամբաստանյալը զրկվում է բարեկամների հետ գոնե հազվադեպ տեսնվելու հնարավորությունից: Արդյունքում խախտվում է մարդու ընտանեկան կյանք ունենալու իրավունքը: ԵԱՀԿ /ԺԻՄԻ "ԵԱՀԿ տարածաշրջանում նախնական կալանքի խնդիրը" հաշվետվության մեջ նշվում է, որ "կալանավորված անձանց եւ նրանց հարազատների, բարեկամների միջեւ շփումների հնարավորության տրամադրումը ինքնըստինքյան խիստ կարեւոր է":
Մոնիտորինգն անց է կացվել նախկին կալանավորների, նրանց հարազատների, քննիչների, դատավորների, փաստաբանների հետ հարցազրույցների, հարցումների միջոցով: Այցելել ենք եւ ուսումնասիրել Ներքին գործերի նախարարության/ Արդարադատության նախարարության բոլոր 6 մեկուսարանների, ինչպես նաեւ ՀՀ ԱԱՆ քննչական մեկուսարանի տեսակցության սենյակները — հանձնուքների ընդունման կետերը: Զրուցել ենք քննչական մեկուսարանների պետերի, տեսակցությունների համար պատասխանատու աշխատակիցների հետ:
Այս ոլորտում իրական պատկերը բացահայտելու, օրեսդրության, գործնականում կիրառվող փորձի բարեփոխումների ուղղությամբ առաջարկություններ անելու նպատակով մոնիտորինգը ներառնում էր անհատի հարազատներին կամ մերձավորներին ձերբակալության մասին տեղյակ պահելու հնարավորության, նրանց տեսակցության պայմանների, նամակագրության միջոցով նրանց կապը պահպանելու, հանձնուք ստանալու պայմանների ուսումնասիրությունը:
Մոնիտորինգի արդյունքում պարզվեց, որ քննչական մեկուսարաններում տեսակցության թույլտվություններ բավական հազվադեպ են ստանում: Այսպես, ուսումնասիրությունը անց կացնելու պահին միջին հաշվով մեկ ամսվա ընթացքում տեսակցության թույլտվություն էր ստանում 100 մարդուց մեկը: Վերջին մի քանի տարիների ընթացքում ոչ մի մեկուսարանում առհասարակ չի եղել պաշտոնապես թույլատրված նամակագրության որեւէ դեպք :
Բոլոր մեկուսարաններում կային տեսակցությունների համար նախատեսված սենյակներ, սակայն համարյա բոլորն ունեն վերանորոգման կարիք, վատ են ջեռուցվում եւ օդափոխվում: Տարբեր մեկուսարաններում տեխնիկական հագեցվածությունը տարբեր էր: Համարյա բոլոր մեկուսարաններում կային մինչեւ 5 տարեկան երեխաների հետ թույլատրված ամենամսյա տեսակցությունների առանձին սենյակներ:
ՆՆ/ԱՆ հին եւ ԱԱՆ քննչական մեկուսարաններում հանձնուքների կետերը սենյակներ էին ընդունման պատուհաններով: Մեկ դեպքում պատուհանը դուրս էր գալիս փողոց, այսինքն` անկախ եղանակից կալանավորների բարեկամները ստիպված են գտնվել փողոցում հանձնուքի բլանկը լրացնելու, հանձնուքի զննման ընթացքում:
Այսպիսով` պրակտիկայում չի պահպանվում կալանավորների արտաքին աշխարհի հետ շփվելու իրավունքը: ԱԺ-ում տնվող օրենքի նախագիծը կոչված է արմատապես փոխելու այս հարցի հետ կապված իրավիճակը: Սակայն կան մտավախություններ, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կծագեն մի շարք բարդություններ կապված ամրագրված փորձի, ձերբակալվածների եւ նրանց բարեկամների օրենքի չիմացության, նախնական պահպանման մեկուսարանների եւ քննչական մեկուսարանների տեխնիկական հնարավորությունների հետ (տեսակցությունների համար սենյակների տարողունակությունը, նամակների գրաքննության հարցերը եւ այլն):
