«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ-2002» ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2002թ. դեկտեմբերի 16-18-ը Հրազդան հյուրանոցում տեղի ունեցավ «Մարդու իրավունքները Հայաստանում-2002» թեմայով համաժողով, որին մասնակցում էին մարդու իրավունքներով զբաղվող հայաստանյան հասարակական կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները, պետական մարմինների ներկայացուցիչները: Համաժողովը կազմակերպել էին 4 հասարակական կազմակերպություն՝ Քաղաքացիական հասարակության զարգացման միությունը, Հայաստանի հելսինկյան կոմիտեն, Խոսքի ազատության աջակցության հիմնադրամը, Հետաքննող լրագրողների ընկերակցությունը՝ Համաշխարհային Ուսուցում ՀԿ հզորացման ծրագրի աջակցությամբ։ Համաժողովի նպատակն էր Հայաստանում մարդու իրավունքների ներկա իրավիճակի քննարկումը, դրանց պաշտպանությունը օրենսդրության եւ գործնական կիրառման տեսանկյուններից: Համաժողովում մասնավորապես քննարկվեցին հետեւյալ թեմաները.

Երեխաների իրավունքները

Զեկուցողները փաստեցին, որ թեեւ ՀՀ-ն 1992թ. վավերացրել է Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան եւ ունի համապատասխան օրենք, երեխաների իրավունքներին վերաբերող որոշ հարցեր օրենսդրորեն կարգավորված չեն, ինչը օրինախախտումների լայն հնարավորություն է տալիս: Խոսքը հատկապես որդեգրված երեխաներին արտերկիր տանելուն է վերաբերում: Ինչպես նշեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աշխատակից Շուշան Խաչյանը, Հայաստանում երեխաների նկատմամբ կիրառվում է բռնություն, թույլ են տրվում չարաշահումներ, վատ վերաբերմունք, սեռական բռնություն, երեխաների տրաֆիկինգ եւ այն: Աղետալի է մտավոր եւ ֆիզիկական թերություններով, դժվար իրավիճակում հայտնված կամ օրինախախտ երեխաների վիճակը հատուկ հաստատություններում: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Նաիրա Ավետիսյանի համոզմամբ՝ երեխաները օրինախախտ դառնում են հիմնականում ընտանիքներին օգնելու, սոցիալական ծանր վիճակից հանելու ցանկությունից դրդված: Ուստի առաջարկվեց լուծել այդ երեխաներին աշխատանքով ապահովելու հարցը: Բոլոր զեկուցումներում կարեւորվեց երեխաների կրթության իրավունքը, որը հատկապես դժվար է իրականացնել գյուղական բնակավայրերում՝ դպրոցների հեռու գտնվելու, տեղափոխման դժվարությունների պատճառով: Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի նախագահ Գեորգի Վանյանն ընդգծեց երեխաների՝ կրթական ծրագրեր, մինչեւ անգամ՝ դասագրքեր ընտրելու իրավունքը: Երեխաների իրավունքների ոտնահարում համարվեց նաեւ առողջապահության անմատչելիությունը՝ կոչ անելով բարձրացնել պետպատվերի շրջանակում բուժօգնություն ստացող երեխաների տարիքային ցենզը: Մասնակիցները առաջարկեցին նաեւ մեծացնել բյուջեում կրթության համար նախատեսվող գումարը՝ որոշելով այդ ուղղությամբ լոբբինգ իրականացնել:

Մարդու իրավունքները կալանավայրերում

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի տեղակալ Վարուժան Մելքոնյանը թվարկեց կալանավորների այն իրավունքները, որոնց իրականացման մեջ Հայաստանը թերանում է: Դրանք են՝

1. Անձնական — ընտանեկան իրավունքը: Մասնավորապես Աբովյանի գաղութում լուրջ խնդիր է անչափահաս եւ կին դատապարտյալների տեսակցությունը, հատուկ մասնաշենքի բացակայության պատճառով:

2. Աշխատանքի եւ աշխատանքի ընտրության իրավունքը: Այսօր դատապարտյալների միայն 10%-ն է ապահովված աշխատաանքով: Քրեակատարողական վարչությունը շարունակում է զբաղվածության հարցի լուծման ուղիներ փնտրել, սակայն անգամ այսօր աշխատող եւ արտադրանք տվող դատապարտյալների արտադրանքի իրացման խնդիր կա:

3. Խոսքի եւ կարծիք արտահայտելու ազատության, տեղեկություն ստանալու իրավունքի իրականացման առումով կալանավայրերում միակ խնդիրը մամուլ ստանալն է: Արդեն պայմանավորվածություն կա Հայմամուլի հետ՝ կալանավայրերին տրամադրել հետ վերադարձած թերթերը, բայց դա տեւում է մեկ ամիս :

4. 2000-2002 թթ. ընթացքում կալանավայրերում կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտման (ինքնասպանություն) երկու դեպք է տեղի ունեցել:

5. Կալանավայրերում կարեւոր բացթողում է դատապարտյալների միջնակարգ, մասնագիտական եւ բարձրագույն կրթության ապահովումը: Դրա համար չկան ոչ օրենսդրական հիմք, ոչ էլ բյուջետային հատկացումներ:

Կալանավորների իրավունքներով զբաղվող ՀԿ-ներն արձանագրեցին, որ կալանավայրերը ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքում ընդգրկելուց հետո համակարգն ավելի բաց է դարձել: ՀԿ-երն իրավունք են ստացել այցելել կալանավայրեր եւ ծրագրեր իրականացնել այնտեղ: ,Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասինե ՀՀ օրենքի համաձայն պետք է ստեղծվի հասարակական դիտորդական խումբ: Մի խումբ ՀԿ-եր աշխատում են արդարադատության նախարարության եւ միջազգային փորձագետների հետ այդ խմբի գործունեության կանոնակար•ի վրա: Այստեղ միակ խնդիրը, ըստ ՔՀԶՄ անդամ, փաստաբան Նարինե Ռշտունու, այն է, որ օրենքով նախատեսված նմանատիպ խմբի ձեւավորումը Ներքին գործերի համակարգում հապաղում է:

Մարդու իրավունքները բանակում

Համաժողովում այս թեմայով հնչած զեկուցումները եւ քննարկումները փաստեցին, որ բանակը այն կառույցն է, որտեղ ամենից շատ են խախտվում մարդու՝ տվյալ դեպքում զինծառայողների իրավունքները: Ամենից աղաղակողը ոչ կանոնադրական հարաբերությունների (հեղինակություններ, դեդովշչինա եւ այլն) հետեւանքով բանակում տեղի ունեցող խոշտան•ումները, սպանություններն են: Երկրորդ խնդիրը զինծառայողների նկատմամբ կիրառվող բռնարարքներն են իրավապահ մարմինների՝ մասնավորապես ռազմական ոստիկանության կողմից: Բարձրացվեց նաեւ զինծառայողներին կարգապահական կալանավորման ենթարկելու հարցը: Զեկուցող Հայկ Ալումյանը (ՀՀ Նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ) նշեց, որ այն նախատեսված է օրենսդրությամբ, բայց հակասում է ՀՀ Սահմանադրությանը եւ միջազգային փաստաթղթերին: Առաջարկվեց բանակում հասարակական հսկողությունը ուժեղացնելու նպատակով դիտորդական խմբերի այցելություններ նախատեսել նաեւ այստեղ:

Խոսքի եւ մամուլի ազատությունը Հայաստանում

Ինչպես նշեց հիմնական զեկուցողներից Մարկ Գրիգորյանը, Հայաստանում մամուլի ազատությանը խոչընդտում է արտաքուստ աներեւույթ գրաքննությունը, որն իրականացվում է երեք մակարդակով: Առաջինը թերթերի եւ հեռուստաընկերությունների հովանավորների իրականացրած գրաքննությունն է, երկրորդը՝ խմբագիրներինը, իսկ երրորդը լրագրողի իֆքնագրաքննությունն է, որը հաճախ դրսեւորվում է տաբու թեմաների տեսքով, այն է՝ բանակը, ազգային անվտանգությունը եւ այլն: Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանն առաջադրեց պատասխանատու մամուլի խնդիրը՝ կարեւորելով լրատվամիջոցների էթիկայի կանոնագրերի ընդունումը: Նա առաջարկեց նաեւ Հայաստանում ստեղծել Մամուլի դատարան կամ Էթիկայի հանձնաժողով:

Կյանքի իրավունքը

«Կյանքի իրավունք» թեմայի շրջանակում քննարկվեց մահապատժի վերացման խնդիրը: Մասնավորապես նշվեց, որ մահապատժի հարցը քաղաքականացվում է՝ կապված Հոկտեմբերի 27-ի դատավարության հետ: Մինչդեռ այն պետք է դիտարկել հումանիստական, քրիստոնեական արժեքների տեսանկյունից: Ի վերջո, ամենավերջին չարագործն անգամ զղջալու իրավունք ունի:

Էկոլոգիան Հայաստանում

Զեկուցող, Հանուն կայուն մարդկային զարգացման միության նախագահ Կարինե Դանիելյանը արձանագրեց, որ Հայաստանում էկոլոգիական անմխիթար վիճակի գլխավոր պատճառն էկոլոգիական իրավունքը չգիտակցելն է, համատարած հակաէկոլոգիական մտածողությունը, որը ապագայում մեզ կարող է դարձնել էկոլոգիական փախստականներ: Թեւ այս ոլորտը կարգավորող հրաշալի օրենքներ ունենք, բայց դրանք գործնականում չեն կիրառվում, քանի որ, ըստ զեկուցողի, հայաստանյան օլիգարխները օրենքից բարձր են եւ անխնա շահագործում են բնական ռեսուրսները: Էկոլոգիական իրավունքի գիտակցումն արթնացնելու համար առաջարկվեց բարեփոխումներ իրականացնել էկոլոգիական կրթության ոլորտում՝ այն սկսելով դպրոցից:

Խտրականությունը Հայաստանում

Խղճի եւ դավանանքի ազատության, հաշմանդամների իրավունքների վերաբերյալ զեկուցողներն արձանագրեցին, որ Հայաստանում համատարած անհանդուրժողականության մթնոլորտ է տիրում: Մամուլի հրապարակումների վերլուծությունը ցույց է տվել, որ խտրականությունը դրսեւրվում է սկսած տարբեր կրոնական կազմակերպություններից մինչեւ Առաքելական եկեղեցու ներքին խնդիրները: Մատնանշվեցին այս ոլորտի օրենսդրական անկատարությունը:

Կարեւրովեց հաշմանդամ երեխաների ինտեգրման հարցը, որի կարեւորագույն տարրերն են կրթությունը եւ հաշմանադամների համար տեղաշարժման հնարավորությունը: Առանձնահատուկ ուշադրության արժանացավ հաշմանդամների զբաղվածության խնդիրը, որի շրջանակում առաջարկվեց հարկային արտոնություններ սահմանել այն ձեռնարկությունների համար, ովքեր ունեն հաշմանդամ աշխատողներ: Արձանագրվեց, որ ներկայումս հենաշարժողական ապարատի խանգարում ունեցող երեք հարյուր հարցված հաշմանդամների մ իայն տասնյոթ տոկոսն է ապահովված աշխատանքով:

Արդարադատությունը Հայաստանում

Քննարկվեցին համակարգում օրենսդրական փոփոխությունների առաջնահերթության հարցը, որը կնպաստի արդարադատության լիարժեք իրականացմանը: Քննարկվեց փաստաբանական ինստիտուտի դերը արդարադատության իրականացման գործում: Ինչպես նաեւ` դատարանների եւ փաստաբանների նկատմամբ հասարակության վստահության բարձրացման խնդիրը: Առաջարկվեց օրենսդրական բարեփոխումների միջոցով բարձրացնել դատավորների եւ փաստաբանների պաշտպանվածությունը, որը կնպաստի արդարադատության կայացմանը:

Համաժողովում ներկայացված բոլոր զեկուցումները եւ նյութերը լույս կտեսնեն առանձին ժողովածուով: