ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ղարաբաղյան հարցը եւ մարդու իրավունքները Հայաստանում
Մինսկի խմբի համանախագահները հայտարարում են, որ ղարաբաղյան հակամարտությունը իր լուծումը պետք է գտնի 2006 թվականին։ Երեւանում եւ Բաքվում նույնպես հնչում են նման հայտարարություններ։ Հասկանալի է, որ նման հնարավորություն մոտ ապագայում այլեւս չի լինի։ 2007 -ին Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ։ Իսկ 2008 թվականը ավելի թեժ կլինի, քանի որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում կկայանան նախագահի ընտրություններ։ Միայն այն փաստը, որ Հայաստանը պետք է ընտրի երկրի նոր ղեկավար, արդեն իսկ կարող է բանակցային գործընթացը վերադարձնել ելակետային վիճակի։ 2008 թվականը անկանխատեսելի է: Չի բացառվում, որ 2008-ին Հայաստանում եւ Ադրբեջանում քաղաքական ասպարեզում կարեւոր դերակատարություն ստանձնեն ծայրահեղական ազգայնական ուժերը։ Իսկ այդ փաստը նոր պատերազմի հնարավորությունը դարձնում է խիստ հավանական։

Ակնհայտ է, որ միջազգային հանրությանը ի դեմս Միացյալ Նահանգների եւ Եվրամիության չեն ցանկանում եւ չեն կարող թույ տալ, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մնա որպես տարածաշրջանի հավերժական Գորդիան հանգույց։ Այս ամենից հասկանալի է դառնում, որ Արեւմուտքին անհրաժեշտ է ղարաբաղյան հարցը լուծել 2006-ի ընթացքում։ Պարզ է, որ ստեղծված իրավիճակում Երեւանի եւ Բաքվի վրա գործադրվող ճնշումները գնալով ուժգնանալու են։
Արդենիսկ կարելի է նկատել այս ճնշման հետեւանքները։ Հայաստանի քաղաքական գործիչներից շատերը բացահայտորեն պաշտպանում են անվտանգության գոտուց հայկական զորքերի դուրս բերման գաղափարը եւ այդ տարածքները Ադրբեջանին վերադարձման ծրագրերը։ Զարմանալի է, որ այս ծրագրերին կողմ են անգամ Դաշնակցության ներկայացուցիչները։ Գուցե, գոնե արտաքուստ, միայն Հանրապետական կուսակցութան եւ նրան հարող շրջանակներն են դեռեւս դիմադրում այս ծրագրերին։
Արտաքին ճնշման վերջին եւ ամենացայտուն օրինակներից է վերածնունդ ապրող քաղաքական գործիչ, Լեռնային Ղարաբաղի բանակի նախկին ղեկավար Սամվել Բաբայանի`իր կողմից ստեղծված □Դաշինք□ կուսակցության առաջին համագումարի ժամանակ ունեցած ելույթը։ Բաբայանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի լուծման իր տարբերակը։ Այդ տարբերակի չորս կետերից մեկը հենց անվտանգության գոտու հանձնումն է Ադրբեջանին։ Բավականին տարօրինակ է լսել նման առաջարկ մի մարդուց, ով եղել է պատերազմի մասնակից, հրամանատար եւ լավ հասկանում է, որ անվտանգության գոտու հանձնումը լրջորեն կվտանգի Լեռնային Ղարաբաղի գոյությունը։
Նման տեսակետների արտահայտումը կարող է նշանակել միայն մեկ բան, այն է, որ Հայաստանի իշխանությունները հայտնվել են իրոք ծանր վիճակում, եւ չեն կարողանում այլեւս դիմակայել Արեւմուտքի ճնշմանը եւ անցել են հասարակական կարծիքի ձեւավորման նոր, ակտիվ փուլի։
Սակայն պարզ է, որ հասարակությանը` ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում, շատ դժվար կլինի հրամցնել անվտանգության գոտու հանձնման գաղափարը, առավելեւս ադրբեջանական կողմի չդադարող ռազմատենչ եւ հակահայկական հայտարարությունների եւ գործողությունների ֆոնի ներքո։ Օրերս Նախիջեւանում ադրբեջանական զինվորականների կողմից խաչքարների բարբարոսական ոչնչացումը նման գործողությունների վառ օրինակն է։
Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծումը, ինչը միջնորդների ամեն գնով ցանկանում են իրականացնել 2006-ին, միանշանակ ունենալու է խիստ խոցելի քայլեր, որոնք չեն ընդունվի հայկական հասարակության կողմից։ Բանակցությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանը չունի մանյովրելու լայն հնարավորություններ, քանի որ չունի հասարակության վստահության քվե։ 2003 թվականի խայտառակ ընտրություններից, 2004 թվականի գարնանը տեղի ունեցած բռնություներից հետո նախագահը աստիճանաբար կորցրեց հասարակության աջակցությունը։ Հայաստանում մարդու իրավունքների զանգվածային խախտումները, որոնք արդեն համակարգային բնույթ են կրում, հասարակության եւ իշխանության միջեւ խորը անդունդ են ստեղծել։ Սահմանադրական հանրաքվեն եւ դրա շուրջը ծավալված տրագիկոմեդիան այս պառակտման վերջին ակորդն էր։
Ռոբերտ Քոչարյանը, իր թիկունքում չունենալով հասարակական վստահություն, չի կարողանա դիմադրել արտաքին ճնշմանը եւ ստիպված կլինի գնալ ծանր զիճումների։ Իսկ դրանց հետեւանքը պառակտված երկրում կանխատեսելի է։ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք մենք նման փորձ ունեցել ենք:
Փոխադարձ անվստահության մթնոլորտում, երբ հասարակությունը տրոհված է, իսկ արժեքները քայքայված, նման իրադարձությունների զարգացման դեպքում կարող են ծնվել քաղաքական հրեշներ ։ Եւ բացառված չէ, որ ամեն ինչ այնքպես խաղաղ չվերջանա, ինչպես դա եղավ Տեր-Պետրոսյանի օրոք։
