ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Որ՞ն է մեր «Բարձր մշակույթը»
Շարունակում ենք www.hra.am կայքում մեր
մեկնաբանություններով ներկայացնել արեւմտյան քաղաքական միտքը, այս անգամ` հատվածներ
Էռնեստ Գելների «Ազգեր եւ ազգայնականություն» գրքից: Այս աշխատությունը կարող է
օգնել վերաիմաստավորելու մեր պատմությունը, հասկանալու 19-20-րդ դարերի քաղաքական
գործընթացները, որոնք մինչ այժմ ազդում են Հայաստանի քաղաքական զարգացումների վրա:
Մեր «չլուծված խնդիրների» արմատները պետք է որոնել այդ տրամաբանության մեջ: Մենք
պետք է հասկանանք, որ «Ազգային անկախություն», «ինքնորոշում», «սահմանների
անձեռնմխելիություն», «ժողովրդավարություն», «մարդու իրավունքներ», «քաղաքացիական
հասարակություն» եւ նմանատիպ այլ կատեգորիաները միահյուսված են, եւ ցանկացած խնդիր,
որը ծառացած է մեր երկրի առջեւ, չի կարող դիտարկվել, առավել եւս որեւէ լուծում
ստանալ, առանց համապարփակ մոտեցման:
Եվրոպական ազգայնականության չորս տեսակները
«Եվրոպայում ազգային հարցի լուծման ժամանակաշրջանը ընդունված է համարել
1815-1945 թվականները: 1815-ից, երբ Եվրոպայում ազգայնականությունը վերելք էր
ապրում, սկսվել էր ազգային պետություններ ձեւավորվելու շրջանը: Հիշեցնենք,
որ ազգային պետության հիմնական գաղափարը քաղաքացիական արժեքներն էին: Այդ
պետությունների մի մասը անկախանում էր, մյուսները` միավորվում (Իտալիա, Գերմանիա),
որից հետո ազգային էներգիան ուղղվում էր տնտեսական աճին, գաղութների ձեռքբերմանը եւ
դրանց շահգործմանը»:
Ազգային պետությունները, ըստ Գելների, ձեւավորվում էին չորս եղանակներով:
ա. «Ատլանտյան տիպի (Ֆրանսիա, Անգլիա, Իսպանիա, Պորտուգալիա եւ այլ): Պատմականորեն
ձեւավորված ուժեղ պետական ապարատը ոչնչացնում էր գեղջկական մշակույթը (տիրող ազգի
եւ այլազգիների) ու պարտադրում պալատական-բյուրոկրատական բարձր մշակույթը,
որի շնորհիվ ձեւավորվում էր մեկ միասնական ազգ: Այդ երկրները չփլուզվեցին, եւ մինչ
այսօր հաղթահարում են ազգային մասնատվածությունը»:
Բարձր կամ պալատական մշակույթը կերտում էր գրականություն ու գրական
լեզու, արվեստ, ճարտարապետություն, երաժշտություն եւ այլն: Մայրաքաղաքներում
զարգացող այդ մշակույթը ձուլում էր Ֆեոդալական ժամանակահատվածից ժառանգված,
տեղայնացված ու հաճախ տարբեր էթնիկական հիմք ունեցող գավառները: Երկիրը միավորող
կամ ստեղծող տիրակալները պարտադրում էին բյուրոկրատական կառավարում,
միասնական չափանիշներ, գրական լեզու եւ այլն:
բ. «Միջին Եվրոպայում կային արդեն ձեւավորված ազգային մշակույթներ
(լեզու, գրականություն), սակայն նույն ժողովուրդները ունեին տարբեր պետություններ
(Գերմանիա, Իտալիա)»:
Այդ երկրների միավորման համար հայտնվում էին քաղաքական եւ ռազմական գործիչներ:
Բիսմարկի ու Գարիբալդիի գործունեությանը նախորդել էին մշակութային, փիլիսոփայական,
տնտեսական զարթոնքը ու քաղաքացիական արժեքների կայացումը: Այստեղ մեծ դեր էին
կատարում ընդհանուր լեզուն ու միասնական անցյալը:
գ.«Արեւելյան Եվրոպա. այստեղ կային թույլ մշակույթներ ունեցող ժողովուրդներ: Այդ երկրներում
առաջ էին մղվում մշակութային գործիչներ, ազգագրագետներ, լուսավորիչներ եւ
գյուղացիական պարտիզաններ, որոնք ձեւավորում էին ազգային մշակույթը»:
Նրանց խնդիրն էր արթնացնել ազգը ու պայքարել սեփական պետականության համար:
Շատ դեպքերում երբեք պետականություն չունեցած կամ շատ վաղուց այն կորցրած
ժողովուրդների ազգայնականությունը հիմնվում էր գեղջկական մշակույթի վրա: Նման
զարգացում է ունեցել նաեւ Հայաստանը 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբում: ՐաֆՖու,
Ռափաել Պատկանյանի եւ մյուսների գործունեության նպատակը կայանում էր այն բանում,
որպեսզի հայ գեղջուկի մոտ արթնանա ազգային անկախության գաղափարը, իսկ
առասպելականացված անցյալը ներարկում էր ազգային արժանապատվության զգացում: Այդ
գործընթացը զուգահեռաբար տեղի էր ունենում հույների, բուլղարների, վրացիների,
սերբերի, հունգարների եւ այլոց մոտ: Սակայն ազգային-ազատագրական շարժումներն այդ
ժամանակվա քաղաքական զարգացումների արդյունքն էին, եւ բնականաբար այդ շարժումների
մասնակիցները պետք է նաեւ ընտրեին մոդայիկ ու աշխարհի համար հասկանալի
որեւէ սոցիալական ու գաղափարական հենք:
Այս գոտում ներգրավված էին երեք կայսրություններ` Օսմանյան, Ավստրո-հունգարական եւ
Ռուսական: Առաջին համաշխարհային պատերազմի հետեւանքով առաջին երկուսը փլուզվեցին,
իսկ Ռուսաստանը գնաց ուրույն ճանապարհով: ԽՍՀՄ-ում ազգային հարցը շատ դեպքերում
ավելի արմատապես էր լուծվում` ի տես կապիտալիստների: Որոշ փոքրաթիվ ազգերի զիջվում
էին մեծ հողոտարածքներ, արհեստականորեն ստեղծվում էին գիր եւ մշակույթ, կային
ինքնավարության բոլոր ատրիբուտները: ԽՍՀՄ-ը ներկայացվում էր որպես նոր աշխարհի
մոդել (որը հետագայում պետք է տարածվեր ողջ աշխարհի վրա), որտեղ ամենաարդար
կերպով էր լուծվում ազգային հարցը: Խորհրդային երկիրը փլուզվեց, սակայն մեծ էքսպերիմենտը
ապարդյուն չէր: Եվրոմիությունը կարելի է համարել Խորհրդային Միության մի նոր մոդել,
որտեղ ստեղծվում է մի նոր Բարձր կամ պալատական մշակույթ: Այդտեղ
արդար եղանակով է լուծվում ազգային հարցը, ստեղծվում են նոր համընդհանուր
չափորոշիչներ: Ազգային ապահարզանները թույլ տվեցին բաժանված ազգերին
վերամիավորվել նոր սկզբունքների հիման վրա:
Ազգային պետությունների ձեւավորման մեթոդները
Ըստ Գելների, Եվրոպայում ազգային ապահարզանները իրականացվում էին չորս
մեթոդներով.
ա. մշակութային ասիմիլացիա,
բ.սահմանների վերաձեւում,
գ.տեղահանություն,
դ.Ֆիզիկական ոչնչացում:
1851-1918թթ. ազգային պետությունների կայացումը կատարվում էր առաջին երկու
մեթոդներով, բացառությամբ Օսմանյան կայսրության, որտեղ հայերի ցեղասպանություն
իրագործվեց, հույների ու թուրքերի փոխադարձ տեղահանություններ եղան:
Հաջորդ փուլում ազգային սահմանների ճշտում կատարվեց 1939-1945թթ. պատերազմի
ընթացքում, երբ սկսեցին իրագործվել երրորդ եւ չորրորդ տարբերակները:
«Այսպիսով, ազգային սահմանների հստակեցումը ցանկացած ձեւով (նաեւ ամենադաժան)
պատահականություն չէր, հակառակը` պատմության այդ փուլի անհրաժեշտությունն էր, եւ
ըստ եվրոպական մտքի զարգացման, կարելի է ասել` ծրագրավորված-օրակարգի հարց»:
Նման դաժան եղանակներով սահմանների ճշգրտումը հաջորդ փուլում նոր աշխարհակարգի
ստեղծման ու ժողովրդավարացման հիմքն էին ապահովում:
Ո՞րն է մեր բարձր մշակույթը
1991-ին մենք ստացանք անկախություն: Սակայն դրա հետ միասին` նաեւ Ղարաբաղի չլուծված
հարցը, որն առնվազը հարյուր տարով ուշացած ազգային ազատագրական շարժում էր:
Արեւմուտքը թեւակոխել էր զարգացման հաջորդ փուլը, որտեղ ազգային-ազատագրական
շարժումներն արդեն անհասկանալի էին:
Հայոց համազգային շարժումը (մինչեւ անհասկանալի կուսակցության վերածվելը) իր մեջ
կրում էր տարբեր քաղաքական ու մշակութային տարրեր: Ֆիդայական-գեղջկական
հատվածը հետագայում բանակի կորիզը դարձավ, սակայն չլուծարվելով, երկրապահներն ու
տարբեր տիպի վետերանական կազմակերպությունները շարունակում են խոչընդոտել ինչպես
բանակի ինստիտուտացմանը, այնպես էլ քաղաքացիական հասարակության ստեղծման
գործընթացներին: Այդ հատվածը հակասության մեջ մտավ քաղաքական թեւի հետ, որը պետք է
ստեղծեր բարձր մշակույթ ու քաղաքացիական հասարակություն: Մինչ այդ
ջրբաժանը Շարժումը որոշ չափով հասկանալի էր Արեւմուտքի համար: Դա ապահովում էր
Ղարաբաղյան շարժման նկատմամբ Արեւմուտքի համակրանքը: Ուշացած
ազգային-ազատագրական պայքարը պետք է հիմք հանդիսանար տարածաշրջանում ժամանակակից
քաղաքական պրոցեսների խթանման համար, որի գրավականը պետք է հանդիսանային այն
անհրաժեշտ ռեՖորմները, որոնք սկզբնական շրջանում հռչակվել էին որպես կառավարության
ուղենիշներ: Հետագա զարգացումները ցույց տվեցին, որ ազգային-ազատագրական պայքարը ոչ
թե զարգացման հեռանկարներ է բացում, այլ ինքնանպատակ է, ավելին` տարբեր
կլանների համար իշխանության ու տնտեսական մենաշնորհների նվաճման միջոց է ծառայում,
խոչընդոտելով տարածաշրջանի ինտեգրացմանը, անգամ ներքին շուկայի ազատականացմանը:
Առանց բարձր մշակույթի ,որի կարեւորագույն բաղադրիչը քաղաքացիական
հասարակության կայացումն է, Հայաստանում ցանկացած գործընթաց ինքնանպատակ է եւ
անընդունելի ժամանակակից աշխարհի համար:
