Հայաստանում քաղաքացիական արժեքները դեռ լեգիտիմ չեն

Ժամանակակից աշխարհում իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը դրսեւորվում է
այդ իշխանության լեգիտիմությամբ: Իշխանությունը կարող է ունենալ լեգիտիմության
տարբեր աստիճաններ: Լեգիտիմությունը արդարացնում, բացահայտում եւ հաստատում է
քաղաքական իշխանության գոյությունը եւ «հաշվում» ժողովրդի կողմից նրա նկատմամբ
դրսեւորված վստահության աստիճանը:

Հայաստանում լայն զանգվածները «լեգիտիմություն» բառն առաջին անգամ լսեցին
իննսունութի նախագահական ընտրությունների ժամանակ: Այդ ժամանակվանից սկսած այդ բառն
Հայաստանի քաղաքական կյանքի անբաժան ուղեկիցն է: Շատերի համար այն ուղղակի
փոխարինում է «օրինական» հասկացությանը: Ավելի կոնկրետ` այս կամ այն ընտրովի
պաշտոնն զբաղեցրած անձն որքանով է ընտրակեղծիքներ իրականացրել: Սակայն, իրականում «լեգիտիմություն»
բառն ունի այլ նրբերանգներ, եւ եթե մենք որեւէ հասկացության իմաստը ճշգրտում ենք,
ապա փոխվում են նաեւ իրականության գնահատականը, երեւույթների պատճառհետեւանքային
կապը:



Ի՞նչ է նշանակում «Լեգիտիմ» իշխանություն: «Լեգիտիմ» բառն առաջացել է լատինական «լեգիտիմուսից»,
որը նշանակում է` օրինական, ճիշտ: Քաղաքագիտական բառարանները, բացատրելով այս բառի
նշանակությունը` զգուշացնում են, որ այն չի կարելի շփոթել իրավագիտության
«օրինական» բառի հետ, այլապես նոր բառի գործածության կարիք չէր լինի: «Լեգիտիմ»
բառը հաճախ է գործածվում «իշխանություն» բառի հետ միասին, որը վերջինիս կարեւոր բնորոշիչներից
է: «Իշխանության լեգիտիմության աստիճանը որոշելիս, կարելի է դիմել համաշխարհային
պատմության օրինաչափություններին, ժողովրդական զգացմունքներին եւ ավանդույթներին»
(Քաղաքագիտական բառարան):

Ժամանակակից քաղաքագիտությունը իշխանության «լեգիտիմությունը» որոշելիս գործածում է
գերմանացի նշանավոր սոցիոլոգ Մաքս Վեբերի սահմանումը:Վեբերը գտնում էր, որ
իշխանության լեգիտիմությունը բաղդադվում է հետեւյալ երեք բաղադրիչներից`
«ավանդական», «խարիզմատիկ» եւ «ռացիոնալ», որոնք այս կամ այն չափով բնորոշ են
տարբեր տիպի հասարակություններին եւ նրանց իշխանությունների լեգիտիմության տիպին:



Առաջին - ավանդական տիպի լեգիտիմությունը հենվում է ավանդույթների, հասարակության
կողմից ընդունված կանոնների վրա: Դրանք կանոնակարգում են իշխանությունը եւ այն
անհատին, որոնք հանդես են գալիս ավանդույթների եւ ընդունված կանոնների պահպանման
օգտին ու ձեռք են բերում հասարակական լեգիտիմություն:

Շատերը Կարեն Դեմիրճյանին համարում էին խարիզմատիկ առաջնորդ, սակայն Դեմիրճյանն
ուներ «ավանդական» լեգիտիմություն: Նա երանելի «հին օրերի» վերադարձն էր
խորհրդանշում: Նախորդ ընտրությունների ժամանակ Ստեփան Դեմիրճյանի «Կարգ ու կանոնի
հաստատման» խոստումի մոգական ազդեցությունը վերահաստատում է, որ հասարակությունը
դեռեւս ունի ավանդական լեգիտության կրողի պահանջ: Նախորդ նախագահական
ընտրությունների ժամանակ «Պտուղը ծառից հեռու չի ընկնի» լայն զանգվածների սիրած
կարգախոսը փաստում էր, որ Ստեփան Կարենիչը հանդիսանում է Կարեն Սերոբիչի ավանդական
լեգիտիմության ժառանգորդը: Նվազող ավանդական լեգիտիմություն ունի նաեւ
Դաշնակցությունը:



Երկրորդ- խարիզմատիկ իշխանությունը կամ անձը հասարակության կամ նրա մի հատվածի
կողմից կարող է համարվել անսխալական, հատուկ առաքելություն ունեցող եւ գործի
նվիրյալ: Նման մար‎դիկ անհաջողության մատնվելուց հետո կորցնում են իրենց
լեգիտիմությունը: Խարիզմատիկ առաջնորդ էր Վազգեն Սարգսյանը, որն իր կյանքը նվիրել
էր Ղարաբաղի ազատագրման պայքարին: Խարիզմատիկ առաջնորդի նախադրյալ ունի Ռոբերտ
Քոչարյանը, որը իշխանության է եկել «Ղարաբաղն չհանձնելու» հատուկ առաքելությամբ: Եվ
պատահական չէ, որ շատերը նրա հեռացումը կապում են Ղարաբաղի հարցում հնարավոր
նահանջի հետ, այսինքն, խարիզմայի` լեգիտիմության կորստի հետ:



Երրորդ- ռացիոնալ տիպի լեգիտիմությունը ժամանակակից քաղաքագիտության մեջ հաճախ
կոչվում է լիբերալ-դեմոկրատական կամ սահմանադրական լեգիտիմություն եւ քաղաքակիրթ երկրների
իշխանությունների լեգիտիմության աստիճանը բնորոշելու գլխավոր գործոնն է:



Իրանում իշխանությունը լեգիտիմ է համարվում, եթե նա կարողանում է հասարակությանը
բացատրել, որ ինքը գործում են Ղուրանին համապատասխան, Մեծ Բրիտանիայում` գահը
փոխանցվում է ըստ ծագման աստիճանակարգի, Իսրայելում` եթե իշխանությունը գործում է երկրի
անվտանգության ապահովման անհրաժեշտությանը համապատասխան:



Եթե մենք այս տեսանկյունից վերլուծենք Հայաստանի քաղաքական իրադարձությունները, ապա
կարող ենք նկատել, որ իննսունութի իշխանափոխության ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը
կորցրել էր իր խարիզման, այսիքն, Ղարաբաղի հարցում անզիջում դիրքորոշումը
փոփոխության էր ենթարկվել: Նրան փոխարինեցին խարիզմատիկ առաջնորդներ Վազգեն
Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը: Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի տանդեմի
հզորությունը բացատրվում էր խարիզմատիկ եւ ավանդական լեգիտիմության միահյուսմամբ:

Ռացիոնալ տիպի լեգիտիմություն (օրինականություն, քաղաքացիական արժեքներ, մարդու
իրավունքներ) հասարակության մոտ դեռ պահանջարկ չունի եւ այդ արժեքները դեռեւս
իշխանության լեգիտիմության աստիճանի բնորոշման համար կարեւոր գործոն չեն
հանդիսանում, ինչպես դա տեղի ունեցավ Արեւելյան Եվրոպայի ու մերձբալթյան երկրներում:
Հայաստանում ընթացած նախագահական կամ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ըստ
էության, զգալի ազդեցություն ունեցող ոչ մի քաղաքական ուժ կամ քաղաքական լիդեր չի
ունեցել ռացիոնալ լեգիտիմություն: Այսինքն, քաղաքացիական արժեքները,
օրինականությունը, մարդու իրավունքները լայն զանգվածների մոտ դեռեւս որոշիչ
արժեքներ չեն: Կարելի է պնդել, որ Հայաստանում քաղաքացիական արժեքները դեռ լեգիտիմ
չեն: