ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Քաղաքականության ֆիզիկան, կամ հայկական դուալիզմ
Լինե՞լ, թե չլինե՞լ։ Այո՞, թե ո՞չ։ Այս դասական հարցերը Հայաստանի հասարակության
համար փիլիսոփայական ոլորտից տեղափոխվել են առօրեական կյանք։

Հայաստանում իշխանությունը եւ ընդդիմությունը կարծես Յանուսի երկու դեմքերն են, եւ
առանց մեկմեկու չեն կարող գոյատեւել։ Ճիշտ այնպես, ինչպես մագնիսի դրական եւ
բացասական բեւեռները, որոնք առանց մեկմեկու ուղղակի չեն կարող գոյություն ունենալ։
Այսօր դժվար է պատկերացնել հայաստանյան իշխանությունները առանց ընդդիմության։
Ընդդիմադիր ուժերն այնքան բովանդակազուրկ են դարձել, որ վերածվել են
իշխանությունների ստվերի, որը դրական (իշխանությունների տեսանկյունից) դեր է
կատարում քաղաքական գործընթացներում։ Ցանկացած իշխանություն կերազեր ունենալ
անիմաստ անիմաստ, անբովանդակ եւ միաժամանակ ագրեսիվ ընդդիմություն։ Հայաստանում այդ
երազանքը դառավ իրականություն։ Կարելի է միայն երեւակայել, թե ինչպիսի սեւ նախանձով
է լցված Իլհամ Ալիեւը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ։ Ունենալ նման ընդդիմություն շատ
ավելի հարմար է եւ անվտանգ, քան այն չունենալ ընդհանրապես։
Ընդդիմությունը նույնպես չի կարող գոյատեւել առանց նման իշխանության։ Ռոբերտ
Քոչարյանը ընդդիմության միավորման միակ «գաղափարն» ու միակ «բովանդակությունն» է։
Դժվար է պատկերացնել այսօրվա ընդդիմադիր ուժերին առանց Քոչարյանի։ Ընդդիմությունը
անմիջապես կփոշիանար։ Հասարակությունը հայտնվել է քաղաքական դուալիստական դաշտի
տրամաբանության մեջ եւ չի կարողանում այլեւս դրա միջից դուրս գալ։
Այս ֆիզիկաքաղաքական դուալիզմի ամենավառ խորհրդանիշը Օպերայի շենքի շուրջը կատարվող
տրագիկոմեդիան էր, որը տեղի ունեցավ նոյեմբերի 25-ին։ Շենքի մի կողմից տեղի էր
ունենում ուրախ եւ զվարթ, լավատեսությամբ լի «ԱՅՈ»-ի քարոզարշավ համերգը, որին
հետեւում էին մոտ 30 հանդիսականներ։ Բավականին զավեշտական տեսարան էր, ինչը չէր
անդրադառնում արվեստագետների եռանդին։ Լավատեսություն կար, բայց այն շատ ներքին էր,
անհասկանալի հասարակ մարդու համար։
Օպերայի հակառակ կողմում՝ Արամ Խաչատուրյանի ծանր հայացքի ներքո, ընթանում էր
ընդդիմության «ՈՉ»-ի ցույցը։ Այստեղ մասնակիցները ավելի շատ էին՝ մոտ հազար մարդ՝
ներառյալ լրագրողներին։ Հնչում էին տագնապալից եւ հոռետեսական ելույթներ։ Սա ոչ
պակաս զավեշտալի տեսարան էր։ Օպերան այդ օրը վերածվել էր Հայաստանի քաղաքական եւ
հասարակական կյանքի խորհրդանշի։ Մի կողմից «ԱՅՈ»-ն էր, մյուս« «ՈՉ»-ը։ Մի կողմից
լավատեսական նոտաներն էին իշխում, մյուս կողմից՝ հոռետեսական։ Սակայն երկու
բեւեռներն էլ միանման անբովանդակ ու աննպատակ էին կամ ավելի ճիշտ՝ ինքնանպատակ։
Անհեթեթությունը կայանում էր նրանում, որ իշխանությունները ասում են «ԱՅՈ» համարյա
թե ամեն ինչին, ինչ վերաբերում է իրենց անմիջական կարգավիճակին։ Ընդդիմությունը
հակառակը՝ նույն պարագայում ամեն ինչին ասում է «ՈՉ»։ Երկու կողմն էլ զերց են մնում
մտային աշխատանքինց, չեն ցանկանում որեւէ տրամաբանական կարծիք առաջարկել
հասարակությանը։ Արդյունքում ժողովուրդը ունի ոչ թե մտածելու, այլ միայն ընտրելու
իրավունք` «ԱՅՈ» կամ «ՈՉ»։ Չնայած, այդ իրավունքն էլ չունի՝ ընտրությունները
միեւնույն է կեղծվում են։ Իրավունքի մասին ընդհանրապես խոսակցություն չի գնում։
Ընդդիմությունը եւ իշխանությունը, ամբողջովին կլանված իրենց դուալիզմով, մոռացել են
այս գաղափարի մասին։ Եթե դա իշխանություններին առհասարակ (ոչ միայն Հայաստանի) սա
բնորոշ է, ապա ընդդիմության պարագայում առաջին հայացքից դա բավականին տարօրինակ է
թվում։ Սակայն հաշվի առնելով այն, որ Հայաստանի ընդդիմությունը Ռոբերտ Քոչարյանի եւ
կոմպանիայի միայն ստվերն է, ապա հասկանալի է դառնում, որ ոչ մի արտարոց բան էլ չի
կատարվում։
Հայաստանում քաղաքականությունը ամբողջովին դուրս է մղվել մտավոր ոլորտից ու վերածել
երկու մագնիսական բեվեռների ուղղակի ֆիզիկական պայքարի՝ բրթբրթոցի, որտեղ պետք չէ
որոնել որեւէ իմաստ։ Գոյություն ունի միայն նպատակ։ Բեվեռները չեն գիտակցում, որ
մեկի հաղթանակը եւ հակառակորդի ոչնչացումը կհանգեցնի սեփական ոչնչացմանը։
Ընդդիմությունը կորցնելով Ռոբերտ Քոչարյանին՝ անմիջապես կզրկվի իմաստի վերջին
կաթիլից, իսկ իշխանությունը կարող է զրկվել քվազի-ընդդիմությունից եւ դատարկ
քաղաքական դաշտը կծնի իրական վտանգներ։ Դրան կնախորդի կոալիցիայի փլուզումը, որի
անիմաստ եւ անբովանդակ էությունը պայմանավորված է զուտ նման ընդդիմության
գոյությամբ։
