ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մարդու իրավունքների պաշտպանի մեկ տարին
Հասարակական, տնտեսական ու սոցիալական այնպիսի խառնափնթոր հարաբերություններով երկրում, ինչպիսին 21-րդ դարասկզբի Հայաստանն է, մարդու իրավունքների պաշտպանությունը մնում է ապագայի կապույտ երազ, իսկ օմբուդսմենի ինստիտուտը՝ վերածվում է արեւմուտքից փոխառված եւ ոչ մի կերպ մեր պայմաններում չադապտացվող նոնսենսի: Նման պայմաններում միանգամայն բնական էին այն դժգոհությունները եւ անհանդուրժողականությունը, որով ուղեկցվեցին օմբուդսմենի ինստիտուտի ստեղծումը եւ գործունեությունը: Նախ՝ հասարակության տարբեր շերտեր, հատկապես՝ ընդդիմությունը, դժգոհությամբ ընդունեցին մարդու իրավունքների պաշտպանի քոչարյանական թեկնածուին: Ղարաբաղցի Լարիսա Ալավերդյանը շատերին հավատ չէր ներշնչում, եւ մարդիկ կանխատեսում էին, որ նրա անձը կվարկաբեկի այդ կարեւոր ինստիտուտը, որ Ալավերդյանը կդառնա Ռ.Քոչարյանի եւ նրա վարչախմբի սխալները սրբագրող, մարդու իրավունքների ոտնահարումները կոծկող եւ միջազգային կառույցներին ապակողմնորոշող գործոն: Սակայն ոչ ոք չէր կանխատեսում, որ Լ.Ալավերդյանը կարճ ժամանակ անց կարող է հարուցել իրեն նշանակողների դժգոհությունը, եւ իշխանությունը կարող է նրա՝ օրենքով սահմանված լիազորությունները հենց առաջին տարում կրճատել: Անտեղյակները կզարմանան, թե ինչո՞վ է Լ.Ալավերդյանը առաջացրել վերին իշխանության զայրույթը, չէ՞ որ նրա գործունեությունն առանձնապես ոչ մի սուպերհամարձակ ակցիայով աչքի չի ընկել: Սակայն այդպես մտածողները պետք է գիտակցեն, որ 2005-ի Հայաստանում բոլորովին այլ իրավիճակ է տիրում, եւ համատարած ստրկացման պայմաններում մեծ հանդգնություն կարող է դիտվել ցանկացած քայլը, ասենք՝ մայրաքաղաքի կենտրոնի կառուցապատման վերաբերյալ Լ.Ալավերդյանի հայտարարությունները (այս տարածքներն արդեն Ռ.Քոչարյանի եւ նրա մերձավոր շրջապատի սեփականությունն են): Իսկ մեր աղբյուրներից մեկը նշում է, որ Ռ.Քոչարյանին բոլորովին դուր չի գալիս, որ Լ.Ալավերդյանը փորձում է այցելել զորամասեր եւ անգամ հանդգնում է նեղ շրջանակներում նշել, որ բանակում վիճակն անմխիթար է: Միեւնույն ժամանակ, կարծում ենք բավական կարեւոր է այն, որ Լ.Ալավերդյանին վարչախումբն իրենն էր համարում եւ այն, որ “յուրայինն” է հանդգնության դրսեւորումներ ցուցաբերում, եւ դա նրան չներվեց:
Պայքար “արեւի տակ տեղ ունենալու” համար
Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի մեկամյա գործունեության ընթացքում կայուն դժգոհությունների դաշտ է ձեւավորվել: Եթե հասարակության առաջադեմ խավը դժգոհ էր օմբուդսմենից, քանի որ նա բավարար չափով չի պաշտպանում քաղաքացիների ոտնահարված իրավունքները, ապա “բարձր” իշխանությունը նույնպես գոհ չէ տիկին Ալավերդյանի գործունեությունից, բայց ճիշտ հակառակ պատճառով: Այն փոքրիկ ազատությունը, որից օգտվում է օմբուդսմենը, լուրջ դժգոհությունների տեղիք է տվել, եւ իշխանությունը փորձում է սահմանափակել դա: Ամիսներ առաջ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մի խստաշունչ նամակ էր հղել տիկին Ալավերդյանին` նրանից պահանջելով չմիջամտել դատական գործընթացներին եւ ընդհանրապես ոտք չդնել դատարաններ: Նամակի առիթն այն էր, որ օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցները փորձել էին մոնիտորինգ իրականացնել դատարաններից մեկում: Դատարանի նախագահը կոպտորեն դուրս էր հրավիրել նրանց ու զեկուցել իր նախարարին: Դ.Հարությունյանը, որը պերմանենտ պայքարի մեջ է դատախազության, գործադիր իշխանության այլ օղակների հետ դատարանների վրա իշխելու մենաշնորհի համար, չէր կարող հանդուրժել, որ ինչ-որ կին, որը դեռեւս “արեւի տակ իր տեղը չի նվաճել”, մտնի իր բոստանը եւ նախարարի համար պայքարի նոր ֆրոնտ ստեղծի: Դեպքերի զարգացումը սպասեցնել չտվեց` սկսվեց օմբուդսմենի իրավունքների կրճատման գործընթացը: Առաջին քայլը օմբուդսմենի աշխատակազմին քաղծառայողի կարգավիճակ տալու օրենսդրական փոփոխության նախագիծն էր, որն ընդունվելու դեպքում Լ.Ալավերդյանին կզրկի կադրեր ընտրելու եւ նշանակելու միանձնյա իրավունքից: Երկրորդը` “Մարդու իրավունքների պաշտպանի մասին” օրենքում կատարվելիք փոփոխությունն էր, որի ընդունումը հիմնովին կրճատեց Լ.Ալավերդյանի իրավասությունները: Ի դեպ, կառավարության նիստում այդ հարցի քննարկման ժամանակ Ռ.Քոչարյանը կոպիտ արտահայտություն էր թույլ տվել թե, “Օմբուդսմենը կարող է հարցեր տալ, այլ ոչ թե կարծիք հայտնել”, եւ Լ.Ալավերդյանը հեռացել էր կառավարության նիստից: Դ.Հարությունյանի առաջարկած փոփոխությամբ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետը Ազգային ժողովը հիմնովին կրճատեց: Եթե անցյալում այն շարադրված էր այսպես.□Պաշտպանն իրավասու չէ միջամտել դատական վարույթին: Նա կարող է տեղեկություններ պահանջել դատաքննության մեջ գտնվող ցանկացած գործի մասին եւ առաջարկներ ներկայացնել դատարան` երաշխավորելով քաղաքացիների` ՀՀ Սահմանադրությամբ եւ միջազգային իրավունքի նորմերով նախատեսված դատավարության իրավունքի պատշաճ ի կատար ածումը: Պաշտպանն իրավասու է դիմողին տալ առաջարկություններ կամ խորհրդատվություն` դատարանի որոշման, վճռի կամ դատավճռի հիմնավորվածությունը բողոքարկելու վերաբերյալ": Ապա օրենսդրական փոփոխությունից հետո այս պարբերությունից մնացին միայն առաջին եւ վերջին նախադասությունները, իսկ “տեղեկություններ ստանալ եւ առաջարկություններ անել դատարանին” օմբուդսմենն այլեւս չի կարող: Սա, առանց այն էլ սահմանափակ լիազորություններով օժտված այս ինստիտուտը բարուրի մեջ խեղդելու փորձ է: Օմբուդսմենի գրասենյակում կարծում են, որ այս փոփոխություններից հետո ՄԻՊ գրասենյակը կվերածվի մի սովորական փաստաբանական կանտորայի, որն այլեւս որեւէ ազդեցություն չի ունենա ոչ դատական համակարգի վրա, ոչ անպաշտպան մարդկանց իրավունքների վերականգնման վրա:
Ձերբակալվել է ՄԻՊ աշխատակիցը
Օմբուդսմենի գրասենյակի դեմ ծավալված պայքարի շղթայում է պետք դիտարկել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակցի ձերբակալությունը: Մայիսի 26-ի երեկոյան ՀՀ անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալեցին գրասենյակի գիտավերլուծական բաժնի աշխատակից, 27-ամյա Սերոբ Անտինյանին, որը մեղադրվեց մի ռեստորանատիրոջից 300 դոլար վերցնելու մեջ: Անտինյանին առաջադրվել է խարդախության մեղադրանք: Ինչո՞ւ ոչ կաշառքի, քանի որ Անտինյանը պետական ծառայող չէ: Նալբանդյան 47 հասցեում տեղավորված “Անտունյան” բար-ռեստորանի մոտակայքում բնակվող մի քաղաքացի գրավոր դիմել էր օմբուդսմենին եւ բողոքել ռեստորանի աղմուկից: Բողոքը տրամադրվել է գրասենյակի աշխատակից Ս.Անտինյանին՝ ուսումնասիրելու եւ եզրակացություն տալու համար: Ըստ մեղադրանքի Անտինյանը փաստորեն ոչ միայն ուսումնասիրել է բողոքը, այլեւ փորձել է դրանից □օգուտ□ քաղել՝ գումար շորթել ռեստորանի տիրոջից՝ սիրիահայ Հակոբ Ալթունյանից: Վերջինս ահազանգել է անվտանգության ծառայություն, որն էլ մոտ 2 շաբաթ հետեւել է այս գործընթացին՝ ձայնագրել է օմբուդսմենի աշխատակցի ու ռեստորանատիրոջ խոսակցությունները: Երբ Անտինյանը գնացել է ռեստորան՝ գումարն անձամբ ստանալու, նրան բռնել են՝ քիմիական նյութով մշակված գումարը ձեռքին: Անտինյանին ձերբակալելուց հետո անվտանգության աշխատակիցները կեսգիշերին ժամանել են օմբուդսմենի գրասենյակ եւ պահակային ծառայությունից վերցնելով պահեստային բանալիները, առգրավել են ՄԻՊ աշխատակազմի համակարգիչներից մեկի պրոցեսորը: Ընդ որում, այդ մասին չեն տեղեկացրել ոչ Լարիսա Ալավերդյանին, ոչ էլ նրա գրասենյակի աշխատակիցներին: Վերջիններս հաջորդ օրը, բանից անտեղյակ գալով աշխատանքի, հայտնաբերել են, որ պրոցեսորն անհայտացել է: Քիչ է մնացել դիմեն ոստիկանություն, երբ պարզվել է, որ “գողերը” անվտանգությունից են: Օմբուդսմենի աշխատակազմը խստորեն դատապարտում էր համակարգիչը տանելու փաստը եւ դա բացատրում ԱԱԾ-ի կողմից ՄԻՊ գրասենյակին պատկանող գաղտնի ինֆորմացիային տիրանալու դիտավորությամբ: Լարիսա Ալավերդյանը կատարվածի վերաբերյալ ասում է.”Եթե պետական ապարատի մաքրումը մեզնից են սկսում, ես դեմ չեմ՝ թող սկսեն, եւ եթե մեր աշխատակիցը հանցանք է կատարել, թող պատժվի”: Սակայն եթե իրենց աշխատակցի մեղքը չհաստատվի կամ պարզվի, որ ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ, ապա միջազգային կառույցներն անմիջապես հիշելու են նախկին՝ խորհրդային հասարակարգում կիրառվող հայտնի մեթոդները: Անշուշտ կատարվածը կարող է ստվեր գցել օմբուդսմենի գրասենյակի վրա՝ մարդու իրավունքների պաշտպանների գրասենյակներում սովորաբար ամենաանկաշառ եւ ազնիվ մարդիկ են աշխատում, ուստի նման դեպքեր քաղաքակիրթ երկրներում, որպես կանոն, չեն լինում: Սակայն չենք կարող կատարվածը չկապել նաեւ Լ.Ալավերդյանի եւ նրա գրասենյակի նկատմամբ իշխանությունների բացասական վերաբերմունքի հետ: Կոռուպցիայի մեջ թաղված երկրում, որտեղ 3 միլիոն կաշառք վերցնողը չի բռնվում, 300 դոլար վերցնելու մեջ մեղադրվողին կալանելը նմանվում է հաշվեհարդարի փորձի:
