Յոթանասուն տարի արժեցող յոթ ամիսը

1917թ. հոկտեմբերյան հեղափոխությունը որոշակի փոփոխություններ մտցրեց աշխարհի ճարտարապետման նախնական ծրագրերում:

1920թ. սկզբին արդեն պարզ էր, որ Արեւմուտքը ստիպված համաձայնել է նոր Ռուսաստանին թողնել հարավկովկասյան բուֆերային հանրապետությունները: Նոր եկողի անխուսափելիությունն առաջինը նկատեցին ադրբեջանցիները, որոնք արագ գունափոխվեցին` 1920թ. ապրիլի 28-ն դառնալով խորհրդային: Հայ բոլշեւիկներն էլ, կարծես, հասկացել էին կատարվածի հիմնավոր եւ երկարատեւ ժամանակի համար լինելը. նրանք վերջին փորձ արեցին մայիսին Հայաստանը խորհրդայնացնելու համար: Այն ճնշվեց: Հայաստանը խորհրդայնացավ յոթ ամիս անց: Տարածաշրջանի տերը` Խորհրդային Ռուսաստանն իր առաջին դաշնակցին պարգեւատրեց Երեւանի գավառի մի զգալի մասով` Նախիջեւանով, գրեթե ամբողջությամբ հայաբնակ դաշտային եւ լեռնային Ղարաբաղներով, ինչպես նաեւ Զանգեզուրով, որ քիչ անց բացառապես Գարեգին Նժդեհի գործունեության արդյունքում մնաց Հայաստանին: Կարսի մարզից զրկվելը նույն սխալ հաշվարկի շարունակության` 1921թ. Փետրվարյան ապստամբության արդյունքում եղավ:

Մենք Ադրբեջանից ընդամենը յոթ ամիս անց խորհրդայնացանք, սակայն այդ յոթ ամիսը մեզ արժեցավ Նախիջեւան եւ Ղարաբաղ, որ ստատուս-քվոյի պահպանման օրենքով տեւեց յոթանասուն տարի: Յոթանասուն տարի անց Նախիջեւանում արդեն հայ չկար, իսկ Ղարաբաղի գոնե լեռնային հատվածը փրկելու պայքարի գինը Դաշտային Ղարաբաղի եւ Ուտիքի հայաթափությունը եղավ:

Կա պատմության մի երկաթյա օրենք. երիտասարդ քաղաքակրթությունը (նաեւ` ենթաքաղաքակրթությունը, մշակույթը), որ պարտադիր գաղափարայնացված է լինում, չի ներում օբյեկտիվ ռեալությունները չհասկացող, ավանդական սահմանումների աստիճանին մնացած, նախկին կատեգորիաներով առաջնորդվող իր հակառակորդին, եւ հակառակը, պարգեւատրում է նրան, ով ըմբռնում եւ անմիջապես իր շահերի հաշվարկային համակարգի մեջ է առնում նոր իրողությունները, ով չի սպասում, որ իրեն պատժելով քարշ տան նոր եկող անխուսափելիի մեջ, այլ ինքն է ընդառաջ գնում հոսանքին` փորձելով իր շահերին հարմարեցնել նորի բոլոր հնարավոր միջոցները:

1920-ի ապրիլից մինչեւ նոյեմբերի վերջ` մենք մեր հնամենի պատկերացումներով շարունակում էինք դեգերել նոր իրողությունները չընկալելու եւ իռացիոնալ հույսեր փայփայելու ճիրաններում` հայրենասիրության էսէռական սահմաններում: Կրկնում եմ` այն մեզ արժեցավ Նախիջեւանի եւ ամբողջական Արցախի կորուստ: Այն օրերի երազային պատկերացումների եւ կարճամիտ գործի արդյունքն են նաեւ Ղարաբաղյան այսօրվա կնճիռը, մի քանի հազար զոհերը, ստիպված վասալային կախվածությունը Ռուսաստանից, երկրի զարգացման հնարավորությունների սահմանափակությունը:

Այսօր եւս նույն վիճակի մեջ է մեր տարածաշրջանը: Պարտված ԽՍՀՄ-ի ժառանգորդ Ռուսաստանն անդառնալիորեն հեռանում է տարածաշրջանից` իր ետեից թողնելով այն սառեցված պատերազմների բոցերի մեջ: Վրաստանով արդեն տրված է նախազարկը: Այս անգամ արդեն նորը ոչ թե Ռուսաստանն է, այլ Արեւմուտքը: Մի՞թե այս անգամ էլ պիտի թույլ տանք, որ նորի գալուստին չհավատանք, այսինքն` չտեսնենք ամենաակնառու իրողությունները, դարձյալ ուշանանք յոթ ամիս, որից հետո մերզ, միեւնույնն է, քարշ են տալու այնտեղ, բայց արդեն ոչ թե որպես իրողություններն ընկալած դաշնակից, այլ կամակոր անընդունակ, եւ նոր ստատուս-քվոն էլ պահպանվելու է մինչեւ համաշխարհային ուժերի նոր վերադասավորում:

Մեր մեծ հավակնությունները կախվեցին օդում: Գրքերի բաժանորդագրություններին մասնակից դառնալու համար գիշերային հերթերում հրմշտող ժողովուրդն այսօր դարձել է էժան աշխատուժ` Ռուսաստանում եւ Թուրքիայում, աշխարհի գրեթե բոլոր երկրներում հերթական անգամ ցրիվ գալով, իսկ իր երկրի ներսում կքել է միայն նյութական հացի խնդիրը հոգալու բեռան տակ: Այժմ մի նոր Գրիգոր Լուսավորիչ է անհրաժեշտ, որ քաղաքակրթական ընտրանքի այս ճակատագրական պահին հերթական անգամ վառի արեւմտյան քաղաքակրթության կանթեղը, այլապես այս անգամ կարծես թե վառողներն ուրիշներն են, որոնց էլ շա՜տ երկար ժամանակի համար տրվելու է առաջնության իրավունքը, ինչպես Իսահակը տվեց Հակոբին:

Պատմությունը եթե ոչ հազար տարին մեկ, ապա գոնե մի քանի հարյուր տարին մեկ է հայտնվում իր պտույտի այս տրամաբանության ծիրում: իսկ այդտեղ մեկ ամիսը, մեկ շաբաթն ավելին արժեն, ավելի բախտորոշ են, քան հետագայի հարյուրամյակները: Եվ չընկալողները կա՛մ միանգամից, կա՛մ աստիճանաբար անհետանում են պատմության թատերաբեմից` տեղը զիջելով նրանց, ովքեր կարողանում են գործել նոր չափման համակարգում, նոր օրենքներով եւ նոր տրամաբանության մեջ:

Վիճակը նետված է: Եթե ավելի պարզ ու մի փոքր կոպիտ ասենք, ապա պիտի արձանագրենք, որ առաջիկա ամիսներին վճռվելու է ոչ միայն Ղարաբաղի հարցը, այլ տարածաշրջանում որոշակի առաջնայնություն կրողի հարցը: Այժմ մենք եւ Ադրբեջանը ստարտային գրեթե նույն վիճակում ենք. որ երկրում ավելի շուտ հնարավոր լինի ընդառաջ գնալ հաղթարշավող քաղաքակրթությանը` դառնալով նրա դաշնակիցը, որ երկրում ավելի արագ կկողմնորոշվեն եւ իրենց դարն ապրած ու արեւմտյան արժեքային համակարգի տիրույթում չտեղավորվող իրենց վաչակազմերը փոխեն ու հարմարեցնեն պահանջարկվածին, որ երկրում ավելի շուտ կվառեն նոր քաղաքակրթության կանթեղը, այնտեղ էլ շահող դուրս կգան շատ երկար ժամանակային կտրվածքի համար: Մենք դրա գրեթե բոլոր նախադրյալներն ունենք. չէ՞ որ մի անգամ արդեն իսկ նույն բեկումնային ժամանակներում տարածաշրջանում վառել ենք Լուսավորչի կանթեղը: Հիմա կանթեղը ջահի վերածելու հերթն է, մեկ անգամ եւս ապացուցելու ժամանակն է, որ հայ ժողովուրդն ունակ է սարի շուրջ ետուառաջ անելուց զատ` նաեւ լուրջ գործառույթ ստանձնել: