24-30 նոյեմբերի, 2004թ.

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնությանը

[25.11.2004]

«ՄԱԿ-ը որպես կազմակերպություն եւ ես որպես կին ու Հայաստանում ՄԱԿ-ի ղեկավար`
անհանգստացած ենք այս երկրում կանանց հանդեպ բռնության փաստերով:
Ուսումնասիրությունները վկայում են, որ դեպքերի մոտ 70%-ը գրանցվում են երկրի
ամենագլխավոր կառույցում` ընտանիքում:

Դժբախտաբար այս հիմնախնդիրը գրեթե երբեք չի քննարկվում. զոհերը, բռնություն
գործադրողները եւ վկաները որպես կանոն լռություն են պահպանում: Այս միջազգային օրը
Հայաստանում նշելով` մենք պարտավորվում ենք անել ամեն հնարավորը օժանդակելու
Հայաստանի ժողովրդի ջանքերը` ուղղված կանանց հանդեպ բռնության վերացմանը»,- ՄԱԿ-ի
հայաստանյան գրասենյակում ասաց ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիս Գրանդեն այսօր
հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, որը նվիրված էր կանանց դեմ բռնությունների
վերացման միջազգային օրվան եւ Գենդերային բռնության դեմ ակտիվիզմի 16-օրյակին:

Ըստ նրա, պայքարը ավելի արդյունավետ կլինի, եթե կանայք ու տղամարդիկ իրար հետ լինեն
ու միասնական պայքարեն այս խնդրի դեմ. չէ՞ որ կանանց իրավունքների պաշտպանությունը
նաեւ տղամարդկանց խնդիրն է: Ամեն օր աշխարհում բռնության են ենթարկվում 100- ավոր
կանայք. հայ իրականության մեջ այս մասին բարձրաձայն չեն խոսում:

Գենդերային հարցերով վարչապետի խորհրդական Ալիս Ադամյանի խոսքերով դրա պատճառներից
մեկը հայկական մենթալիտետն է.«որպեսզի այդ աղբը տնից դուրս չհանեն»:

Կանանց իրավունքի կենտրոնի տնօրեն Սուսաննա Վարդանյանը նշեց, որ 2001թ-ի տվյալներով
ընտանեկան բռնության է ենթարկվել հարցվողների 70%-ը: Խնդիրը, ըստ նրա, վերանալ չի
կարող, այլ կարող է նվազել, եթե աշխատանքներ կատարվեն: Թեեւ կենտրոնում գործում է «Թեժ
գիծ», սակայն Սուսաննա Վարդանյանը չկարողացավ պատասխանել, թե օրական քանի հոգի է
զանգահարում:

Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակը ամեն տարի սկսում է նոյեմբերի 25-ից եւ
տեւում մինչեւ դեկտեմբերի 10-ը: Ի դեպ, այդ օրերին հազարավոր տղամարդիկ կրում են
սպիտակ ժապավեններ` ի նշան բողոքի կանանց նկատմամբ կիրառվող բռնության:

Հանդիպմանը ներկայացվեց Դադարեցնել բռնությունը կանանց նկատմամբ
www.stopvaw.org  ինտերնետային էջը


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=942

Լարիսա Ալավերդյանը չի մասնակցի օմբուցմենների միջազգային խորհրդաժողովին

[29.11.2004]

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը չի մասնակցում նոյեմբերի 29-30-ը Բաքվում
ընթացող Մարդու իրավունքների պաշտպանների միջազգային խորհրդաժողովին: Տիկին Ալավերդյանը պատրաստ էր մեկնել Բաքու, սակայն նա չէր ստացել համապատասխան հրավերը:


http://new.csi.am/eng/index1.php?goto=news&id=1871