Ժողովրդավարացման երկրորդ ալիքը հասարակական մեծ պահանջարկ ունի 

Արեւելյան Եվրոպայում եւ նախկին ԽՍՀՄ երկրներում տեղի
ունեցող իրադարձությունները քաղաքական շրջանակներում բնորոշվում են որպես
ժողովրդավարացման երկրորդ ալիք: Այս գործընթացը Սերբիայում, Վրաստանում,
Ռումինիայում, Ուկրաինայում եւ այլուր ունի պատճառահետեւանքային բազմաթիվ
ընդհանրություններ: Փորձենք անդրադառնալ դրանցից մի քանիսին:

ԽՍՀՄ փլուզումից հետո, ժողովրդավարացման առաջին ալիքի վրա
Ռուսաստանում եւ կայսրության արեւմտյան մասի մյուս հանրապետություններում
իշխանության եկան ժողովրդավարական ուժերը: Նրանց իշխանության ժամանակաշրջանը
համընկավ քաղաքական, տնտեսական խոշոր ցնցումներին, ազգամիջյան հակամարտությունների
ու պատերազմների բռնկմանը: Ոչ պոպուլյար բարեփոխումների, կառավարման փորձի
բացակայության, սոցիալական իրավիճակի կտրուկ վատթարացման եւ լայնածավալ կոռուպցիայի
պատճառով այդ ուժերն արագորեն վարկաբեկվեցին: Իշխանությունը կրկին անցավ նախկին
խորհրդային նոմենկլատուրային: Այս գործընթացը փաստորեն լայն աջակցություն էր
ստանում Մոսկվայից, որտեղ հույս ունեին «յուրային» վարչակարգերի միջոցով եթե ոչ
վերականգնել ԽՍՀՄ-ը, ապա գոնե պահպանել Ռուսաստանի ազդեցությունը հետխորհրդային
տարածքում:

Պատահական չէ, որ Մոսկվան ցավագին է արձագանքում ոչ միայն
Վրաստանում եւ Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացներին, այլեւ նույնիսկ դրանց
նշույլներին այլ երկրներում: Իր հայտնի մամուլի ասուլիսում Ռուսաստանի նախագահ
Պուտինը մտահոգություն հայտնեց հետխորհրդային երկրներում «պերմանենտ
հեղափոխությունների զարգացման» առիթով: Խնդիրը միայն այն չէ, թե այդ
հեղափոխություններից հետո երկրները կարող են փոխել իրենց արտաքին կողմնորոշումները:
Ռուսաստանի իշխանություններին թերեւս առավել անհանգստացնում է հետխորհրդային
հանրապետություններում բուն քաղաքական գործընթացների խնդիրը: Մոսկվայում
հրապարակայնորեն չեն ցանկանում հաշտվել այն մտքի հետ, որ ազատ ընտրությունների
միջոցով կարելի է ձեւավորել իշխանությունը, ավելին, որ իշխանության ճակատագիրը
կարող է վճռվել փողոցում: Պուտինի խորհրդականները չէին էլ թաքցնում, որ ուկրաինական
իրադարձությունները համեմատելի են լեհական «Սոլիդառնոստի» ցույցերի հետ, որոնք
կործանեցին կոմունիստական համակարգը:

Այս համեմատությունը տեղին է այնքանով, որքանով
խորհրդային եւ ներկայիս վարչակարգերը նման են իրար: Այսինքն, խնդիրը հանգում է
նախկին խորհրդային հանրապետություններում իշխանության բուն կառուցվածքին:
Ժողովրդավարացման առաջին ալիքն, ըստ էության, չհասցվեց մինչեւ վերջ:
Ժողովրդավարության կանոնները ձեւականորեն, արտաքնապես պահպանվում են, սակայն
իշխանությունն անցել է բյուրոկրատական-նոմենկլատուրային խմբերին, որոնք դեմ են
քաղաքացիական կարգի հաստատմանը, քաղաքական ուժերի փոփոխությանը եւ խոչընդոտում են
կոռուպցիայի դեմ պայքարին: Նարնջագույն եւ վարդագույն հեղափոխությունները սպառնում
են հետխորհրդային նոմենկլատուրային, որը խորհրդային համակարգից ժառանգել է
կառավարման յուրահատուկ մեթոդոլոգիա, որն անհամատեղելի է ժողովրդավարական հիմնարար
արժեքներին: Այս սպառնալիքն ամենուր է` «ուղղահայաց» ոստիկանական համակարգ ունեցող
Ռուսաստանից մինչեւ Կրգըզստան, որտեղ արդեն հայտնվել է հեղափոխության գույնը`
դեղինը:

Բանն այն է, որ ավտորիտար վարչակարգերի գործունեությունն
ուղղված է ամեն գնով սեփական դիրքերը պահպանելուն, որը հնարավոր է միայն երկրի
կյանքին մասնակցելու, ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու իրավունքից
հասարակությանը մեկուսացնելով: Հասարակական նախաձեռնությունները պերմանենտ
շրջափակվում ու անտեսում են: Տնտեսական եւ կենսագործունեության այլ
հնարավորությունները կուտակվում են մի փոքր խմբի ձեռքում, որն իրեն տրված
արտոնությունների դիմաց ծառայում է վարչակարգին: Այս իրավիճակում հասարակությունը փորձում
է փոխել իրավիճակը, ինչը ազատ ընտրությունների արդյունքում փաստորեն հնարավոր չէ: Եվ
քաղաքական պայքարը տեղափոխվում է փողոց:

Ժողովրդավարական ուժերը հետխորհրդային երկրներում
փոքրաթիվ են, սակայն փորձը ցույց է տալիս, որ նրանց գործունեությունն ավելի
արդյունավետ է, քան ավտորիտար համակարգերինը, ինչը բխում է այդ համակարգերի բուն էությունից:
Այսպես, Ուկրաինայի նախագահական ընտրություններում, ըստ արեւմտյան լրատվամիջոցների,
ԱՄՆ ընդդիմության նախընտրական արշավի համար հատկացրել է 50-60 միլիոն դոլար,
Ռուսաստանն իր թեկնածուի համար` 1,5 միլիարդ դոլար: Սակայն ամերիկյան 50-60 միլիոնն
ավելի արդյունավետ գտնվեցին, քան ռուսական 1.5 միլիարդը, քանի որ ռուսական
«ներդրումները» պարզապես գողացվեցին նույն «վարչական ռեսուրսի» կողմից, մարդիկ,
որոնք սովոր են իրենց բիզնեսը կառուցել պետական միջոցների հափշտակության միջոցով:
Այս «փոքրիկ» իրողությունը հաստատում է, որ հասարակական նախաձեռնություններն ավելի
հզոր ներուժ ունեն, քան փողը եւ վարչական ռեսուրսը:

Այս հեղափոխությունները բացահայտեցին նաեւ այլ ընդհանուր
գծեր: Այսպես, դրանց ընթացքում տեղի է ունենում քաղաքային եւ գյուղական բնակչության
կտրուկ տարանջատում, եւ քաղաքական գործընթացների ճակատագիրը սովորաբար որոշվում է
մայրաքաղաքներում: Ոչ պակաս նշանակալի է նաեւ բնակչության տարիքային
սահմանազատումը. երիտասարդությունը հիմնականում դավանում է արեւմտյան ազատական
արժեքներ, իսկ տարիքային ավելի բարձր խմբերը հակված են նախկին կենսակերպին: Դրանով
հանդերձ, հետաքրքիր է, որ հաջողակ բիզնեսմենները ավելի հակված են դեպի
իշխանավորները, քանի որ նրանց հաջողակ լինելը պայմանավորված է իշխանությանը մոտ
լինելով:

Հատկանշական է, որ ի տարբերություն ժողովրդավարացման
առաջին փուլի, ներկայում ժողովրդավարական հեղափոխությունների առաջնորդներ են
դառնում ոչ թե առաջին ալիքի հայտնի իրավապաշտպանները կամ հմուտ պոպուլիստները, այլ
պետական-քաղաքական համակարգում արդեն կայացած քաղաքական գործիչները: Արեւմուտքը
սովորաբար փորձում էր աջակցել ժողովրդավարացման առաջին ալիքի գործիչներին, որոնք
սակայն իրենց երկրներում վարկաբեկվել են տնտեսական ցավագին փոփոխությունների, խոշոր
չափերի կոռուպցիայի պատճառով: Արեւմտյան դիտորդները կարծում են, որ Արեւմուտքը պետք
է վերանայի այս տիպի գործիչների հետ համագործակցելու քաղաքականությունը եւ
նախապատվությունը տա «նոր տիպի» գործիչներին:

Մյուս հատկանշական ընդհանրությունն այն է, որ
հետխորհրդային երկրներում իշխող վերնախավերը պատրաստ չեն իշխանությունը փոխանցել
ժողովրդավարական ճանապարհով ընտրված ընդդիմության թեկնածուին: Արեւմտյան դիտորդները
նշում են, որ այս դեպքում Արեւմուտքը պետք է աջակցի բողոքի խաղաղ մեթոդներին, քանի
որ այդ երկրների ժողովուրդների ապագան ավելի կարեւոր է, քան նրանց հաշվին ապրող
«ընտրախավերինը»:

Այսպիսով, կարելի է փաստել, որ աշխարհաքաղաքական ներկայիս
բուռն զարգացումները ենթադրում են համակարգային փոփոխություններ ինչպես միջազգային
հարաբերություններում, այնպես էլ առանձին պետություններում: Ինչ վերաբերում է
Հայաստանին, ապա վերը շարադրված իրավիճակը տիրում է նաեւ այստեղ: Կարելի է համոզված
պնդել, որ Հայաստանում փոփոխությունները առավել հիմնային են լինելու` հաշվի առնելով
Հայաստանի ապագա աշխարհաքաղաքական դերը տարածաշրջանում: Սակայն Հայաստանի
հասարակական-քաղաքական կազմակերպությունները, թվում է, հստակ պատկերացումներ չունեն
այդ դերի, երկրում համակարգային բարեփոխումների բնույթի եւ իրենց անելիքների մասին:
Հայաստանի քաղաքական կուսակցությունները մեծամասամբ բնույթով ավտորիտար են, քչերն
են դավանում ժողովրդավարական-ազատական արժեքներ: Կամ եթե դավանում են` ապա
ձեւականորեն, արտաքին ուժերի աջակցությունը ստանալու ակնկալիքով: «Ուժն է ծնում
իրավունք». ահա այն կարգախոսը, որի ճշմարտացիության մեջ խորապես համազված եւ որով
առաջնորդվում են թե ընդդիմադիր, թե իշխանության մեջ գտնվող քաղաքական ուժերը: Բացի
այդ, նրանց մեծամասնության ղեկավարության մեջ առաջատար դիրքեր է գրավում նախկին
խորհրդային նոմենկլատուրան, ինչն էլ պայմանավորում է գաղափարական-արժեքային հստակ
համակարգի բացակայությունը եւ գործունեության իրավիճակային-պատեհապաշտական բնույթը:
Նրանց ծրագրերում բացակայում է բուն քաղաքացին` իր շահերով ու խնդիրներով, փոխարենը
հիմնականում «առաջարկվում են» վերացական «ազգային» գաղափարներ ու արժեքներ, որոնց
պետք է ենթարկվի քաղաքացին: Այս ամենն, անշուշտ, դանդաղեցնում են երկրի հասարակական
առաջընթացը եւ ներքին կյանքի համակարգային բարեփոխումները: