ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ռուսական ամերիկանիզմ
Ռուսաստանը փոխում է իր մոտեցումները Հայաստանում եւ ամբողջ ԱՊՀ տարածքում։
Մոսկվայի քաղաքական ազդեցությունը Երեւանի վրա դեռեւս մնում է բավականին լուրջ։
Սակայն ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում ռուսական գործոնը հասարակական
ոլորտներում թուլանում է՝ հասնելով գրեթե զրոյական մակարդակի։ Ամերիկյան եւ
եվրոպական լայնածավալ, բազմաթիվ եւ տարաբնույթ ծրագրերը հանգեցնում են արեւմտյան
գործոնի ամրապնդմանը Հայաստանում, ինչը ինքնըստինքյան բերում է Ռուսաստանի դիրքերի
թուլացմանը։

Ռուսաստանը հապճեպ փորձում է միջոցներ ձեռնարկել, փոխում է գործելաոճը, բացում է
կառույցներ, որոնք պետք է փոխարինեն արեւմտյան նմանատիպ կազմակերպություններին։
Տվյալ պահին իրար ետեւից բացվում են ռուսաստանյան զանազան կազմակերպություններ,
որոնք իրենցից ներկայացնում են արեւմտյանների ,«կլոններ»։
Այս նորամուծություների հիմնական շարժիչն է Մոդեստ Կոլերովը` Ռւսաստանի Դաշնության
նախագահի վարչակազմի արտերկրների հետ միջմարզային եւ մշակութային կապերի
դեպարտամենտի ղեկավարը։ Հիշեցնենք, որ նախկինում Կոլերովը զբաղեցնում էր «Ռեգնում»
ռուսաստանյան լրատվական գործակալության խմբագրի պաշտոնը։ Նրա այժմյան պաշտոնը
ԶԼՄ-ներում անվանում են «նարնջագույն հեղափոխությունների դեմ պայքարի ղեկավար»։
Այս տարվա մայիսի վերջին Կոլերովը իր նոր դերում այցելեց Երեւան։ Հանդիպելով
հայկական ԶԼՄ-ների խմբագիրների եւ ռուսաստանյան լրատվամիջոցների սեփական
թղտակիցների հետ՝ նա փորձեց զննել իրավիճակը։ Երբ լրագրողները ներկայացրին
իրավիճակը՝ Կոլերովը միայն ժպտաց. «Այդ ծրագրերը, օգնությունը հավերժ չեն։ Ես
վերջերս եմ եղել Ղրղզստանում։ Ու՞ր է այդ օգնությունը։ Ամեն ինչ վերացել է»։
Սակայն ակնհայտ է, իրականությունը ։ Սեպտեմբերին սնկի պես սկսեցին աճել ռուսական
կլոնները։ Հորիզոնում հայտնվեց «Կովկասյան ժողովրդավարության ինստիտուտ» զարգացման
հիմնադրամը, որը սկսեց իրար ետեւից ծրագրեր իրականացնել։ Հայտարարվեցին
լրագրողների, գրողների մրցույթներ, «Գոլոս Արմենիի» թերթը սկսեց ներկայացնել
շաբաթական Монитор.RU դայջեստը, ուր արտատպվում են հոդվածներ ռուսական ինտերնետային
ԶԼՄ-ներից, նմանատիպ ծրագիր իրականացվում է նաեւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության
հետ եւ այլն։
Սեպտեմբերի 28-ին բացվեց մի ուշագրավ ինտերնետային կայք, ուր ներկայացված է
նորաստեղծ «Միջազգային մոնիտորինգային գործակալության (բյուրոյի)»
գործունեությունը։ Տվյալ կազմակերպությունը ստեղծվեց վերջերս Մոսկվայում անցկացված
«Եվրոպա. փոփոխությունների տարվա արդյունքները» ֆորումից հետո։ Ֆորումի
կազմակերպիչներից մեկն էր հանրահայտ Գլեբ Պավլովսկին։ Դարձյալ արծարծվում էր Մոդեստ
Կոլերովի անունը։
«Միջազգային մոնիտորինգային գործակալության» խնդիրների շրջանակները բավականին լայն
են՝ հետեւել ետխորհրդային երկրներում կատարվող գործընթացներին։ Հիմնական շեշտը
դրվում է մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության, ընտրական
գործընթացների վրա։ Կազմակերպությունը տարին երկու անգամ ներկայացնելու է լայն
զեկույցներ տվյալ թեմաներով։ Բացի դրանից, ընտրությունների ժամանակ նախատեսված է
ուղարկել մոնիտորինգային գործակալության խմբերը, որոնք տեղում կուսումնասիրեն
իրավիճակը։ Հետաքրքիր է, որ Ռուսաստանի Դաշնությունը եւ Բելոռուսը չեն մտնում
կազմակերպության մանդատի մեջ։
Կրեմլում ստեղծվել է մի կազմակերպություն, որը կոչված է ինչ-որ չափով փոխարինելու
ԵԱՀԿ-ն, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը եւ այլ նմանատիպ կառույցների։ Սակայն Մոսկվայում
երեւի թե մոռացել են, որ նույն Պետդեպարտամենտի մարդու իրավունքներին վերաբերող
զեկույցների մեջ ներկայացվում է նաեւ Միացյալ Նահանգներում տիրող իրավիճակը։ Իրեն
զգացնել է տալիս սովետական սինդրոմը, ինչից ռուսաստանյան իշխանությունները ոչ միայն
չեն կարողանում, այլեւ չեն ուզում ձերբազատվել։
Այսպիսով, Մոսկվան սկսել է կլոնավորման ճանապարհը, փորձելով հաղթել թշնամուն իր իսկ
զենքով։ Սակայն ռուսական կլոնների վրա դեռեւս վառ երեւում է սովետական կնիքը։
Վերջերս Մոդեստ Կոլերովը «Եվրազիա» ամսագրին տված հարցազրույցում հայտարարեց, որ
Ռուսաստանի մշակութային եւ տեղեկատվական ազդեցության ուժեղացումը պետք է սկսվի «ճիշտ
տոնից, ճիշտ ոճից, ճիշտ բովանդակությունից»։ Դեռեւս կարող ենք փաստել, որ
Մոսկվայում ընտրել են «ճիշտ ձեւ», սակայն շարունակում են կառչել «հին տոնից, հին ոճից, հին բովանդակությունից»։
