Հայաստանը ուզում է պահպանել հարաբերական ժողովրդավարությունը

Երեւում է Հայաստանում խիստ մտահոգված են հարեւան Ադրբեջանի իրադարձությունների
զարգացմամբ: Իլհամ Ալիեւի կողմից իրագործվող զանգվածային բռնությունների,
ձերբակալությունների ամենաթեժ պահին Հայաստանի իշխանությունները փաստորեն ձեռք
մեկնեցին Ադրբեջանի նախագահին: Հոկտեմբերի 18-ին, երբ հարեւան հանրապետությունում

ծեծում եւ ձերբակալում էին ընդդիմադիր ղեկավար Ռասուլ Գուլիեւի աջակիցներին, իսկ
ինքը Գուլիեւը չէր կարողանում վերադառնալ հայրենիք, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ
Սարգսյանը բավականին հետաքրքիր հայտարարություն արեց. «Չեմ կարծում, որ Ադրբեջանում
խորհրդարանական ընտրությունները կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի
ներքաղաքական իրավիճակի վրա: Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա բնական է, եթե
հանկարծ հաղթի ընդդիմությունը, միգուցե պետք կլինի բանակցային գործընթացը սկսել
սկզբից, եթե հաղթի իշխանությունը, ապա բանակցային գործընթացները կշարունակվեն»:

Ասենք տվյալ պահին Ադրբեջանի իշխանությունները ամեն կերպ համոզում են սեփական
հասարակությանը, որ ղարաբաղյան հարցի շուրջ բանակցություններն ընթանում են հօգուտ
Ադրբեջանի: Բացի դրանից, Ադրբեջանի լրատվամիջոցները ակտիվորեն տարածում են
տեղեկատվություն այն մասին, թե իբր Հայաստանը համաձայնել է դուրս բերել հայկական
զորամիավորումները անվտանգության գոտուց: Բնականաբար տվյալ իրավիճակում Սերժ
Սարգսյանը հայտարարությունը միանշանակ ուղղված էր հենց ադրբեջանական
հասարակությանը: Եւ նախընտրական ծանր իրավիճակում, երբ փորձագետները բարձր են
գնահատում Ադրբեջանում նարնջագույն հեղափոխության հավանականությունը, տվյալ քայլով
Սերժ Սարգսյանը ձեռք մեկնեց Իլհամ Ալիեւին:

Ի՞նչը դրդեց Հայաստանի իշխանություններին սատար կանգնել հայերի ոխերիմ թշնամուն,
որը գրեթե ամեն օր ռազմատենչ հայտարարություններով է հանդես գալիս: Ամենայն
հավանականությամբ պատճառը Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակն է, որը հղի է
Հայաստանի համար բավականին ծանր հետեւանքներով:

Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությանը հաջողվել է ձեռք բերել բավականին
դրական քաղաքական իմիջ: Իհարկե, համեմատական՝ Հարավային Կովկասի եւ ԱՊՀ-ի
շրջանակներում: Հաշվի առնելով, որ մեր հանրապետությունում առաջիկա երկու տարվա
ընթացքում չեն սպասվում ընտրություններ եւ դրանց հետ կապված մարդու իրավունքների
զանգվածային խախտումներ, Հայաստանը լավ հնարավորություն ունի իրեն ներկայացնելու
ավելի առաջադեմ, քան Ադրբեջանը, եւ մի շարք հարցերում՝ նույնիսկ Վրաստանը:

Ըստ «Transparency International» կազմակերպության 2005 թվականի «Կոռուպցիայի
ընկալման» զեկույցի, աշխարհի 159 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում 88-րդ
հորիզոնականը: Նույնիսկ, եթե հաշվի առնենք, որ Հայաստանը անցյալ տարի զբաղեցնում էր
82-րդ տեղը, ապա ակնհայտ է, որ Հարավային Կովկասում եւ նույնիսկ ԱՊՀ երկրների
շարքում սա լավագույն ցուցանիշն է: Մի շարք երկրների հետ Վրաստանը բաժանում է
130-136-րդ, Ադրբեջանը` 137-143 տեղերը:

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության վերջերս հրապարակած 2005
թվականի «Մամուլի ազատության ցուցակում» Հայաստանը 167 երկրների շարքում զբաղեցնում
է 102-րդ տեղը: Սա էական հետընթաց է անցած տարվա համեմատությամբ, երբ Հայաստանը
գրավում էր 83-րդ տեղը: Հիմնականում այս նահանջը պայմանավորված է 2004 թվականին
լրագրողների վրա հարձակումներով, որոնք հետեւեցին ընդդիմության ակտիվությանը: Այդ
պատճառով Վրաստանը առաջ է անցել՝ զբաղեցնելով 99-րդ տեղը: Իսկ Ադրբեջանը ցուցակի
վերջերում է՝ 141-րդ տեղում:

Հայաստանը միակն է համարվում ԱՊՀ երկներից, որպես մասնակի ազատ տնտեսությունով
երկիր: Ըստ «Heritage Foundation» եւ «The Wall Street Journal» հրատարակության
տվյալների, մեր հանրապետությունը զբաղեցնում է 42-րդ տեղը: Վրաստանը տվյալ
ցուցակում գտնվում է 133-րդ, իսկ Ադրբեջանը՝ 137-րդ տեղում:

Այսպիսով, Հայաստանի իշխանությունները բավականին լավ դիրքեր են գրավել Հարավային
Կովկասում՝ ցուցաբերելով հարաբերական ժողովրդավարություն: Դա դժվարություններ է
հարուցել Ադրբեջանի համար: Օրինակ, հարեւան երկիրը չի ներգրավվել «Հազարամյակի
մարտահրավերներ» ծրագրի մեջ, որը հարյուրավոր միլիոնների օգնություն է ակնկալում
Երեւանին եւ Թբիլիսիին: Եվրամիությունը արդեն իսկ պատրաստ է միայն Վրաստանի եւ
Ադրբեջանի հետ սկսել բանակցությունները «Նոր հարեւանություն» ծրագրի շրջանակներում:

Սակայն եթե հրաշք կատարվեր եւ Ադրբեջանում ընդդիմությանը հաջողվեր իրականացնել
նարնջագույն հեղափոխություն, ամեն ինչ միանգամից կփոխվեր: Հայաստանը Արեւմուտքի
համար կդառնար միակ «չժողովրդականացված» երկիրը: Եվ արդեն չեն փրկի զանազան
զեկույցները, ցուցակները: Ընդդիմությունը կստանար էական օգնություն դրսից, իսկ
իշխանությունները կհայտնվեին վտարյալների կարգավիճակում: Այս պատճառով Երեւանում
կցանկանային ունենալ մարդու իրավունքները խախտող, կոշտ Իլհամ Ալիեւի, քան թե
ժողովրդավարների պիտակով Ադրբեջանում իշխանություն ստացած ցանկացած ընդդիմադիր ուժ: