ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Սահմանադրական հիստերիա»-ի ախտորոշում
Սահմանադրական փոփոխություններից այսօր չեն խոսում միայն հասարակության առավել ծույլ եւ անպատասխանատու տարրերը։ Ամենատարօրինակն այն է, որ երեք-չորս ամիս առաջ,
երբ պատրաստվում էր փոփոխությունների նախագիծը, եւ իրական պահանջ կար հասարակական

ակտիվության, Հայաստանում լռություն էր տիրում։ Իսկ այժմ, երբ ընտրությունը միայն «Այո»-ի
եւ «Ոչ»-ի միչեւ է, այսինքն փաստորեն իրական ընտրություն գոյություն չունի, սկսվել
է իսկական «սահմանադրական հիստերիա»։
«Սահմանադրական հիստերիա»-ի ուսումնասիրությունը երկու հետաքրքիր եւ մեկ տխուր
եզրակացությունների է հանգեցնում։
Իշխանական դողէրոցք
Մի քանի շաբաթ առաջ թվում էր, թե Հայաստանի իշխանություններին առանձնապես չի
հետաքրքրում նորացված սահմանադրությունը։ Նույնիսկ տպավորություն էր ստեղծվում, որ
նախագահը չի ցանկանում, որ հանրաքվեն դրական պատասխան տա։ Սակայն վերջին
իրադարձություները ցույց են տալիս, որ իշխանությունները ձեռնամուխ են եղել բոլոր
միջոցներով անցկացնել բարեփոխումները։
Կիրառվող մեթոդները առաջին հայացքից բավականին տարօրինակ կարող են թվալ: Ամենուր
փակցված պաստառները կարող են կաթվածահար անել քիչ թե շատ մտավոր զարգացած մարդուն։
«ԱՅՈ-ն մեր ոգին է հավաքական» կարգախոսը նույնիսկ կարելի է դիտել որպես միստիկական
հայտնագործության հայտ։ Պարզվում է, որ եթե հրեաների հավաքական ոգին Յահվեն է, ապա
հայերինը՝ ԱՅՈ-ն է։
Ուրիշ հետաքրքիր քայլ էր կարճ հաղորդագրությունների տարածումը «ԱրմենՏել» - ի
բաժանորդներին, ուր անուղղակի ձեւով բնակչությանը դրդվում է «այո» ասել նոյեմբերի
27-ին նման հղում կա www.ayo.am կայքի վրա։ Հարց է ծագում՝ ո՞վ է հովանավորել այս
հաղորդագրությունների տարածումը։ Հաշվի առնենք, որ «ԱրմենՏել» -ը այսօր ունի մոտ
290 հազար բաժանորդ։ ԱՄՆ-ում նման, սպամի տարածման դեպքում քրեական
պատասխանատվության կենթարկեին նախաձեռնողներին եւ իրագործողներին։ Իսկ Հայաստանի
Հանրապետությունում այս քայլը միայն հիշեցնում է մեզ, որ մոտ օրերս Տրանսպորտի եւ
կապի նախարարությունը պետք է հաստատի քաղաքային հեռախոսների նոր սակագները։
Ամենայն հավանականությամբ իշխանությունների այս գերակտիվությունը անմիջական կապ
չունի «ԱՅՈ»-ի հետ, ավելի շուտ թիրախը «մեր ոգին է հավաքական»։ Հանրաքվեն, որը
քաղաքական դաշտում այսօր լուրջ խնդիր չէ իշխանությունների համար, լավ փորձադաշտ
կարող է լինել 2007 եւ 2008 թվականների համար։ Այսօր պարզապես փորձարկվում են բոլոր
այն քաղաքական տեխնոլոգիաները, որոնք կկիրառվեն ապագայում։
Հասարակական խառնաշփոթ
Քաղաքացիական հասարակության դաշտը նույնպես չդիմացավ «ԱՅՈ»-ի ճնշմանը։ Հասարակական
կազմակերպությունների հատվածին չհաջողվեց փաստաթղթի պատրաստման ժամանակ ծավալել
լայն քննարկումներ, որոնք ազդեցություն կունենային առաջարկվող փոփոխությունների վրա։
Ավելին, հասարակությունը մինչեւ վերջին պահը իրազեկված չէր, տեղյակ չէր փաստաթղթին։
Սա ինչպես իշխանությունների, այնպես էլ ՀԿ-ների մեղքն է։ Հանրաքվեից մեկ ամիս առաջ
ծավալված բուռն քննարկումները, հայտարարությունները ՀԿ-ների կողմից՝ միայն դատարկ
դաշտը լցնելու մղում է, այլ ոչ թե հասարակական քննարկումների ծավալում, որոնց
ժամանակն անցել է։
Մտահոգություն է առաջացնում նաեւ այն, որ «ԱՅՈ»-ի քարոզարշավի ընթացքում ի հայտ
եկան բավականին մեծ քանակի ՀԿ-ներ, որոնք ակնհայտ քաղաքական պատվեր են կատարում։
Իշխանամետ ՀԿ-ների հատվածի համախմբումը եւ ձեւավորումը կարող է լուրջ հարված
հասցնել քաղաքացիական հասարակության զարգացմանը Հայաստանում եւ հասարակության մեջ
անվստահություն առաջացնել։ Իսկ էստրադայի աստղերի եւ ԱԼՄ-ի ադամանդների միացումը «ԱՅՈ»-ին
տեղիք է տալիս ավելի ծանր եզրակացությունների։
Դառը փորձի կրկնություն եւ ամրապնդում
«ԱՅՈ»-ի շքերթը Հայաստանի Հանրապետության տարածքում եւս մեկ անգամ ցույց է տալիս,
որ հայկական հասարակությունը դեռ շատ հեռու է իրական ժողովրդավարություն ընկալելուց։
Հասարակությունը գտնվում է քնած վիճակում, արթնանում է քվեարկությունից
քվեարկություն։ Հանրապետությունում չի հաջողվում ծավալել անընդհատ քաղաքացիական
գործընթաց։ Հասարակության լայն զանգվածները արթնանում են միայն ընտրությունների
պահին եւ մնում է միայն «Այո» կամ «Ոչ» ասել։ Իսկ այդ պահին ժողովրդին նույնպես
քնեցնում են՝ թե երգերով, թե ասուլիսներով եւ թե հեռուստածրագրերով։ Սա ցույց
տվեցին 2003 թվականի ընտրություները, իսկ «ԱՅՈ»- ի քարոզարշավը վերջնական ախտորոշեց
հասարակության «մանկական հիվանդությունը»։ Եթե հասարակությունը շարունակի «վերեւից»
քայլել եւ ընտրել սովորել, ապա Հայաստանում ձեւավորման փուլը կարող է ձգձգվել
մինչեւ Եվրամիության փլուզումը, որից հետո պարզ չի լինի, թե ով պետք է քայլել
սովորեցնի իշխանություններին։
