Եվրախորհուրհուրդը վերածվում է քաղաքական կառույցի՞

ԵԽԽՎ-ի վերջին քննարկումները Հայաստանի ստանձնած պարտավորությունների եւ պարտականությունների թիվ 1361 (2004) եւ թիվ 1374 (2004) բանաձեւերի կատարման զեկույցի շուրջ բազմաթիվ հարցեր են առաջացնում: Տվյալ զեկույցի առանձնահատուկ է
ինչպես իր բովանդակությամբ, այնպես էլ արդի աշխարհաքաղաքական համատեքստով: Փաստաթղթի հետ առաջին իսկ ծանոթությունից հասկանալի է դառնում, որ այն չի
արտացոլում Հայաստանյան թե քաղաքական, թե հասարակական իրողությունները:

Մի կողմից, համազեկուցողներ Յերժի Յասկերնիան եւ Ռենե Անդրեն անտեսել են բոլոր
այն իրավախախտումները, որոնք ակնհայտ են: Օրինակ` 2004 ապրիլի 12-13-ի գիշերվա եւ
դրան հետեւող իրադարձություները, որոնք քննադատվել էին բոլոր միջազգային
կազմակերպությունների կողմից, ոչ մի լուրջ առարկության չէր արժանացել
համազեկուցողների կողմից: Ըստ Յասկերնիայի եւ Ռենեի` ոստիկանությունը չափազանց ուժ
չի կիրառել, չի խոչընդոտել քաղաքացիների ազատ տեղաշարժին եւ այլն: Ավելին, զեկույցի
բազմաթիվ կետերը ներկայացվում են որպես կարծիք եւ կիրառվում է «թվում է թե»
բանաձեւը, որը անընդունելի է տվյալ պարագայում:

Զեկույցի նախագիծը միանշանակ տպավորություն է թողնում, որ համազեկուցողները
միտումնավոր խեղաթյուրել են փաստերը: Փաստաթղթում չեն նշվում ակնհայտ
իրավախախտումների փաստերը, կամ դրանց վերաբերյալ տրվում են չափազանց մեղմ
որակավորումներ: Մյուս կողմից` չնայած համազեկուցողները ծանոթ չէին Սահմանադրության
նախագծին, սակայն Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ արձանագրում են լուրջ
առաջընթաց:

Մյուս կողմից, Հայաստանի իշխանությունները քննադատվում են այնպիսի դեպքերի հետ
կապված, որոնց վաղեմությունը անցել է: Օրինակ` համազեկուցողներն անդրադարձել են
շուրջ 4 տարի առաջ Արտյուշա Ղազարյանի գործին , սակայն որեւէ կերպ չեն անդրադարձել
խոշտանգումների այլ դեպքերին: Հեռուստաընկերությունների հետ կապված հարցերում
համազեկուցողները ներկայացել են որպես բացարձակապես անտեղյակ անձիք:

Ավելին` ՀԿ-ների ներկայացուցիչները, որոնք ներկա են եղել Յերժի Յասկերնիայի հետ
հանդիպմանը Երեւանում, պնդում են, որ նա դրսեւորում էր իրեն որպես նախապաշարված
անձնավորություն, որը ցանկություն չուներ ընկալելու  եւ հասկանալու օբյեկտիվ
իրավիճակը:

Ողջ զեկոյցի նախագծի կառուցվածքը եւ բովանդակությունը ցույց է տալիս, որ Յերժի
Յասկերնիան եւ Ռենե Անդրեն մեծ ջանքեր են գործադրել Հայաստանի իրական խնդիրներից
ուշադրությունը շեղելու, սեւեռելով այն անէական փաստերի վրա: Հնարավոր է, որ
զեկույցի նախագծի մեղմությունը պայմանավորված է Յասկեռնիայի հանդեպ առանձնահատուկ
մոտեցումով, որը դրսեւորվել էր Հայաստանի իշխանությունների կողմից Երեւանում:
Սակայն սա միակ եւ հիմնական պատճառը չի կարող լինել:

Ուշագրավ էր այս դեպքում ԵԽԽՎ-ի ղեկավարության մոտեցումը հայաստանյան զեկույցին:
Այն լսվում էր Ռուսաստանի Դաշնության Չեչնիայի հետ կապված զեկույցից հետո: Այսինքն,
ողջ ուշադրությունը շեղվել էր Չեչնիայի խնդիրների վրա, եւ Հայաստանը լուրջ չէր
կարող դիտարկվել:

Այս ամբողջը հանգեցնում է այն մտքին, որ Եվրախորհուրդը մտադրված էր ի սկզբանե
մեղմ վերաբերվել Հայաստանին, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին, որը լուրջ
քննադատոթյան արժանացավ: Դրանով Եվրախորհուրդը արձանագրեց նահանջ իր իսկ կողմից
որդեգրած կողմերի հավասարության, պարիտետի չգրված օրենքից: Սա էլ նշանակում է, որ
Եվրախորհուրդը հետապնդում է զուտ քաղաքական խնդիրներ Հայաստանի վերաբերյալ եւ չի
մանրանում մարդու իրավունքների հետ կապված հարցերի վրա:

Պատճառները կարող են լինել մի քանիսը: Մի կողմից հնարավոր է, որ միացյալ Եվրոպան
հավակնություն ունի լուրջ աշխարհաքաղաքական դեր կատարել տարածաշրջանում: Այս
կարծիքը հաստատում է այն փաստը, որ վերջին տարին Եվրամիությունը սկսել է գնալով
խորացող հետաքրքրություն դրսեւորել Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ: Չի բացառվոմ, որ
Յասկեռնյայի եւ Ռենեի կողմից պատրաստված փաստաթուղթը պետք է դիտարկել Թերրի Դեվիսի
ղարաբաղյան զեկույցի հետ միասին, որը պետք է լսվի մոտ ապագայում:

Մյուս կողմից, չի բացառվում, որ իրադարցությունների զարգացումը ԵԽԽՎ-ում
միանշանակ կապ ունեն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հետ, քանի որ Բուշի վարչակազմը
լուրջ ճնշում է գործադրում Երեւանի վրա, փորձելով Հայստանը պոկել Ռուսաստանի
ազդեցությունից: 

Հարկ է որպես դրական փաստ նշել, որ առաջին անգամ Հայստանի ՀԿ-ները կարողացան
ներկայացնել միասնական եւ միանգամայն օբյեկտիվ կարծիք զեկույցի նախագծի վերաբերյալ:
Խոսքը գնում է «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության
նկատառումների մասին: Սա ցույց է տալիս, որ Հայստանում առկա են համախբված ուժեր,
որոնք հնարավորություն ունեն անց կացնել իրական մոնիտրորինգ` փոխարեն եվրոպական
կառույցների, որոնց աշխատաոճը գնալով ավելի են նմանվում խորհրդային Պոլիտբյուրոյի
ոճին:

Նյութը պարաստաված է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտում» անց կացված
քննարկման եզրահագումների հիման վրա

Մասնակիցներ` 

Սամվել Մարտիրոսյան

Ռազմավարական մշակումների կենտրոն

Արտակ Կիրակոսյան 

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ

Գայանե Մարկոսյան  

Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոն



Իզաբելա Սարգսյան

Հելսինկյան քաղաքացիական ասմբլեա

Թամարա Հովնանյան

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ