28 հուլիսի-3 օգոստոսի, 2004թ

1. Եվրախորհրդի կտտանքների կանխարգելման կոմիտեն հրապարակել
է Հայաստանին վերաբերող առաջին զեկույցը

[28.07.2004]

«Հայաստանում ձերբակալված մարդիկ մեկուսարաններում ոչ պատշաճ վերաբերմունքի
արժանանալու էական ռիսկի են ենթարկվում», - ասված է Եվրոպայի խորհրդի կտտանքների
կանխարգելման կոմիտեի հրապարակած զեկույցում:

Սա Հայաստանին վերաբերող առաջին զեկույցն է, որը կազմվել է 2002 թվականին Հայաստան
կատարած այցելությունից հետո: Զեկույցում նշվում է, որ այդ այցի ընթացքում կոմիտեի
ներկայացուցիչները ձեռք են բերել բազմաթիվ արժանահավատ տեղեկություններ, որ
ձերբակալված քաղաքացիները մեկուսարաններում ենթադրաբար արժանանում են ոչ պատշաճ
վերաբերմունքի:

Եվրախորհրդի կտտանքների կանխարգելման կոմիտեն նաեւ կոչ է անում անհապաղ քայլեր
ձեռնարկել Նուբարաշենի բանտում ցմահ ազատազրկման դատապարտվածների պայմանները
բարելավելու համար:

Եվրախորհուրդը երեկ տարածած հաղորդագրությունում փաստում է, որ Հայաստանի
իշխանությունները այս զեկույցին վերաբերող պաշտոնական պատասխանում վկայակոչում են
այն միջոցառումները, որոնք ձեռնարկվել են ոստիկանների պատրաստվածությունը
բարելավելու եւ կալանավայրերի գերծանրաբեռնվածությունը մեղմելու համար:

Զեկույցը զետեղվել է Եվրախորհրդի ինտերնետային էջում, որտեղ, Հայաստանի
համաձայնությամբ, հրապարակվել են նաեւ երկրի իշխանությունների պատասխանները:

Արմեն Դուլյան, Պրահա

Զեկույցի տեքստը ամբողջությամբ կարելի է գտնել այստեղ




http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=879

2. Վլադիմիր Պրյախին. «ԵԱՀԿ-ի քննադատությունը երեւանյան
գրասենյակին չի վերաբերում»

[30.07.2004]

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երեւանյան
գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը ուրբաթ օրը «Ազատություն»
ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, թե ԵԱՀԿ-ին ուղղված քննադատությունը, որը
հրապարակվել էր այս ամիս ավելի վաղ ԱՊՀ մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի
կողմից ստորագրված հայտարարությամբ, չի վերաբերում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի
գործունեությանը:

ԱՊՀ 9 երկրների կողմից ստորագրված հայտարարության մեջ ԵԱՀԿ-ն մեղադրվում է այդ
պետությունների ներքին գործերին միջամտելու մեջ:

«Ես կարծում եմ, որ այդ հայտարարության քննադատական ուղղվածությունը չի վերաբերում
մեր գրասենյակին: Մենք չենք միջամտում Հայաստանի ներքին գործերին եւ մեր
գործունեության մեջ չկան այն անհամամասնությունները, որոնց մասին խոսվում է այդ
հայտարարության մեջ», - ասաց դեսպան Պրյախինը: - «Մեր գործողությունները նպատակ
ունեն աջակցել Հայաստանին` ժողովրդավարական եւ քաղացիական ինտիտուտների ձեւավորման
հարցում»:

Վլադիմիր Պրյախինը հրաժարվեց մեկնաբանել Հայաստանի` նշված հայտարարությունը
միանալու դրդապատճառները:

«Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին, քանի որ այդ հարցը հենց վերաբերում է
Հայաստանի սուվերենությանը, իսկ մենք չենք միջամտում Հայաստանի ներքին գործերին», -
ասաց նա:

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» ոչ կառավարական կազմակերպությունների
ֆորումը այս շաբաթ ավելի վաղ տարակուսանք ու մտահոգություն էր հայտնել ԵԱՀԿ
գործունեության վերաբերյալ հայտարարությանը Հայաստանի միանալու կապակցությամբ`
նշելով, թե դա հակասում է մի շարք հարցերի վերաբերյալ Հայաստանի պաշտոնական
դիրքորոշմանը եւ չի բխում Հայաստանի շահերից:

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը, պատասխանելով
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, ուրբաթ օրը պաշտպանել է պաշտոնական
դիրքորոշումը` նշելով, որ անկախ խնդրո առարկա հայտարարությունից, ԵԱՀԿ-ում հայկական
պատվիրակությունն «արդեն շուրջ մեկ տարի ԵԱՀԿ բարեփոխմանը նվիրված աշխատանքային
խմբում եւ համապատասխան այլ մարմիններում բարձրացնում է այդ հարցերը, որոնք
ընդունվում են լրջորեն»:

«Մենք կարեւորում ենք ԵԱՀԿ դերը անվտանգության, հակամարտությունների կարգավորման,
տնտեսության, բնապահպանության, ինչպես նաեւ մարդկային իրավունքների պաշտպանության
ուղղություններով, ուստի շահագրգռված ենք կազմակերպության կանոնավոր
գործունեությամբ, ուր անդամ երկրներին վերապահված կլինեն հավասար իրավունքներ եւ
որոշումների ընդունման մեջ լիարժեք մասնակցություն», - ասված է
արտգործնախարարության խոսնակի պատասխանում: - «Այս առումով այսօր Հայաստանն ունի
մտահոգություններ, որ մենք ներկայացնում ենք ԵԱՀԿ ղեկավարությանն ու համապատասխան
մարմիններին: Դրանք իսկապես ելնում են Հայաստանի շահերից` որպես անցումային
տնտեսության փուլում գտնվող, երկրում ժողովրդավարական ինստիտուտները զարգացնող
երկիր»:

Ռուզաննա Ստեփանյան


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=880

3.Մարդու Իրավունքները Հայաստանում վեբ-սայթ

[28.07.2004]

Մարդու Իրավունքները Հայաստանում (ՄԻՀ) վեբ-սայթը շատ օգտակար աղբյուր է ինչպես
մարդու իրավունքների ոլորտի մասնագետների եւ հետազոտողների, այնպես էլ՝ լրագրողների
համար: ՄԻՀ-ը օժտված է հարմար արխիվով եւ երեւի թե լավագույնն է մարդու
իրավունքներին նվիրված աղբյուրներից ինտերնետի հայաստանյան հատվածում: Ցավոք, ՄԻՀ-ի
այցելուների քանակը բավականին սակավ է:

Տեքստը ամբողջությամբ կարող եք գտնել
այստեղ


http://www.hra.am/arm/index1.php?goto=guest&id=46