ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՄԵՐ ԱՆԵԼԻՔԸ ՍՊԱՌՎԱԾ ՉԷ
Հայաստանի իշխանությունների կամայականությունների հետեւանքով, ինչպես եւ
սպասվում էր, «Ա1+»-ը այս մրցույթում էլ հաճախականություն չստացավ: Նրա հետ մրցող
հեռուստաընկերությունների ներկայացրած՝ ակնհայտորեն թույլ ծրագրերը ավելի բարձր
գնահատականի արժանացան, քան «Ա1+»-ի ծրագիրը, որի հիմնավոր եւ բարձրորակ լինելը
ակնհայտ էր:
Հեռուստաընկերության
տնօրեն ՄԵՍՐՈՊ ՄՈՎՍԵՍՅԱՆԸ գտնում է, որ չարժե տխրել եւ հուսահատվել, հակառակը. այս
իշխանությունների օրոք աշխատելն, ըստ նրա, անեծքի նման մի բան է: Պրն Մովսեսյանը
համոզված է, որ Ռոբերտ Քոչարյանը փորձում է «Ա1+»-ի ղեկավարության եւ աշխատակազմի
նյարդերի ամրությունը: «Մեր նյարդերն ամուր են, ինչը չենք կարող ասել մեզ
փորձության ենթարկողների մասին»,- ասում է նա:
-Պարոն Մովսեսյան, չէի՞ք սպասում, որ ՀՌԱՀ-ը նման որոշում կկայացներ:
-Այսպիսի որոշում, իհարկե, կարելի էր ենթադրել, քանի որ ես շատ լավ գիտեմ, թե
ճանաչում եմ ում հետ գործ ունեմ: Այս կարգի կամայականությունները երեւույթ են մեր երկրում,
եւ այս հիվանդությունը եթե չբուժվի, մենք լուրջ խնդիրներ կունենանք: Իմ
մտավախությունը մի քիչ ուրիշ է, ես հիմա վախենում եմ իմ երեխաների համար: Ո՞ր երկրում,
ի՞նչ երկրում նրանք պիտի ապրեն: Մեր իսկ երկրի մասին օրեցօր մեր պատկերացումները
ավելի են վատանում: Երկիր, որտեղ առաջին պլան է մղվում փողը, այն էլ՝ ուրիշի փողը:
Բոլորը միաձայն վեր-վեր են թռչում ուրիշի փողերով: Դա նշանակում է, որ ի սկզբանե
պետք է ծախվել, դա նաեւ նշանակում է, որ ի սկզբանե չծնված հեռուստաընկերությունը
պետք է որոշակի նպատակի ծառայի, թե ում նպատակին, դա էլ գալիս է նրանից, թե ով
ավելի շատ փող ունի:
- Հայաստանում այսօր կա՞ն մարդիկ, հեռուստաընկերություններ, որոնք հավատացած են,
որ առանց ծախվելու էլ կարող են գործել այնպես, ինչպես իրենք են ուզում:
- Դրա վառ ապացույցը «Ա1+»-ն է, որ տասներկու տարի է չի ծախվել, տասներկու տարի
է գոյատեւում է եւ վատ չի գոյատեւում, ի տարբերություն շատ-շատ փակված եւ մոռացված
ընկերությունների: Դրա վառ օրինակն է այսօրվա մեր նորմալ տրամադրությունը, որ թքած
ունենք ժամանակավոր երեւույթների եւ անցողիկ մարդկանց վրա: Ես նորից եմ կրկնում՝ իմ
միակ մտավախությունը մեր ապագան է:
- Երկրի ղեկավարը կարո՞ղ է իրեն թույլ տալ վրեժխնդիր լինել: Նկատի ունեմ Ռոբերտ
Քոչարյանի հանդիպման հրավերը Ձեր եւ լրագրողների կողմից մերժելը:
-Ես համոզվեցի, որ Ռոբերտ Քոչարյանը չի սիրում իր երկրի ժողովրդին: Որովհետեւ
նույն «Ա1+»-ի աշխատողները նույն ժողովրդի մասնիկն են, եւ այսպիսի ցինիզմով
վերաբերվել այդ մարդկանց՝ նշանակում է ատելություն ունենալ այս ժողովրդի նկատմամբ
կամ առնվազն չսիրել, չհասկանալ ու չնդունել նրան:
-Ինչ է սպասվում «Ա1+»-ի կոլեկտիվին: Սրանով փակվելու՞ է հեռուստաընկերության
հարցը:
- Բնավ ոչ, վաղ, թե ուշ մենք եթեր կունենանք: Ինչ վերաբերում է կոլեկտիվին, ապա
նա ամենեւին էլ այս իրավիճակի գերին չէ: Ինքը ապրում է իր աշխարհում, իր մտքերով ու
աշխատանքով: Կոլեկտիվը ունի իր սպասելիքները: Ի դեպ, «Ա1+»-ը մի քիչ ավելի լավատես
է թե ժողովրդի, թե երկրի հանդեպ, քան մեր ղեկավարները:
-Ուրեմն՝ սպասենք խելամիտ ղեկավարների եւ լավ օրերի:
- Ես կասեի, որ ոչ թե սպասել, այլ բուժել է պետք: Մենք սովոր չենք հայացողական
կեցվածքի կամ որեւէ մեկի հանդեպ չարանալով՝ մեր գործն առաջ տանելուն: Մեր անելքիը
սպառված չէ, առավել եւս՝ որեւէ մեկը մեր փոխարեն չի որոշելու այն: Մեր խնդիրը
չարիքի հաղթարշավը կասեցնելն է: Բոլոր առողջ ուժերի հետ:
