Հայաստանը, ըստ Human Rights Watch-ի, մարդու իրավունքները արհամարհող երկրների թվում է

Human Rights Watch հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության 2006 թվականի
զեկույցում Հայաստանը հիշատակվում է «մարդու իրավունքներն արհամարհող» երկրների
թվում:

Ամենամյա զեկույցում նշվում է, որ թեեւ միջազգային համայնքը 2005 թվականին
շարունակեց դրական գնահատել Հայաստանի տնտեսական կատարողականը, կառավարությունը
չկարողացավ բարելավել իր ցուցանիշները մարդու իրավունքների ասպարեզում. - «2004
թվականին ընդդիմության նկատմամբ գործադրված ճնշումների արդյունքում 2005 թվականին
ավելի քիչ հանրահավաքներ եղան: Դրա հետեւանքով, կառավարության ճնշումները
ընդդիմության նկատմամբ 2005 թվականին պակաս տեսանելի էին»:

Իշխանությունները, ըստ զեկույցի հեղինակների, սահմանափակում են հավաքներ
անցկացնելու՝ մասնավորապես ընդդիմության հանրահավաքների ու ցույցերի ազատությունը.
- «2005 թվականին մի շարք դեպքերում ոչ կառավարական կազմակերպությունները եւ
քաղաքական կուսակցությունները փորձեցին հանրահավաքներ անցկացնել: Ոստիկանությունը
եւ անհայտ անձինք միջամտեցին, խլեցին ցուցապաստառները, կամ հրահրեցին
անկարգություններ»:

Human Rights Watch-ը վկայակոչում է ապրիլի 20-ին տեղի ունեցած «Նոր ժամանակներ»
կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի կազմակերպած հանդիպումը Սեւան քաղաքի
բնակիչների հետ: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նկարագրում է միջադեպը,
երբ անծանոթ մարդիկ սկսել են կռվել հանրահավաքի մասնակիցների հետ. նրանցից մեկը
կրակել ու վիրավորել է համալսարանի մի ուսանողի, որը նույնպես մասնակցում էր այդ
հավաքին:

Human Rights Watch-ը իր զեկույցում արձանագրում է նաեւ, որ ոստիկանության
կալանավայրերում մարդկանց նկատմամբ կիրառվող կտտանքներն ու նվաստացումները տարածված
երեւույթ են Հայաստանում. - «Կտտանքները սովորաբար տեղի են ունենում
նախադատավարական կալանքի ժամանակ եւ արվում են հիմնականում երրորդ կողմի դեմ
վկայություն կամ խոստովանություն կորզելու նպատակով»:

Ըստ Human Rights Watch-ի, չարաշահումները շարունակվում են նաեւ բանակում, ուր
«ամեն տարի մահացության տասնյակ կասկածելի դեպքեր են տեղի ունենում»:

Զեկույցում հիշատակվում է թուրք գիտնական Եկթան Թյուրքիլմազի ձերբակալությունը.
նշվում է, որ անվտանգության ծառայության աշխատակիցները հարցաքննել են թուրք
գիտնականին՝ վերջինիս հետազոտությունների եւ քաղաքական հայացքների առումով:
«Իշխանությունները երկու օր հնարավորություն չեն տվել թուրք գիտնականին շփվել իր
փաստաբանի հետ», - ասված է զեկույցում:

«Թեեւ հայկական լրատվական դաշտը անկախ ու ընդդիմադիր տպագիր մամուլ ունի, սակայն
«Ա1+»-ը, «Նոյյան Տապան»-ը եւ ռուսաստանյան «Էն-Տե-Վե»-ն չեն կարող հեռարձակվել,
քանի որ կառավարույթունը զրկել է նրանց արտոնագրից», - նշվում է զեկույցում:

Human Rights Watch-ի 2005 թվականի զեկույցում մի շարք քննադատական դիտողություններ
կան կառավարության հասցեին նաեւ կրոնական փոքրամասնությունների իրավունքները
սահմանափակելու համար: Նշվում է, որ «Եհովայի վկաներ»-ի 16 անդամ բանտում են, եւս
19 եհովայի վկաների դեմ հարուցված են դատական գործեր: Նրանք մեղադրվում են
զինծառայությունից խուսափելու մեջ:

«2005 թվականի մայիսին կառավարությունը դիմեց Սահմանադրական դատարան եւ
սահմանափակեց օմբուդսմենի լիազորությունները դատարաններից փաստաթղթեր ստանալու եւ
դրանց ծանոթանալու առումով: Սահմանադրական դատարանը այս որոշումն ընդունեց այն
բանից հետո, երբ հրապարակվեց օմբուդսմենի առաջին տարեկան զեկույցը, որտեղ
կառավարությունը քննադատության ենթարկվեց մարդու իրավունքների ասպարեզում», - ասված
է զեկույցում: Այնուհետեւ Human Rights Watch-ը վկայաբերում է օմբուդսմենի
գրասենյակից անվտանգության ուժերի կողմից համակարգչի առգրավման դեպքը. - «Լարիսա
Ալավերդյանը պնդում է, որ անվտանգության ծառայությունը համակարգիչն առգրավելու
իրավունք չի ունեցել»:

Հրայր Թամրազյան, Պրահա

Human Rights Watch-ի Հայաստանի զեկույցը ամբողջությամբ (անգլերեն)՝

[url=http://www.hrw.org/english/docs/2006/01/18/armeni12221.htm target=_blank]www.hrw.org/english/docs/2006/01/18/armeni12221.htm[/url]