ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ
Այսօր տեղի ունեցավ ընդդեմ բռնատիրության 70 հասարակական կազմակերպությունների հանրահավաքը:
«Մենք պայքարելու ենք այնքան, մինչեւ Հայաստանում մեկ քաղաքական բանտարկյալ անգամ չլինի եւ, որ բոլոր բանտարկյալներն արագ ազատ արձակվեն»,- այսօր ուսանողական, հասարակական կազմակերպությունների կազմակերպած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
Հանրահավաքի նախաձեռնողները նշեցին, որ սա ընդամենը քաղաքացիական ակցիա է, որի գլխավոր նպատակն է ապացուցել, որ յուրաքանչյուր մարդ իր հայրենիքում ազատ ապրելու եւ մտածելու իրավունք ունի:
Խաղաղասեր նախաձեռնության կովկասյան կենտրոնի նախագահ Գեորգի Վանյանի համոզմամբ, այս իրավիճակից դուրս գալու միակ ելքը՝ ժողովուրդի միասնությունն է.«Եկեք բոլորս ներենք մեկս մյուսի մեղքերը եւ այս ձեւով հաղթենք այսօր ուժ դառած մահակին եւ սապոգին»:
Հանրահավաքի ավարտից հետո մասնակիցները՝ փուչիկները ձեռքերին բռնած, շարժվեցին դեպի ՀՀ Աժ: Հանրահավաքի նախաձեռնող խմբի ղեկավար Հրանտ Տեր-Աբրահամյանի խոսքերով, սրանք այն հեղափոխական փուչիկները չեն, որոնց մասին խոսում էր Ռոբերտ Քոչարյանը. «Մեր փուչիկների վրա գրված են միայն ժողովրդավարություն, ազատություն եւ կայունություն, այսինքն ցանկացած ժաղովրդավարական երկրի հիմնական նախադրյալները»:
Երթի վերջում ուսանողները փուչիկները կապեցին Ազգային ժողովի մուտքի դարպասներից եւ հեռացան: Հանրահավաքի մասնակիցները քաղբանտարկյալների ճակատագրով զբաղվելու պահանջագիր ներկայացրին ԱԺ:
Մատենադարանից դեպի Մաշտոցի պողոտա տանող տարածքը աչալուրջ հսկվում էր, կարելի է ասել, որ հավաքվել էր ոստիկանության ողջ սերուցքը` ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Վարյանի եւ Կենտրոնի ոստիկանապետ Հովիկ Թամամյանի գլխավորությամբ:
Հովհաննես Վարյանի վիճակը հաստատ նախանձելի չէր: «Ջարդարարի» համբավ ձեռք բերած ոստիկանապետի տեղակալին այսօր արդեն բոլորն էին ճանաչում. «Սա է՞ այն Վարյանը, տեսա՞ք, նայեք, նայեք..»,- մեկը մյուսին հարցնում ու մատնացույց էին անում երթի մասնակիցները:
