ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Քաղաքացիական հասարակության գաղափարը կենսունակ է տվյալ հասարակության ու պետության քննադատության շնորհիվ
Հայաստանում քաղաքացիական հասարակության ստեղծումը կենսական նշանակություն ունի,
քանի որ այն ժողովրդավարական պետության կայացման կարեւորագույն նախապայմաններից է:
Կասկած չկա, որ համատարած անհանդուրժողականության, անօրինականության ու հեզության
մթնոլորտը կարող է փոխվել, եթե կայանա քաղաքացիական հասարակությունը:
Իսկ ի՞նչ են նշանակում քաղաքացիական հասարակություն եւ քաղաքացիական մշակույթ
հասկացությունները, որոնք մշտապես զարգացման վիճակում են: Եթե մենք դրանց միջոցով փորձում
ենք պայքարել մեր շրջապատում եղած բացասական երեւույթների դեմ, ապա զարգացած երկրներում,
որտեղ քաղաքացիական մշակույթը եւ քաղաքացիական հասարակությունը վաղուց կայացել են,
դրանք ծառայում է նոր խնդիրների լուծման համար:
Ժամանակակից հայտնի արեւմտյան քաղաքագետներ Ալմոնդը եւ Վերբան նշում են
քաղաքացիական մշակույթի երեք տեսակներ. ծխական, ուր բացակայում է քաղաքական
դերաբաշխումը, հպատակների, ուր քաղաքական համակարգի նկատմամբ վերաբերմունքը
կրավորական է, եւ մասնակցության, երբ հասարակության անդամները հստակորեն
կողմնորոշված են դեպի գործող կառավարման համակարգը: Գտնում են, որ քաղաքացիական
մշակույթը այդ երեքի համադրությունն է: Եթե այս տեսանկյունով քննարկենք
քաղաքացիական մշակույթը, ապա կտեսնենք, որ կարեւորագույն խնդիր է դառնում
հասարակության անդամների քաղաքական սուվերենիտետի պաշտպանության հարցը:
Քաղաքացիների սուվերենության բացակայության վառ օրինակներ էին կոմունիստական
բռնապետական համակարգերը, որոնք զարմանալիորեն հիշեցնում են XVIII դարի եվրոպական
բացարձակ միապետությունները, եթե ոչ համակարգի կառուցվածքով , ապա գոնե
քաղաքացիական մշակույթի առաջեւ ծառացած խնդիրներով: Հիշեցնենք, որ այդ դարում է
առաջացել քաղաքացիական հասարակության հղացքը, սակայն XIX դարի կեսերից սկսած այն
հազվադեպ էր գործածվում: Քաղաքացիական հասարակության գաղափարը զարմանալի կերպով իր
վերածնունդն ապրեց 20-րդ դարի 80-ական թվականներին, դառնալով բռնապետության
քննադատության հիմնական հղացք` հատկապես Արեւելյան Եվրոպայի երկրներում: Հենց այդ
հասկացությանն էին դիմում Հավելը, Գերեմեկը եւ Դյերդ Կոնրադը կուսակցական
բռնապետությունը եւ սովետական գերիշխանությունը քննադատելիս` հանուն ազատության,
բազմակարծության եւ հասարակության ինքնավարության: Այժմ ադ հասկացությունը
տարաբնույթ քաղաքական կոնտեքստներում գործածում են ողջ աշխարհում: Լիբերալները,
կոմունիստները, սոցիալ-դեմոկրատները, հակագլոբալիստներն այն արդեն համարում են
որպես կարեւոր, դրական եւ անվիճելի հասկացություն: Բռնապետությունների դեմ տարված
հաղթանակներով սկսվեց քաղաքացիական հասարակության հաղթարշավը :
Բայց նույնիսկ ոչ բռնատիրական Արեւմուտքում քաղաքացիական հասարակության գաղափարները
դեռեւս օրախնդիր հարցեր են, որոնք պայմանավորված են սոցիալական եւ
ինտերվենցիոնիլիստական պետության գաղափարի նկատմամբ թափ առնող թերհավատությամբ:
Ակնհայտ է, որ պետությունները սկսել են չափից շատ ոլորտնել հսկել, ուստի անհրաժեշտ
է կրկին դիմել ինքնակազմակերպման եւ անհատական պատասխանատվության գաղափարներին,
դրանցով իսկ դիմակայելով պետական մեքենայի շարունակվող էքսպանսիային: Այդ
գաղափարները թույլ կտան նաեւ հակազդել ամենուր իր ազդեցությունն ուժեղացնող խոշոր
կապիտալին: Շուկայական կարգավորման մեխանիզմներին փոխարինելու են գալիս ժամանակակից
հաղորդակցության սկզբունքների վրա հիմնված նոր կարգավորման մեխանիզմները: Դրանք
հավակնում են չափազանց անհատականացված եւ օտարացված միջավայրում դառնալ կապակցող
ուժ, երբ տարբեր նկատառումներ ունեցող անհատները կձգտեն ընդհանուր նպատակի:Դա կարող
է փոխել քաղաքականության բարոյականության սկզբունքները:
Արդեն կարելի է կռահել, թե ուշկապիտալիստական դարաշրջանում որոնք են քաղաքացիական
հասարակության գաղափարի հրապույրի պատճառները: XXI դարում հարկ է պայքարել ոչ միայն
պետական հովանավորչության դեմ, ինչպես էլ այն արտահայտվի, այլեւ կապիտալիստական
շուկայի ամենազորության դեմ, որը խցկվում է մարդկային կյանքի նույնիսկ ամենաինտիմ
անկյունները:
Քաղաքացիական հասարակության գաղափարը կենսունակ է տվյալ հասարակության ու պետության
քննադատության շնորհիվ: Բնական է, որ քաղաքացիների նախաձեռնությունները ուղղված են
առկա համակարգի դեմ: Դա կարող է արտահայտվել պետության գերվերահսկողության,
անհավասարության, կապիտալի իշխանության եւ հասարակության մեջ համերաշխության
կորուստի անհանգստության պայմաններում:
Հենց այս առումով քաղաքացիական հասարակությունը ուտոպիա է, որը տարբեր
հասարակություններում տարբեր չափերով, ձեւերով եւ եղանակներով է իրականացվել:
Հնարավոր է, որ քաղաքացիական հասարակությունը շատ ավելի կայացած է Արեւմուտքում,
բայց նույնիսկ այնտեղ այժմ քաղաքացիական հասարակությունը դիտարկվում է որպես
խոստում, քանի որ լիովին չի իրականացված: Քաղաքացիական հասարակությունը
հետխորհրդային երկրներում կարող է դիտարկվել որպես հակաբռնապետական շարժման
ընթացքում ծնված ուտոպիա, որի իրականացման խոստումը կառավարությունները չեն
կատարել, կամ կատարել են մասամբ:
