ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ավելորդ է նշել, որ մեր հանրապետությունում քաղաքացիական
հասարակության վերը նշված (եւ բազմաթիվ այլ) հատկանիշներն առայժմ, լավագույն
դեպքում, սոսկ սաղմնային վիճակում են: Եվ, ի տարբերություն տարբեր կարգի
ամբոխավարների կոչերի ու դրանց ունկնդրող, մոլորված բազմության կարծիքի, այդ
հատկանիշներն անհնար է արմատավորել սոսկ «ազնիվ թագավորի» բարի մտադրությունների ու
ձեռնարկումների շնորհիվ: Պատմությունը դա բազմիցս հաստատել է եւ, անշուշտ, դեռ էլի
կհաստատի:

Իսկ ո՞րն է մեզանում (ինչպես նաեւ՝ հետխորհրդային այլ երկրներում)
տեսանելի ապագայում քաղաքացիական հասարակություն ձեւավորելու համար հույժ անհրաժեշտ
նախադրյալը, անկյունաքարը: Պատասխանը միանգամայն պարզ կդառնա արդեն կայացած, ամուր
ժողովրդավարությամբ երկրների քաղաքական կյանքը վերլուծելիս. իհարկե, բնակչության
լայն զանգվածների քաղաքացիական հասունությունը եւ դրանով պայմանավորված
ակտիվությունը
:

Հիմնավորենք այս պնդումը մեր հանրապետության քաղաքական
կյանքից մի քանի հանրահայտ օրինակներով: Ինչպես հայտնի է՝ ժողովրդավարական երկրներում
շարքային քաղաքացին առօրյա կյանքի տարբեր դրսեւորումների նկատմամբ անչափ (մեր
պատկերացումներով՝ աներեւակայելի) ակտիվ է: Խորհրդային ժամանակներից սոսկ
պետության, ղեկավարության կողմից պարտադրվող՝ տոնական ցույցերին մասնակցությունը
դժկամորեն ցուցաբերող մեր քաղաքացին հեռուստատեսությամբ զարմանքով դիտում է, թե
ինչպե՛ս են արեւմտյան այս կամ այն երկրում ժողովրդի հոծ զանգվածներ ցույցերի ելնում՝
մեր տեսանկյունից ինչ-որ «անկապ ու անկարեւոր» իրադարձության պատճառով, կամ ի՛նչ
«մանր» հարցերի մեջ են «իրենց քիթը խոթում» այնտեղի մարդիկ՝ «լվից ուղտ շինելով» եւ
անհաշտ պայքար ծավալելով: Օրինակ՝ վերջերս մամուլից տեղեկացանք, որ Շվեդիայի
քաղաքներից մեկում ոմն տիկին ոստիկանություն է բողոքել իր հարեւանից, որն իր տան
աքվարիումում ձկների համար ապրելու պատշաճ պայմաններ չէր ապահովել: Եվ ի՞նչ.
«հանցագործը» դատապարտվեց տուգանքի ու նույնիսկ… մի քանի օրվա ազատազրկման:

Սա, իհարկե, ծայրահեղություն է ու զավեշտական է հնչում:
Սակայն հատկապես նման միջադեպերն են վկայում, որ այդպիսի քաղաքացիական
հասարակություններում ցանկացած շատ թե քիչ լուրջ իրավախախտում անպայման իր վրա
կսեւեռի լայն հասարակայնության եւ զանգվածային լրատվության միջոցների
ուշադրությունն ու անպատիժ չի մնա:

Մինչդեռ մեզանում բազում լուրջ իրավախախտումներ «չեն
նկատվում» (կամ՝ գրեթե չեն նկատվում) եւ՛ միայն «գլոբալ» հարցերով հետաքրքրվող
ընդդիմության, եւ՛ չափից ավելի «նեղ» քաղաքականացված զանգվածային լրատվության
միջոցների, եւ՛, որ ամենատխուրն է՝ գործին քաջատեղյակ բազմաթիվ «շարքային»
քաղաքացիների կողմից: Օրինակներն անթիվ են. մեզանից գրեթե ցանկացածը կարող է
մտաբերել իր որեւէ մերձավորի, հարեւանի, ծանոթի, թեկուզեւ՝ հենց ի՛ր նկատմամբ թույլ
տրված կոպիտ իրավախախտում, որը շրջապատի կողմից, լավագույն դեպքում, լոկ կարեկցական
խոսքի է արժանացել, իսկ ինքը՝ տուժողը, չի էլ մտածել դատարան կամ իրավապահ
մարմիններին դիմելու մասին, քանի որ այդ մարմինները, միեւնույն է, «ծախված են»:
Այնինչ նման դիրքորոշումը սաստիկ ձեռնտու է հենց «ծախված» մարմիններին. չէ՞ որ
շարքային քաղաքացիների բավարար ակտիվության դեպքում ոչ մի գործ հնարավոր չէ կոծկել,
անտեսել: Ապացույցն են, օրինակ, մեկ տարի առաջ տեղի ունեցած՝ Երեւանի որոշ
համայնքներում աղտոտված ջրով մատակարարման հարցը կամ Հյուսիսային պողոտայի քանդման
ենթակա տներից վտարվողների հարցը. երբ տուժածների շատ թե քիչ լայն զանգվածներ, որոշ
հասարակական կազմակերպությունների իրական աջակցությամբ, սկսեցին դիմել դատարաններ,
զանգվածային լրատվության մի շարք միջոցներն էլ՝ գործուն արձագանքել ու մեկնաբանել,
արդյունքներն անմիջապես երեւացին, եւ մասնավորապես՝ դատարաններն սկսեցին շատ թե քիչ
անաչառ վճիռներ կայացնել: Այս նույն օրինակները նաեւ ցայտուն վկայություններն են
այն փաստի, որ վերացական «ժողովրդի» ճակատագրով այնքա՜ն անհանգստացած քաղաքական
ընդդիմությունը կոնկրետ տուժածների հարցը գործնականորեն անտեսեց ու նրանց ամենեւին
չսատարեց...

Մյուս կողմից՝ բազմիցս առիթ եմ ունեցել համոզվելու, որ
օտարերկրացիներն իրենց հերթին հաճախ տարակուսում են մեզանում ժամանակ առ ժամանակ
տեղի ունեցող բազմամարդ հանրահավաքների դրդապատճառներից: Զորօրինակ՝ ոչ մի
արտասահմանցու մտքով չի անցնի՝ «կռվից հետո սուր ճոճել» եւ ընտրություններից մեկ
տարի անց դրանց արդյունքը վիճարկել, կամ թեկուզ՝ անհասկանալի, վերացական, նույնիսկ
սնոտիապաշտական փաստարկներից ելնելով՝ բազմաչարչար «սոցիալական քարտերի» ներմուծման
դեմ բողոքի ալիք բարձրացնել՝ այդ նույն ժամանակ խիստ հրատապ՝ համատարած
կոռուպցիայի, առաջին անհրաժեշտության ապրանքների գների անտրամաբանական աճի, քրեական
տարրերի սանձազերծած «բեսպրեդելի» երեւույթներին փաստորեն համակերպվելով:

Հարկ է նշել նաեւ, որ մեզանում քաղաքացիական
հասարակության կայացմանը սաստիկ խոչընդոտում է նաեւ բնակչության ճնշող
մեծամասնության իրավական կատարյալ անգրագիտությունը: Մարդիկ հաճախ պարզապես տեղյակ
չեն, թե այս կամ այն իրավախախտման դեպքում հատկապես ո՛ր ատյանին ու ինչպե՛ս պետք է
դիմեն, երբեմն էլ՝ նույնիսկ չեն կասկածում, որ իրենց նկատմամբ իրավախախտում է տեղի
ունեցել, կամ էլ՝ փորձում են իրենց «իրավունքները պաշտպանել» պատասխան իրավախախտման
(դիցուք՝ կաշառքի) ճանապարհով:

Այնուամենայնիվ, մենք պետք է քաջ գիտակցենք, որ արդի
ժամանակաշրջանում ցանկացած պետությունում (բնականաբար նաեւ՝ իր պատմությամբ,
ավանդույթներով ու հայ ազգի արժանիքներով միշտ հպարտացող մեր երկրում) քաղաքացիական
հասարակության կառուցումն այլընտրանք չունի, եւ կարեւորագույն այդ գործին պետք է
լծվենք բոլորս՝ անխտիր: Իսկ լիարժեք քաղաքացի դառնալ ձգտող ցանկացած անհատի կարելի
է խորհուրդ տալ՝ սեփական եւ այլոց իրավունքները պաշտպանելիս միշտ հիշել ամերիկացի
հանրահայտ գրող Կուրտ Վոնեգուտի հետեւյալ թեւավոր խոսքը.

«Ունեցի՛ր խիզախություն, զի փորձել կարողանաս փոփոխել
այն ամենը, ինչը կարո՛ղ ես փոփոխել:

Ունեցի՛ր տոկունություն, զի համակերպվել կարողանաս այն ամենին, ինչը չե՛ս կարող փոփոխել:

Եվ ունեցի՛ր իմաստություն, զի տարբերել կարողանաս առաջինը երկրորդից»: