Որքանով է խորացել մեր հասարակության հիվանդությունը

Չնայած «քաղաքացիական հասարակություն» (Societas civilis) հասկացությունը հայտնի էր
դեռ անտիկ դարաշրջանում (Արիստոտել, Կիկերոն), բայց մինչեւ XIX դարն այն
օգտագործվում էր որպես «պետություն» հասկացությանը համարժեք եզր: Ռուսսոն գրում է,
որ այն համախմբությունը, որն նախկինում անվանում էին «Քաղաքացիական համայնք», այժմ
կոչվում է «Հանրապետություն» կամ «Քաղաքական օրգանիզմ»: Նրա անդամներն այդ
քաղաքական օրգանիզմն անվանում են «Պետություն», երբ այն կրավորական է, եւ
«Ինքնիշխան», երբ գործուն է, «Տերություն»` իր նմանների հետ հարաբերվելիս: Ինչ
վերաբերվում է այդ համախմբության անդամներին, ապա նրանց ամբողջականությանն անվանում
են «ժողովուրդ», նրա առանձին անհատներին` «Քաղաքացի», որպես Գերագույն իշխանության
մասնակիցներ եւ հպատակներ` երբ ենթակա են Պետության օրենքներին: Չնայած նման
տերմինաբանական անորոշությանը, Գոբսը, Լոկը, Ռուսոն, Մոնտեսքիոն, դնելով անհատական
ազատության հարցը, միաժամանակ վերլուծում էին նաեւ քաղաքացիական հասարակության
խնդիրը: Պարզվում էր, որ պետության չափազանց մեծ դերակատարությունը խանգարում է
անհատի կամքի ազատ արտահայտմանը: Այստեղից առաջացավ քաղաքացիական հասարակության եւ
պետության հակադրության գիտակցումը, որն առանձնապես հստակ է արտահայտվում ամերիկացի
հայտնի մտածող Թոմաս Փեյնի մոտ: Փեյնի կարծիքով պետությունը անհրաժեշտ չարիք է, եւ
որքան սահմանափակ է պետականության դերակատարումը, այնքան լավ է հասարակության
համար: Որքանով կայացած է քաղաքացիական հասարակությունը, այնքանով այն ավելի
արդյունավետորեն է իր խնդիրները լուծում համերաշխության վրա հիմնված ինքնավարության
միջոցով, եւ ավելի քիչ է զգում պետության միջամտության կարիքը: Հետագայում
քաղաքացիական հասարակության եւ պետության փոխհարաբերության խնդիրներն
ուսումնասիրվել են Թոքվիլի, Բենտամի, Միլլի եւ Հեգելի կողմից:

Մեր ժամանակներում իրական քաղաքացիական հասարակության ծագման եւ հաստատման համար
ամենակարեւոր հանգամանքը քաղաքական եւ տնտեսական իշխանությունների տարանջատումն է:
Միլտոն Ֆրիդմանը նշում է. «Եթե տնտեսական իշխանությունը գտնվում է այլ ձեռքերում,
քան քաղաքական իշխանությունը, այն կարող է դառնալ քաղաքական իշխանության
հակակշիռը»: Եթե քննարկենք հետգաղութային երկրներում ստեղծվող իրավիճակները (որոնց
թվին են դասում Հայաստանը), ապա ակնհայտ է դառնում, որ այդ կարգի երկրներում
տնտեսական եւ քաղաքական իշխանությունները միաձուլված են, իսկ գլոբալացման
պայմաններում ձեռք են բերում քրեական երանգներ: Ստվերային տնտեսությունը եւ
քաղաքական իշխանությունները սերտաճում են: Դա հանգեցնում է իշխանության վտանգավոր
կենտրոնացման: Նրանք, ովքեր ունեն տնտեսական իշխանություն, ունեն նաեւ քաղաքական
իշխանություն, ինչի հետեւանքով քաղաքացիական հասարակությունը մնում է խաղից դուրս:
Ձեւավորված քաղաքական-տնտեսական-քրեական կառույցը ԶԼՄ-ներին թելադրում է իր կամքը
եւ ձեւավորվում է կվազիգաղափարախոսական հասարակություն: Դա հատկապես «բնական» է
ստացվում նախկինում ամբողջատիրական գաղափարախոսություններ ունեցած երկրներում, ուր
նախկինում արդեն եղած քարոզչական մեքենան վերակազմավորվում է եւ օգտագործվում նոր`
կեղծ շուկայական գործնակենցաղային գաղափարախոսության տարածման նպատակներով:

Մյուս կարեւորագույն արգելակը` դա հետգաղութային երկրներին բնորոշ պարզունակ
ազգայնամոլությունն է, որը ձգտում է անհատական շահերը փոխարինել էթնիկական
«միասնական» շահերով: Հաջորդ արգելակը կրոնն է, կամ ավելի ճիշտ` եկեղեցու եւ
պետության վնասակար միավորումը: Քաղաքացիական հասարակությունում եկեղեցին ավելի
շուտ պետք է լինի քաղաքացիական հասարակության գործընկերը, քան պետության: Նշենք
արհմիութենական եւ ստեղծագործական միությունների կարեւոր դերը:

Այսպիսով, իրական քաղաքացիական հասարակության կայացման համար հարկավոր է ձեւավորել
յուրօրինակ «անցումային» տարածություն, կամ ըստ Կաստորիադեսի` «ագորա», որտեղ
յուրաքանչյուրի անհատական շահերը «վերաձեւակերպվում» են որպես հասարակական շահեր:
Վերը թվարկված հաստատությունները կարող են իրենց նպաստը բերել քաղաքացիական
հասարակությանը, եթե երկխոսության մեջ մտնեին անհատի, այլ ոչ թե պետության հետ:
Հակառակ դեպքում ձեւավորվում է «ռիսկային» հասարակություն:

Ի՞նչ է դա նշանակում: «Ագորան» ոչ միայն անհատական շահերը հասարակականի
տրանսֆորմացիայի ենթարկելու տեղ է, այլեւ առաջին հերթին մի տեղ, ուր մարդիկ
սովորում են վերբալացնել (ձեւակերպել) իրենց կողմից հստակ չգիտակցվող, բնազդային բնույթ
կրող շահերը: Սովորում են ձեւակերպել եւ ներկայացնել իրենց շահերը: Որպես
զրուցակից, նման դեպքերում հանդես է գալիս սոցիալապես ներքաշված
մտավորականությունը: Մտավորականությունը պետք է կարողանա «ընթերցել» սոցիալական
տեքստը, գտնել անհատական տառապանքների եւ կոլեկտիվ պայմանների կապը, մեկնաբանել
այն, մարդկանց չգիտակցվող ցանկությունները վերածել խոսքի, մեկնաբանել սոցիալական
անգիտակցականը: Բայց սովորաբար հետգաղութային երկրներում մտավորականությունը
այդպիսի կարողություններ չունի` նաեւ ինտելեկտուալ պատճառներով:

«Ռիսկի» հասարակությունում վտանգները աննկատ են զարգանում: Ի վերջո տեղի է ունենում
այն, ինչ հոգեվերլուծությունը անվանում է «act out», երբ, իռացիոնալ բռնությունը
դուրս է գալիս փողոց:

Իսկ մենք անգամ չգիտենք, թե որքանով է խորացել մեր հասարակության հիվանդությունը: