Ցմահներն առայժմ ունեն միայն հաց ուտելու իրավունք

Եվրախորհուրդը Հայաստանի առջեւ ցմահ դատապարտվածների խնդիրներին վերաբերող ուղղակի պայմաններ չի դրել: Այս փաստը ոգեւորությամբ են նշում ՀՀ արդարադատության նախարարությունում: Նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի (վարչության պետ) հետ ոչ պաշտոնական զրույցը իրականում ցույց տվեց, թե կոռուպցիայի դեմ պայքարի կովկասյան առաջամարտիկի դերն ստանձնած Հայաստանն ինչպես է վերաբերվում իր բանտարկյալներին: Նախ մենք տեղեկացանք, որ ցմահ դատապարտվածները հիմնականում կենտրոնացված են Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի մեկ հարկում: Այլ տվյալներով եւս մի քանիսը գտնվում են որիսի բանտում: Այս բանտի պայմանները ներկայացրեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Բանտն, ըստ նրա, քննչական մեկուսարանի նման մի տեղ է, որտեղ բանտարկյալն ամբաստանյալի նման ունի մեկ ժամվա զբոսանքի իրավունք: Բանտի եւ մեկուսարանի արանքում իսկական դրախտ է գաղութը, որտեղ բանտարկյալը դրսում գտնվելու ժամային խիստ սահմանափակումներ չունի: Նրանք, ովքեր «բնակվում» են Նուբարաշենում, դարձյալ ապրում են խցերում: Այս փաստը հաստատեց հայտնի իրավապաշտպանը, ըստ որի «նրանք պահվում են այն պայմաններում, որում պահվում են նախաքննության տակ գտնվող ամբաստանյալները... Նրանց համար առանձնացված են հատուկ խցեր»: Մինչդեռ, ըստ վարչության պետի, «նրանք մենակ չեն մնում, հոգեբանական իմաստով ճիշտ չի»: «Չկան ցմահներ, որոնք մենակ են նստում: Կան մենախցեր, որոնք չենք օգտագործում»,-վստահեցրեց արդարադատության նախարարության վարչության պետը: Այս մարդն առանց երկմտանքի հայտարարեց. «Նրանք շատ անգամ ավելի լավ պայմաններում են, քան դատապարտյալները եւ նախնական կալանքի տակ գտնվողները»: Ավելի լավ պայմաններին վերաբերող փակագծերը մեր հետ զրույցում բացեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Պարզվում է, որ ցմահ դատապարտված որոշ բանտարկյալների իրավունք է տրվում վերանորոգել իրենց խցերը: «Եթե հարազատները կարողանում են օգնել, վերանորոգում են անում խցերում, եթե չեն կարողանում, բնականաբար չեն անում... Վերանորոգում ասվածը պայմանական է: Ասենք, վերանորոգված է Արմեն Մնջոյանի խուցը: Արմեն Տեր-Սահակյանինը՝ նույնպես: Ով որ հնարավորություն ունի: Էդ ի՞նչ է, երկու բանկա ներկ է, բերում են, իրենք պատերը ներկում են»:

Ավելի լավ պայմանների մասին վարչության պետի հայտարարությունը կարող է վերաբերվել նաեւ դատապարտվածների հանդեպ մարդկային վերաբերմունքին: Հայաստանում Եվրախորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան վստահեցնում է, որ այդ վերաբերմունքն անկասկած Եվրոխորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություններից է: Գոյություն ունի խոշտանգումների եւ անմարդկային, պատիվը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման ԵԽ կոնվենցիա եւ այս կոնվենցիայում ներառված են եվրոպական բանտային կանոններ: Ինքը` Նատալյա Վուտովան, անձամբ ոչ մի ցմահ բանտարկյալի չի այցելել եւ տեղյակ չէ, թե մեր երկիրն ինչքանով է կատարում այս պարտավորությունը: Միաժամանակ տիկին Վուտովան հույս ունի, որ Հայաստանը հետեւողական կլինի ցմահ բանտարկյալների հանդեպ պայմանների բարելավման հարցում: «Եվրախորհրդի խոշտանգումների դադարեցման կոմիտեն հետեւում է այն բանին, թե ինչպես է պետությունը կիրառում այդ նորմերը»,-ասաց նա: Վերջինս կարեւորեց այն, որ Հայաստանում վերջապես հասկացան, որ «ցմահ բանտարկությունն առանց համաներման հնարավորության եւ առանց վաղակետ ազատման իրավունքի չի լինում»: Սակայն Վուտովան տեղեկացրեց մի մանրուքի վերացման աշխատանքների մասին, որի ուղղությամբ Եվրախորհուրդը Հայաստանում ծախսել է «որոշակի ժամանակ»: Տիկին Վուտովան պատմեց. «Եվրախորհուրդը շատ երկար պայքարում էր, որ եթե 8 մարդ գտնվում է մի կալանախցում, նրանք իրավունք ունեն բացել պատուհանը: Երբեմն շատ մեծ ժամանակ է պահանջվում հասկացնելու համար, որ պատուհանը բացելու համար ոչ մի •ումար չի պահանջվում: Որոշակի ժամանակից հետո մենք հասանք նրան, որ բանտի տնօրենը կամ ադմինիստրատորը հասկացան, որ պատուհանը բացելն անհրաժեշտ է»:

Պարզվում է, որ պետությունն առանց Եվրախորհրդի հիշեցումների էլ մի շարք պարտավորություններ ունի ցմահ բանտարկվածների հանդեպ: Զորօրինակ, նրանք ունեն հեռուստացույցի եւ տպահգիր լրատվամիջոց ստանալու իրավունք: Իսկ ի՞նչ է կատարվում իրականում: Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն եղել է մի շարք կալանավայրերում եւ տեսել է, որ որոշ կալանավորներ իսկապես ունեն հեռուստացույց: «Դա կախված է հարազատների հնարավորություններից: Օրինակ եվրոպական մեկուսարաններում հակառակն է: Արգելված է հեռուստացույց բերելը, խուց վերանորոգելը: Իրենց մոտ, օրինակ Նորվեգիայում, հստակ գրված է՝ հեռուստացույց բերելն արգելված է, որովհետեւ դա տալիս է պետությունը: Նույն բանը գործում է Գերմանիայում, նաեւ՝ Ամերիկայում: Մեր մոտ օրենքով հասնում է, բայց չկա: Մեր մոտ հասնում է լրատվություն, թերթեր, ցմահ բանտարկվածները շատ են հետաքրքրվում լրատվությամբ եւ բնական է նրանց մղումը: Թերթեր նրանք ստանում են միայն էն ժամանակ, երբ որ հարազատները բերում են ծանրոց եւ դրա հետ կարող են բերել վերջին 10 օրվա, 30 օրվա թերթերը»,-տեղեկացրեց Վարդան Հարությունյանը:

Ինչ վերաբերվում է հատուկ ցմահ բանտարկյալների համար կառուցվելիք շենքին, արդարադատության նախարարության վարչության պետը վստահեցրեց, որ «այս տարի նման բան չի նախատեսվում»: Նախարարությունն առայժմ բարելավում է Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի պայմանները եւ բանտային հիվանդանոցը: Նույն նախարարության մեկ այլ աղբյուր չբացահայտվելու պայմանով վստահեցրեց, որ հիշյալ վարչության պետն առանձնապես տեղյակ չէ, թե ինչ է մտադիր անել պետությունը: Բանն այն է, որ արդարադատության նախարարն արդեն հայտարարել է նոր շենք կառուցելու անհրաժեշտության մասին: Լոնդոն է գործուղվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության պետի տեղակալ Վարուժան Մելքոնյանը, որի այցը մեր տվյալներով կնպաստի հիշյալ շենքի կառուցման աշխատանքնեն սկսելու ժամկետի որոշակիացմանը: Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն այնքան էլ չի հավատում, որ մեր իշխանությունները հետեւողական կլինեն: «Նրանք ասում են, որ հնարավորությունները չեն ներում: Օրինակ Վանաձորի մեկուսարանն ընդհանրապես գոյություն ունենալու իրավունք չունի: Ես եղել եմ երկրի բազմաթիվ բանտերում, ամբողջ Սիբիրով անցել եմ: Նման բան ես չեմ տեսել, էն ինչ-որ գոյություն ունի Հայաստանում: Անկախ նրանից, թե ինչ կասի պետությունը, պետական պաշտոնյաները, թե չունենք փող, չունենք շենք: Չունե՞ք շենք, մի կալանավորեք: Վանաձորի կալանավայրի հետ կապված ես միայն մի առաջարկություն կարող եմ անել՝ փակեք էդ մեկուսարանը: Էդտեղ եղած կալանավորներին կամ կարելի է տեղափոխել Երեւան, կամ կարելի է տեղափոխել Գյումրի, կամ էլ փոխել խափանման միջոցը մինչեւ դատարանի վճիռը»,-ասաց իրավապաշտպանը: Արդեն հայտնի է, որ Եվրոպան մտադիր չէ գումարներ ծախսել ցմահ դատապարտվածների համար նոր շենքի կառուցման նպատակով: «Եվրոպան ինչի՞ն է փող տվել որ»,-դժգոհ ընդգծեց արդարադատության նախարարության վարչության պետը: «Եվրախորհուրդն այն կազմակերպությունը չէ, որ կարող է նյութական օժանդակություններ կատարել: ԵԽ պրակտիկան ցույց է տվել, որ որոշ դեպքերում խոսքը բանտարկյալների բանտային պայմանների մասին չէ, փողի մասին չէ, որքան՝ նրանց հանդեպ վերաբերմունքի: Շատ բան կարելի է անել սահմանափակ միջոցներով, ամեն ինչ մեծ հաշվով կախված է կալանավայրերի ադմինիստրացիայից: Եվ եթե ադմինիստրացիան վերաբերմունքը փոխի, բանտարկյալների հանդեպ մոտեցումը լինի ավելի փափուկ, շատ դեպքերում հնարավոր է լավացնել նրանց պայմանները»,-ասաց Եվրախորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:

ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆ