“Ես նախընտրում եմ խարազանել , նվաստացնել Հայրենիքը, բայց ոչ երբեք խաբել նրան”

Ռուս հայտնի հրապարակախոս Պյոտր Չաադաևը 19-րդ դարի առաջին կեսի
ամենահետաքրքիր մտածողներից էր: Նրա հրապարակոխոսական նամակներից հետո պաշտոնական մամուլը նրան հռչակեց "խելագար": Հաջորդ նամակը նա անվանեց "Խելագարի գրառումները": Չաադաևը համարվում է ռուսական միանգամից երկու իրարամերժ քաղաքական հոսանքների` արևմտականների և սլավոնաֆիլների, հիմնադիր: Նա Գրիբոեդովի "Խելքից պատուհասը" պիեսի հերոսի նախատիպն է: Չաադաևի մտքերն արդիական են այսօրվա Ռուսաստանի համար: Մեր կարծիքով դրանք արդիական են նաև այսօրվաՀայաստանի համար: Ներկայացնում ենք մտքեր Չաադաևի ստեղծագործություններից:

Վայ այն ժողովրդին, որին ստրկությունը չի նվաստացնում: Այդպիսի ժողովուրդը ստեղծված է ստրկության համար:

Ես ասել եմ, որ ժամանակն է հետադարձ հայացք ձգել մեր անցյալի վրա, և դա պետք է անել ոչ թե հնացած ու մարած հնություններ ու գաղափարներ որոնելու համար, այլ որպեսզի կողմնորոշվենք, թե ինչպես վերաբերվենք մեր անցյալին…

Ես չսովորեցի սիրել իմ հայրենիքը փակ աչքերով, խոնարհված գլխով ու փակ շրթներով: Ես գտնում եմ, որ մարդը կարող է օգտակար լինել իր հայրենիքին միայն այն ժամանակ, երբ վճիտ հայացքով է դիտում շուրջբոլորը: Ես կարծում եմ, որ կույր սիրո ժամանակն արդեն անցել է, և պարտավոր ենք հայրենիքին ճշմարտությունն ասել:

Փառք Աստծո, ես ոչ չափածո, ոչ էլ արձակ եղանակներով չեմ գայթակղել Հայրենիքը նրան սխալ ուղղությամբ տանելու համար:

Փառք Աստծո, ես չեմ արտաբերել որևէ միտք, որը կարող էր մոլորության մեջ գցել հասարակական կարծիքը:

Փառք Աստծո, ես սիրել եմ իմ հայրենիքը իր իսկ շահերից ելնելով, այլ ոչ թե իմ սեփական:

Փառք Աստծո, ես չեմ համակերպվել սնոտիապաշտությանն ու կեղծիքներին` հանուն հասարակական դիրքի բարիքների:

Ես նախընտրում եմ խարազանել , նվաստացնել հայրենիքը, բայց ոչ երբեք խաբել նրան:

Կան այնպիսի կեղծ մտավորականներ, որոնց կողմից արտաբերված ճշմարտություններն անգամ վերածվում են կեղծիքի:

Ի՞նչ եք կարծում, այն երկիրը, որն այն պահին, երբ կոչված էր իր ձեռքը վերցնել իրեն պատկանող ապագան, բայց ճիշտ այդ պահին մոլորվում է ճշմարիտ ուղուց, արդյո՞ք արժանի է այդ ապագային:

Մենք դեռ հեռու ենք հին ազգերին բնորոշ գիտակից հայրենասիրությունից, որոնք հասունացել են մտավոր աշխատանքի միջոցով: Մենք սիրում ենք մեր հայրենիքը այն երիտասարդ ժողովուրդների նման, որոնց դեռ չի անհանգստացրել համաշխարհային թատերաբեմում իրենց խաղալիք դերը գտնելու միտքը:

Շատերը երևակայում են, որ մենք գործ ունենք Անգլիայի հետ, Ֆրանսիայի հետ…:
Դա հիմարություն է, մենք գործ ունենք քաղաքակրթության հետ ամբողջությամբ, այլ ոչ թե նրա արդյունքների հետ: Մենք գործ ունենք հենց քաղաքակրթության հետ` ինչպես գործիքի, ինչպես հավատալիքների, որոնք օգտագործվում, զարգանում, կատարելագործվում են հազարամյա աշխատանքի և ճիգերի շնորհիվ: Ահա թե ինչի հետ մենք գործ ունենք, մենք, որ ապրում ենք միայն անցյալով, մենք, որ մեր ոչ մի օրգան , այդ թվում նաև հիշողությունը, բավարար չափով չի մարզվել ու չի զարգացել:

Մեր դժբախտությունների առջև կանգնած` ես ինձ թույլ եմ տալիս չկիսել սանձարձակ հայրենասիրական ձգտումները, որոնք երկիրը հասցրեցին անդունդի եզրը և որոնք փորձում են երկիրը դուրս բերել անդունդից, շարունակելեվ համառել իրենց անուրջներում, չցանկանալով գիտակցել իրենց իսկ ստեղված ճգնաժամային վիճակը:

Ասում են, որ մեր երկիրը ոչ արևելք է, ոչ էլ արևմուտք: Թող լինի այդպես, սակայն պետք է նաև ապացուցել, որ մարդկությունն իր երկու կողմերից բացի ունի նաև մի երրորդ կողմ: